«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի ունեցավ «ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում եւ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները» թեմայով փորձագիտական քննարկումը: Բացման խոսքում ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանը տարածաշրջանային ընթացիկ զարգացումների համատեքստում կարեւորեց թե՛ ՆԱՏՕ-ի առաքելության, թե՛ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարների քննարկումը, որի համար էլ պլանավորվել են փորձագիտական քննարկումն ու կատարված երկու հետազոտությունները:
Քննարկման առաջին բանախոսը` Քաղաքական եւ միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը, ներկայացրեց ՆԱՏՕ-ի ծավալած գործունեությունը Հարավային Կովկասում մի քանի տեսանկյուններից. առաջինը` ՆԱՏՕ-ի գործունեությունը Սառը պատերազմի շրջանում, երկրորդը` ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկաս ներթափանցելու դաշինքի փորձերը, եւ երրորդը` նրա ներկայիս հարաբերությունները Անդրկովկասի երեք հանրապետությունների հետ: Նա նշեց, որ ՆԱՏՕ-ն տարբեր մակարդակի ու խորության հարաբերություններ ունի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչն արտացոլված է այդ երկրների ու ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի ու միջոցառումների վիճակագրության մեջ:
Ենոքյանի խոսքերով` ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի երկրներից առավել սերտ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, իսկ այդ երկրի քաղաքական իսթաբլիշմենթը բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի հեռահար նպատակի մասին: Ադրբեջանն իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ առավելապես դիտարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում` հաշվի առելով այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, ապա Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման լրացուցիչ գործոն: Ենոքյանը կարծում է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հարցում որոշիչ դեր ունի Մոսկվայի դիրքորոշումը, որը մշտապես հաշվի է առնվում պաշտոնական Երեւանի կողմից:
Երկրորդ բանախոսը` Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին` Հայաստանի անվտանգության ապահովման համատեքստում: Նա իր զեկույցում երեք խոշոր հարցադրումների անդրադարձավ. առաջինը` ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների էվոլյուցիան տարիների ընթացքում` թե՛ տարբեր ծրագրերում վերջինիս ներգրավվման, թե՛ նաեւ տարիների ընթացքում երկկողմ շահագրգռությունների մեծացման առումներով, երկրորդը` գործընկերային հարաբերությունների սահմանները, եւ երրորդը` դրանց զգայունությունը վերջին տարիների տարածաշրջանային զարգացումների ու գործոնների նկատմամբ:
Սաֆարյանը համոզած է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է դիտարկել որպես Հայաստանի անվտանգության քաղաքականությունների դիվերսիֆիկացման լուրջ հեռանկարային խողովակ: Նա ընդգծեց, որ դա հատկապես կարեւոր է ինչպես միջազգային հարաբերությունների համակարգում Հայաստանի դերակատարումն ու կշիռն ավելացնելու, այնպես էլ որեւէ ինտեգրացիոն միավորումից միակողմանի կախվածությունից խուսափելու տեսանկյունից: Քաղաքագետը նաեւ նշեց, որ վերջին տարիներին Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում լուրջ տեղաշարժեր են նկատվում, որը գնահատման եւ արժեւորման կարիք ունի:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանը, գտնվելով անվտանգության մեկ այլ համակարգում` ՀԱՊԿ-ում, այդուհանդերձ դինամիկ զարգացող հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ: Անգամ այդ պայմաններում, նրա կարծիքով, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները խորացնելու բոլոր նախադրյալներն առկա են` բազում խնդիրներում շահերի ընդհանրությունը (տարածաշրջանային խաղաղության ամրապնդում, հակամարտությունների խաղաղ կարգավորում առկա միջազգային ձեւաչափերում, Հայաստանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի բարեփոխում), այդ հարաբերությունների դիմադրողականությունը տարբեր մարտահրավերներին (Թուրքիայի, Ռուսաստանի վարած քաղաքականություններ), եւ վերջապես` հարաբերությունները խորացնելու զգալի մեծ հորիզոնը:
Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների բարելավումից հետո Հայաստանի առջեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու նոր հնարավորություններ են բացվում: Նրա կարծիքով` անհրաժեշտաբար պետք է լինեն հասարակական-քաղաքական սուբյեկտներ, որոնք կխորացնեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները` գիտակցելով, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն ռազմա-քաղաքական, այլ նաեւ արժեքների դաշինք է: Մեհրաբյանը տեսակետ հայտնեց, որ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների առավել սերտացմանը խոչընդոտում է Ռուսաստանը:
ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Թեվան Պողոսյանը, իր հերթին ամփոփելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների պատմությունն ու վերլուծելով ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում, համակարծիք չէ, թե դաշինքի հետ հարաբերություններում Հայաստանը հետնապահ է: Նա նկատեց, որ Հայաստանն ավելի սերտ համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ քան Ադրբեջանը: Ըստ Պողոսյանի` Հայաստանը Հարավային Կովկասի երկրներից միակն է, որ մասնակցում է ՆԱՏՕ-ի երկու խաղաղապահ առաքելություններին`Կոսովոյում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ` ՆԱՏՕ-ի հետ ունեցած ծրագրերով Հայաստանը գրեթե չի զիջում Վրաստանին եւ Ադրբեջանին, իսկ որոշ դեպքերում անգամ գերազանցում է նրանց: ԱԺ պատգամավորը նաեւ ընդգծեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն պաշտպանության ոլորտում համագործակցությամբ, այլ նաեւ կարեւոր ծրագրեր են իրականացվում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ Ոստիկանության հետ:
«Համաձայնություն» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը նույնպես համակարծիք է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունի, քան Ադրբեջանը: Նա նշեց, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ վերջին տարիներին տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կտրականապես սրել են այդ երկրի հարաբերությունները Արեւմուտքի հետ, ուստի մոտ ապագայում դժվար թե բարելավվեն Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները: Շահնազարյանի կանխատեսմամբ` ապագայում դրանց վատթարացումը միանգամայն հնարավոր հեռանկար է: Միաժամանակ նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Թուրքիան վերջերս Անթալիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարների կոմիտեի հանդիպմանը հայտարարել է, թե ցանկանում է բարձրացնել իր պատասխանատվությունը ՆԱՏՕ-ում:
«Ալյանս հանուն ժողովրդավարության» կազմակերպության ներկայացուցիչ, քաղաքական մեկնաբան Գեւորգ Մելիքյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը, գտնվելով անվտանգության մի համակարգում, ՆԱՏՕ-ի հետ շատ ավելի խոր հարաբերություններ ունենալու հարցում կաշկանդված է, քանի որ դրան դեմ է Ռուսաստանը: Ըստ այդմ, նա այնքան էլ լավատես չէ, թե Հայաստանի համար առկա է անվտանգության քաղաքականությունները դիվերսիֆիկացնելու մեծ հնարավորություն:
Բուռն քննարկում ծավալվեց հատկապես Իրան-Արեւմուտք հարաբերությունների բարելավման վերաբերյալ, մասնավորապես այն հարցի շուրջ, թե ինչպես դա կազդի տարածաշրջանի վրա եւ ինչ հնարավորություններ կբացի Հայաստանի անվտանգության քաղաքականությունների դիվերսիֆիկացման համար` այն տեսանկյունից, որ ՆԱՏՕ-ն եւ Իրանը բազում ընդհանուր շահեր ունեն Աֆղանստանում ու Մերձավոր Արեւելքում, որոնք նախկինում` Իրանի մեկուսացման ժամանակաշրջանում, հիմք չէին հանդիսանում ընդհանուր քաղաքականության համար: Այս խորապատկերին չշրջանցվեցին նաեւ այդպիսի հեռանկարին Ռուսաստանի ու Թուրքիայի հնարավոր վերաբերմունքի հարցերը:
Ընդհանուր առմամբ, մասնակիցները համակարծիք են, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համար մեծագույն ռիսկերից մեկը կարող է լինել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնումը, երբ, օրինակ, Վրաստանին առաջարկվի անդամության գործողությունների ծրագիր: Մնացած այլ զարգացումները, ինչպես ցույց է տվել անցյալը, չհաշված իրավիճակային ու ժամանակավոր բարդություններին (2008թ. ռուս-վրացական պատերազմ, Հայաստանի անդամակցություն ԵՏՄ-ին)` Հայաստանին ու ՆԱՏՕ-ին չեն կաշկանդել հարաբերությունները խորացնելու առումով:
Քննարկման մասնակիցները միակարծիք են նաեւ, որ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում, հետեւաբար երկու կողմերն էլ ոչ միայն պետք է ճիշտ օգտագործեն առկա հնարավորությունները, այլ նաեւ առավելագույնն ստանան գործընկերության ու համագործակցության այն դաշտում, որն առկա է, այն է` Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիր 2014-2016-ից:
Քննարկմանը մասնակցում էին նաեւ «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ԱԺ պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը, ԱՄՆ Ջոն Հոփքինսի ինստիտուտի եւ «Քաղաքականության ֆորում Հայաստան» կենտրոնի ասոցացված փորձագետ Էդուարդ Աբրահամյանը, ՄԱՀՀԻ փորձագետներ Արմեն Վարդանյանն ու Սուզաննա Բարսեղյանը, ՀՀ-ում Գերմանիայի ու ԱՄՆ դեսպանությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ լրագրողներ: