2015 թվականի հուլիսի 24-ին «Լիարժեք կյանք» ՀԿ–ի մարզաճամբարային բազայում/ հասցե` ք.Ստեփանավան. Միքայելյան 111/1/ Ամառային ներառական ճամբարի աշխատակազմը դիմավորեց ճամբարական առաջին հերթափոխին: 6-րդ տարին է` «Լիարժեք կյանք» ԲՀԿ-ը նախաձեռնում է ներառական ճամբարներ` 10-16 տարեկան հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: «Ամառային ներառական ճամբար 2015 »-ը գործելու է 4 հերթափոխով` յուրաքանչյուրը` 7 օր տևողությամբ (հուլիսի 24-օգոստոսի 20-ը): Ճամբարականները ՀՀ տարբեր քաղաքներից են` շուրջ 200 երեխաներ, որոնցից 100-ից ավելին` հաշմանդամություն ունեցող, մնացյալը` սոցիալապես անապահով ընտանիքներից:
Ճամբարում երեխաները ակտիվ հանգիստը համատեղում են կիրառական հմտությունների ձեռքբերման հետ. դիտում են ֆիլմեր, խաղեր խաղում, ծանոթանում առողջ ապրելակերպին, խաղում բոչիա /boccia/, մասնակցում արվեստի թերապիայի /նկարչություն, փայտի գեղարվեստական փորագրում, կավագործություն, պար/ դասերի և հոգեբանական զրույցների:
«Ամառային ներառական ճամբար – 2015» – ը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ և Լիտվայի դեսպանատների, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, “Վալեքս” խմբի, Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի, ինչպես նաև ՄԱԿ Պարենի ծրագրի աջակցության շնորհիվ։ Այն ներառում է սննդի, մասնագետների վճարման, խաղերի, կրթական պարագաների ձեռքբերման և այլ ծախսեր:
Ճամբարի բացմանը «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը, ողջունելով բոլորին, կարևորեց ներառական ճամբարների կազմակերպումը մասնավորապես նշելով. «Յուրաքանչյուր ամառ հազարավոր երեխաներ ամառային հանգիստ են առնում Հայաստանի ճամբարներում։ Ցավոք, հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը զրկված են այդ հնարավորությունից՝ ներառականության սկզբունքի բացակայության պատճառով։ Արդեն 6-րդ տարին է՝ «Լիարժեք կյանք» ՀԿ մարզաճամբարային բազայում գործում է ներառական ճամբարը, ուր միասին հանգստանում են հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներ։ Շատ կարևոր է, որ քաղաքականություն մշակողներն ու որոշում կայացնողները մշտական ուշադրության կենտրոնում պահեն բոլոր երեխաների՝ ամառային հանգիստ ունենալու իրավունքը՝ առանց խտրականության։»