Սերժ Սարգսյանի իշխանությունն առնվազն տասը տարով վերարտադրվելու վճռական հայտ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարվա ավարտին առնվազն տասը տարով վերարտադրվելու վճռական հայտ է ներկայացնելու: Ըստ էության, իշխանությունը խախտեց նույնիսկ իր գրավոր խոստումը եւ սահմանադրական փոփոխությունների փոխարեն հրապարակեց լիովին նոր նախագիծ, որը ոչ այլ կերպ, քան նոր Սահմանադրություն հնարավոր չէ չանվանել:

Ըստ այդմ, Հայաստանում աշնանը տեղի է ունենալու ամբողջովին նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, որը նշանակալիորեն տարբերվում է 2005թ. փոփոխություններից: Եթե առաջին դեպքում գործող համակարգի սահմանադրական մեխանիզմները փաստացիորեն լրամշակվում էին, այսինքն՝ լիովին տեղավորվում «սահմանադրական փոփոխություններ» եզրույթի ներքո, ապա այս պարագայում ընդունվում է նախադեպը չունեցող մի վիճարկելի ու ինքնանպատակ կառավարման համակարգ:

Հիշեցնենք, որ, ըստ էության, 2005թ. սահմանադրական փոփոխությունները արվում էին Ռոբերտ Քոչարյանին նախագահության ժամկետի ավարտից հետո ուժեղ վարչապետի պաշտոնում գործելու հնարավորություն ընձեռելու նպատակադրությամբ: Սակայն 2008թ. նախագահական ընտրություններում Քոչարյանը չափն անցավ, եւ «որքան վատ, այնքան լավ» իր բանաձեւը բումերանգի էֆեկտով հարվածեց հենց իրեն:

Մարտի 1-ի սպանդը լիովին փակեց Քոչարյանի՝ այդքան սպասելի ու լիովին հավանական վերադարձը իշխանության ղեկին: Անշուշտ, Սերժ Սարգսյանն էլ քիչ ջանք չգործադրեց Քոչարյանի վերադարձը կանխելու ուղղությամբ, ինչը նախ եւ առաջ պայմանավորված էր ուժային կառույցների ամբողջական վերահսկողության հանգամանքով: Ուշագրավ է, որ Քոչարյանը սահմանադրական փոփոխություններ կատարեց իր իշխանավարության ավարտից 3 տարի առաջ, ինչպես այսօր փորձում է վարվել Սարգսյանը: Բացի ժամանակային համընկնումից՝ երկուսի աջակիցներն էլ հրապարակայնորեն ամեն առիթով հերքում էին (են) առաջնորդի վերարտադրվելու ցանկությունը:

Քոչարյանի վերարտադրության ցանկության մասին գոյություն ունի դիվանագիտական համապատասխան փաստաթուղթ՝ հեղինակված ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի կողմից 2008թ. փետրվարին, որը հղում էր անում այնժամ Քոչարյանի անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի՝ մի քանի ամիս առաջ ամերիկացիների հետ հանդիպման ժամանակ հայտնած տեղեկությանը, ըստ որի՝ Քոչարյանը մինչեւ ԲՀԿ-ի 2007թ. խորհրդարանական ընտրություններում կրած անհաջողությունը լրջորեն մտածում էր վարչապետության մասին: Նույն զեկուցագրում անգամ ՀՅԴ-ական Կիրո Մանոյանն էր հայտնում համոզվածությունը, որ Քոչարյանը վարչապետ է դառնալու:

Ցավոք, ներկայիս ամերիկյան դիվանագիտական նամակագրությունը հասանելի չէ հանրությանը, որպեսզի տեղեկանանք, թե կոնկրետ ինչի հետ է կապում իր վերարտադրվելու շանսերը Սարժ Սարգսյանը: Այդուհանդերձ, սահմանադրական վերոնշյալ նախագծին մակերեսային ծանոթությունն անգամ թույլ է տալիս հիմնավոր պատկերացում կազմել 2018թ. հետո Սերժ Սարգսյանի անձնական ծրագրերի մասին:

Սահմանադրության նոր նախագծի մասին արդեն իսկ շատ է խոսվել: Առայժմ զերծ մնալով դրա բովանդակության հիմնարար քննարկումից՝ արձանագրենք, որ այն ամենեւին չի համապատասխանում սահմանադրական փոփոխությունները իրականացնող հանձնաժողովի մշակած «Հայեցակարգի» սկզբունքներին: Այս փաստաթղթում հեղինակները հավաստիացնում էին, որ հստակ երաշխիքներ են ստեղծվելու, որպեսզի իրականություն դառնա գործող Սահմանադրության 2-րդ հոդվածը, այն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների միջոցով:

Այժմ նոր Սահմանադրության մեջ որեւէ երաշխիք գոյություն չունի, որ ապահովի ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, ինչը ներկայիս Հայաստանի միակ ու ամենահրատապ հիմնահարցն է: Մինչդեռ ազատ ու արդար ընտրությունների միջոցով է որոշվում իշխանության լեգիտիմության աստիճանը, որին էլ ածանցվում են Հայաստանում օրենքի կիրառության մասշտաբները, ինչպես պնդում էր իշխանության հրապարակած «Հայեցակարգը»: Դե ֆակտո, սահմանադրության նախագծի մշակման պահին իշխանությունը հապճեպորեն հրաժարվեց իր իսկ հրապարակած «Հայեցակարգի» դրույթներից:

Հիշեցնենք, որ դեռեւս մարտին Սերժ Սարգսյանը «մտահոգություններ» էր արտահայտել «Հայեցակարգի» ու դրանով նախատեսվելիք նոր սահմանադրակարգի մի շարք առանձնահատկությունների հետ կապված: Այսօր, եթե հրապարակված նախագիծը արժանանա Սարգսյանի հավանությանը, կարելի է ենթադրել, որ նրան մտահոգել էր լոկ լեգիտիմության դեֆիցիտի ակնարկը եւ ուրիշ ոչինչ: Այլապես տարօրինակ է հանձնաժողովի կեցվածքը, որ փոխանակ զարգացներ լեգիտիմության մասին իր կողմից հայեցակարգային դարձած դրույթը, այն խորապես թաղել է մանվածապատ ու աղճատված այս նոր նախագծում: Ստացվում է, որ Սարգսյանը, իր իսկ ստեղծած հանձնաժողովին սեփական «մտահոգությունների» մասին հայտնելով, ուղղակիորեն հասկացրել է էլ ավելի հակաժողովրդավարական ու հակապետական կառավարման համակարգ նախագծելու անհրաժեշտության մասին:

Ամփոփելով հարկ է հստակեցնել, որ իշխանությունն այս պահի դրությամբ խախտել է իր իսկ տված երկու կարեւորագույն խոստումները: Արդ, Հայաստանում այսօր տեղի են ունենում ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ բացարձակապես նոր Սահմանադրության ընդունում, ինչը լիովին նոր իրավիճակ է ստեղծում ներքաղաքական կյանքում: Ավելին՝ հրապարակված նոր նախագծում ականատեսն ենք «Հայեցակարգի» համեմատությամբ հսկայական նահանջի, որտեղ ոչ միայն ապահովված չէ արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու երաշխիքը, այլեւ պետական իշխանության բարձրագույն մարմինների ընտրությունները վերածված են բառի իսկական իմաստով՝ ծածկադմբոցի:

Այս երկու խիստ խորհրդանշական խաբեությունը աչքի առաջ ունենալով՝ հնարավոր է արդյո՞ք հավատալ Սարգսյանի՝ վարչապետ կամ ԱԺ նախագահ դառնալու հավակնություն չունենալու մասին թմբկահարվող հայտարարություններին:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս