ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԿՐԻ ԹԻՎ ՄԵԿ ԽՈՉԸՆԴՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009թ. փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը ԱՄՆ-ի Պետդեպին ուղարկած զեկուցագրում նկարագրում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ու քաղաքական իրադրությունը: Հեղինակը քննարկում է Հայաստանում ներդրումների նպատակահարմարության հանգամանքը՝ պնդելով, որ Կառավարության՝ թափանցիկ գործունեության մասին խոստումները գործնականում իրականություն չեն դառնում: Յովանովիչը շեշտում է, որ տնտեսական մրցակցությունը Հայաստանում խեղդվում է մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների կողմից: Դեսպանը նաեւ նկատում է, որ Հայաստանում կոռուպցիան ծաղկում է ապրում, որին աջակցում է պետության բարձրագույն ղեկավարությունը:

Այսպես՝ դիվանագետը նախ եւ առաջ արձանագրում է, որ մինչ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես հրավիրում է արտասահմանյան ներդրողներին Հայաստան, եւ երկիրը բարձր դիրքեր է ստանում որոշ համաշխարհային վիճակագիրների կողմից, ներդրումային կլիման Հայաստանում իրականում ենթակա է բազում կարեւոր սպառնալիքների: Այդ համատեքստում զեկուցագիրը ավելացնում է, որ Հայաստանի առաջ ծառացած բոլոր կարեւոր խոչընդոտները գերազանցապես վերաբերում են կոռուպցիային: Նրա մատուցմամբ՝ Հայաստանի ունեցվածքը հանդիսացող ակտիվների մեծագույն մասի սեփականացումը տեղի չի ունեցել մրցակցային կամ թափանցիկ եղանակով եւ քաղաքական որոշումները մեծ մասամբ խաթարել են Հայաստանի պարտավորությունները մաքուր տենդեր անցկացնելու հարցում: Ավելին՝ Հայաստանում ներդրումներ անելու համար բաց թվացող օրենսդրությունը ստվերվում է անարդար աճուրդներով եւ հովանավորչությամբ: Դեսպանը հղում անելով իր ստացած տեղեկություններին՝ հավելում է, որ հնչեցված մի քանի դեպքերը՝ փաստացի չարաշահումները կոնկրետ ներդրողների կողմից, պարզ ծածկադմբոցի են վերածվել Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ: Հենց այսպիսի գործելակերպն է դիվանագետը համարում պետության տապալումը արդար հետաքննություն ապահովելու գործում: Արդյունքում արդարադատության բացակայությունը պարզապես քայքայել է պետության երաշխավորության դերակատարությունը հավասար վերաբերմունքի ու թափանցիկության հարթակներում: Ակնհայտորեն ամերիկացի դիվանագետը լիովին տեղեկացված է Հայաստանում տիրող մթնոլորտից եւ իր զեկուցագրում մերկացնում է իշխանությունների իրական գործունեությունը: Յովանովիչը փաստացիորեն ամբողջովին ընկալում էր Հայաստանում հաստատված արատավոր համակարգի տրամաբանությունը եւ հավանաբար մտքում մշտապես ծիծաղում էր իր առաջ սեթեւեթող ու բարեփոխումներ խոստացող պաշտոնյաների վրա:
Հեղինակը ավելացնում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության թափանցիկության մասին կարելի է վերապահումներով խոսել: Ըստ նրա՝ գործարարների խիստ փոքր խումբը տիրապետում է բազմաթիվ բնագավառներին ու ճնշում է մրցակցությունը երկրում: Գործարարության ոլորտում տիրող վիճակը, նրա կարծիքով, ավելի է բարդանում հատկապես անհամաչափ հարկման ու մաքսային վճարների շնորհիվ: Այդ գործոններն էլ առաջնահերթորեն ազդում են առեւտրի ոլորտի վրա, որտեղ արդար մրցակցությունը վերանում է մանր ու միջին բիզնեսի ու շուկա մտնել փորձող գործարարների համար: Այսօրինակ զեկուցագրով հօդս են ցնդում իշխանությունների՝ ներդրումները խրախուսող ու արդար մրցակցություն խոստացող ելույթները, քանզի հազիվ թե սեփական դիվանագետի նման մեկնաբանությունից հետո որեւէ Կառավարություն խորհուրդ տա իր երկրի գործարարին Հայաստանում ներդրումներ կատարել:
Ներկայացնելով քաղաքական իրադրությունը՝ դեսպանը հայտնում է, որ Հայաստանում 2008թ. վիճելի նախագահական ընտրություններին հաջորդել էին 10-օրյա խաղաղ նստացույցեր, որոնք ընդհատվել էին միայն Կառավարության բռնության շնորհիվ՝ հանգելով արտակարգ դրության ու 10 քաղաքացու մահվան: ԱՄՆ դեսպանը այս գրառմամբ հստակորեն ցույց է տալիս, որ ուղղակի չի հավատում ՀՀ իշխանությունների այն պնդումներին, թե իբր ընդդիմության ցույցերը խաղաղ չեն եղել: Իսկ, ահա, քաղբանտարկյալների հարցին անդրադառնալիս Յովանովիչը հայտնում է, որ նրանք գերազանցապես ձերբակալված են կասկածելի արդարադատության հիման վրա: Նա հավելում է, որ Կառավարությունն իր բոլոր լծակներն օգտագործել է՝ վրեժխնդիր լինելու համար այն ընդդիմադիր գործարարներից որոնք աջակցել են ընդդիմությանը: Այսպիսի ձեւակերպումները պարզապես վիրավորանք կլինեին ժողովրդի քվեն իրականում ստացած իշխանության համար, մինչդեռ ՀՀ ղեկավարությունը մազաչափ անգամ չի մտահոգվում, քանի դեռ սպառնալիք չկա իրենց ունեցվածքին:
Ամփոփելով Յովանովիչը արձանագրում է, որ Հայաստանում ամերիկյան ներդրումների համար կարեւոր խոչընդոտը շարունակում է մնալ կոռուպցիան: Նրա պնդմամբ՝ Հայաստանի Կառավարությունը բազմաթիվ հակակոռուպցիոն օրենքներ է ընդունել, ռազմավարություն մշակել, տարատեսակ խորհուրդներ ու այլ մարմիններ ձեւավորել՝ այդ չարիքի դեմ պայքարելու համար, սակայն կոռուպցիան շարունակում է խնդիր մնալ այնպիսի ոլորտներում ինչպես դատական, հարկային ու մաքսային, առողջապահության, կրթության ու իրավական դաշտերն են: Դեսպանը քաջատեղյակ է, որ մանր կոռուպցիան էլ իր հերթին է լայնամասշտաբ բնույթ կրում հասարակության ստորին օղակներում: Բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների եւ մասնավոր բիզնեսի միջեւ կապն ու համագործակցությունը երկու կողմի համար էլ ֆինանսական օգուտներ են ապահովում: Դիվանագետը գիտի, որ պետական բոլոր ոլորտների ուժեղ պաշտոնյաները տիրապետում են տնտեսական ակտիվների ու անուղղակիորեն կառավարում են իրենց մասնավոր բիզնեսը: Այս ամենից էլ զեկուցագիրը բխեցնում է, որ նման պայմաններում խրախուսվում են մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները՝ հանդիսանալով մրցակցության խոչընդոտ ու քայքայելով Կառավարության իմիջը: Սակայն հազիվ թե Հայաստանի իշխանությունը մտածի իր իմիջի մասին այն դեպքում, երբ խոսք է գնում տնտեսական օգուտներ քաղելու եւ ունեցվածքը բազմապատկելու մասին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ՈՒ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ԼԱՐՎԱԾ ԵՆ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արագածոտնի մարզի Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանի ու դպրոցի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանի հարաբերությունները լարված են: Բանն այն է, որ ամիսներ առաջ նրանց միջեւ վիճաբանություն է եղել, ինչի արդյունքում գյուղապետը ծեծել է դպրոցի ուսուցչին: Այս ամենից հետո երկուսն էլ հայտնվել են դատարանում:

Նշենք, որ Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանը վերջին մի քանի տարիներին հասցրել է երկու անգամ հայտնվել դատարանում: Նա ամիսներ առաջ գյուղի դպրոցի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանին ծեծի էր ենթարկել: Այս ամենի հետեւանքով ոչ միայն գյուղապետը, այլեւ դպրոցի տնօրենը ընկել էին դատական քաշքշուկների մեջ: Իսկ իրականում այսպես է տեղի ունեցել. ըստ քրեական գործի նյութերի՝ գյուղապետ Զաքարյանը, ով նաեւ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, ուսուցչանոց մտնելիս նկատել է, թե ինչպես է տնօրեն Ալբերտ Ստեփանյանը «փռված ձեւով նստած» եւ նրան հորդորել է փոխել նստելաձեւը: Ստեփանյանը պատասխանել է. «Դու չէ, որ պետք է ասես ոնց նստեմ»: Եւ հենց այս արտահայտությունն էլ դարձել է դպրոցի տնօրենի եւ գյուղապետի կռվի պատճառը:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու կողմին էլ մեղավոր է ճանաչել եւ 100 հազարական դրամի չափով տուգանել է: Ուշագրավն այն է, որ գյուղապետի կինը, ով այս ընթացքում դպրոցում աշխատում էր որպես տնօրեն, մարզպետի հրամանով անհասկանալի պատճառաբանությամբ ազատվեց աշխատանքից: Եւ տեւական ժամանակ դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր էր: Բացի այս՝ գյուղապետը, ով դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր աշխատում, նույնպես ազատվել է աշխատանքից:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակվել է նույն ինքը՝ Ալբերտ Ստեփանյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Ալբերտ Ստեփանյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինքն ինչ կապ ունի գյուղապետի եւ նրա կնոջ՝ դպրոցից ազատման հետ: Հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ես գլուխս կախ աշխատում եմ, իսկ այն, ինչ եղել է, արդեն անցել, գնացել է: Հիմա կարիք չկա հինը նորից վերականգնելու: Գյուղապետն այլեւս դպրոցում չի աշխատում, իսկ նրա կինը՝ այո: Նա վերջին դեպքերից հետո է ազատվել աշխատանքից»: Իսկ գյուղապետ Զաքարյանը խուսափեց այս թեմայի շուրջ զրուցել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
2 ՏԱՐԻ ԱՆՑ ՊԱՏԿԵՐԸ ՏԽՈՒՐ Է
«Ժողովուրդ»-ը նախկինում տեղեկացրել էր Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում առկա խնդիրների մասին, որոնք շուրջ 2 տարի չեն լուծվում: Սոցիալական կենտրոնի շենքը հանդիսավորությամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի մասնակցությամբ բացվեց 2013թ. սեպտեմբերի 24-ին: Այդ օրը նախարար Ա. Ասատրյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, ասաց, որ շենքի նորոգման եւ կահավորման համար Համաշխարհային բանկի վարկային միջոցներից եւ ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 100-150 հազար դոլար:
Սակայն արդեն տեւական ժամանակ է՝ ջրհորդաններից անձրեւաջրերը թափվում են շենքի տակ՝ քանդելով այն, իսկ շենքի հիմքում 3 մետրանոց ծառեր են աճել: 100-150 հազար դոլարը բավարար չի եղել, որպեսզի նախկինում 2 անգամ նորոգված շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ, ոչ թե մասամբ, նորոգեն, եւ ամեն երեքշաբթի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամները ստիպված չլինեն ժամանակավորապես զբաղեցնել Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տեսուչների աշխատասենյակը: Նշենք, որ Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն են այցելում հիմնականում սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցողները, գործազուրկները, ընտանեկան նպաստ կամ միանվագ դրամական օգնություն ստացողները, կենսաթոշակառուները: Մարդիկ, ովքեր մեծ տարիքի եւ հիվանդությունների պատճառով ստիպված են ավելի շատ օգտվել զուգարանից, սանհանգույցներից:
Նրանք «ժողովուրդ»-ին բողոքեցին, որ համալիրում ջրամատակարարումը վատ է, կանանց զուգարանում սանհանգույցը չի գործում եւ այլն: Նոյեմբերյան քաղաքում մշտական ջրամատակարարում կա, սակայն համալիր կենտրոնի խոհանոցում, զուգարաններում ջրով լի պլաստամասսե շշեր են դրված: Համալիր կենտրոնի հավաքարարը շշերով ջուր է կուտակում եւ դրանք շենքի սանհանգույցներում շարում: Պատճառն այն է, որ սոցիալական կենտրոնի ջրամատակարարման համակարգում վթարից հետո «կարճ միացում» են կատարել եւ համակարգը միացրել միայն շենքի տանիքում գտնվող ջրի բաքին, որտեղից ջուրը բարակ է ծորում:
Շենքում գտնվող կանանց զուգարանակոնքի ջրթող համակարգը եւս շարքից դուրս է եկել, եւ այնտեղ ջրով դույլեր են տեղադրել: Հավելենք, որ համալիր սոցիալական կենտրոնում առկա է մեծաքանակ գույք, սակայն կենտրոնը չունի պարետ եւ պահակ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս