2 տարի առաջ նորոգված Սոցիալական կենտրոնի շենքի ճակատագիրը մնում է անհայտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը նախկինում տեղեկացրել էր Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում առկա խնդիրների մասին, որոնք շուրջ 2 տարի չեն լուծվում: Սոցիալական կենտրոնի շենքը հանդիսավորությամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի մասնակցությամբ բացվեց 2013թ. սեպտեմբերի 24-ին: Այդ օրը նախարար Ա. Ասատրյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, ասաց, որ շենքի նորոգման եւ կահավորման համար Համաշխարհային բանկի վարկային միջոցներից եւ ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 100-150 հազար դոլար:

Սակայն արդեն տեւական ժամանակ է՝ ջրհորդաններից անձրեւաջրերը թափվում են շենքի տակ՝ քանդելով այն, իսկ շենքի հիմքում 3 մետրանոց ծառեր են աճել: 100-150 հազար դոլարը բավարար չի եղել, որպեսզի նախկինում 2 անգամ նորոգված շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ, ոչ թե մասամբ, նորոգեն, եւ ամեն երեքշաբթի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամները ստիպված չլինեն ժամանակավորապես զբաղեցնել Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տեսուչների աշխատասենյակը: Նշենք, որ Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն են այցելում հիմնականում սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները, հաշմանդամություն ունեցողները, գործազուրկները, ընտանեկան նպաստ կամ միանվագ դրամական օգնություն ստացողները, կենսաթոշակառուները: Մարդիկ, ովքեր մեծ տարիքի եւ հիվանդությունների պատճառով ստիպված են ավելի շատ օգտվել զուգարանից, սանհանգույցներից:

Նրանք «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ համալիրում ջրամատակարարումը վատ է, կանանց զուգարանում սանհանգույցը չի գործում եւ այլն: Նոյեմբերյան քաղաքում մշտական ջրամատակարարում կա, սակայն համալիր կենտրոնի խոհանոցում, զուգարաններում ջրով լի պլաստամասսե շշեր են դրված: Համալիր կենտրոնի հավաքարարը շշերով ջուր է կուտակում եւ դրանք շենքի սանհանգույցներում շարում: Պատճառն այն է, որ սոցիալական կենտրոնի ջրամատակարարման համակարգում վթարից հետո «կարճ միացում» են կատարել եւ համակարգը միացրել միայն շենքի տանիքում գտնվող ջրի բաքին, որտեղից ջուրը բարակ է ծորում:

Շենքում գտնվող կանանց զուգարանակոնքի ջրթող համակարգը եւս շարքից դուրս է եկել, եւ այնտեղ ջրով դույլեր են տեղադրել: Հավելենք, որ համալիր սոցիալական կենտրոնում առկա է մեծաքանակ գույք, սակայն կենտրոնը չունի պարետ եւ պահակ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս