Գյուղապետի և ուսուցչի միջև ծեծկռտուքից հետո համայնքի ղեկավարի կինը ազատվել է դպրոցի տնօրենի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արագածոտնի մարզի Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանի ու դպրոցի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանի հարաբերությունները լարված են: Բանն այն է, որ ամիսներ առաջ նրանց միջեւ վիճաբանություն է եղել, ինչի արդյունքում գյուղապետը ծեծել է դպրոցի ուսուցչին: Այս ամենից հետո երկուսն էլ հայտնվել են դատարանում:

Նշենք, որ Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանը վերջին մի քանի տարիներին հասցրել է երկու անգամ հայտնվել դատարանում: Նա ամիսներ առաջ գյուղի դպրոցի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանին ծեծի էր ենթարկել: Այս ամենի հետեւանքով ոչ միայն գյուղապետը, այլեւ դպրոցի տնօրենը ընկել էին դատական քաշքշուկների մեջ: Իսկ իրականում այսպես է տեղի ունեցել. ըստ քրեական գործի նյութերի՝ գյուղապետ Զաքարյանը, ով նաեւ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, ուսուցչանոց մտնելիս նկատել է, թե ինչպես է տնօրեն Ալբերտ Ստեփանյանը «փռված ձեւով նստած» եւ նրան հորդորել է փոխել նստելաձեւը: Ստեփանյանը պատասխանել է. «Դու չէ, որ պետք է ասես ոնց նստեմ»: Եւ հենց այս արտահայտությունն էլ դարձել է դպրոցի տնօրենի եւ գյուղապետի կռվի պատճառը:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու կողմին էլ մեղավոր է ճանաչել եւ 100 հազարական դրամի չափով տուգանել է: Ուշագրավն այն է, որ գյուղապետի կինը, ով այս ընթացքում դպրոցում աշխատում էր որպես տնօրեն, մարզպետի հրամանով անհասկանալի պատճառաբանությամբ ազատվեց աշխատանքից: Եւ տեւական ժամանակ դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր էր: Բացի այս՝ գյուղապետը, ով դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր աշխատում, նույնպես ազատվել է աշխատանքից:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակվել է նույն ինքը՝ Ալբերտ Ստեփանյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Ալբերտ Ստեփանյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինքն ինչ կապ ունի գյուղապետի եւ նրա կնոջ՝ դպրոցից ազատման հետ: Հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ես գլուխս կախ աշխատում եմ, իսկ այն, ինչ եղել է, արդեն անցել, գնացել է: Հիմա կարիք չկա հինը նորից վերականգնելու: Գյուղապետն այլեւս դպրոցում չի աշխատում, իսկ նրա կինը՝ այո: Նա վերջին դեպքերից հետո է ազատվել աշխատանքից»: Իսկ գյուղապետ Զաքարյանը խուսափեց այս թեմայի շուրջ զրուցել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս