«Դաստիարակչական ծեծ եմ տվել». ինչպես գյուղապետն ու տնօրենը հեռացվեցին դպրոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Սուսեր համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը վերջին երկու տարիների ընթացքում հասցրել է երկու անգամ ամբաստանյալի աթոռին հայտնվել: 1992 թվականից գյուղի կառավարումն իր ձեռքը վերցրած Գ. Զաքարյանը գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենին ծեծելու գործով դատվածությունը դեռ չմարած, այս անգամ էլ մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ զգալի չափերի յուրացումներ կատարելու մեջ:

Այսպես, Armlur.am-ը պարզեց, որ 23 տարի շարունակ գյուղը կառավարող Գ. Զաքարյանը 2008-2010 թթ.-ի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի՝ 176 հազար 901 դրամ արժողությամբ 564 լիտր դիզելային վառելանյութ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի կամ յոթհարյուրապատիկի չափով:

Ինչ վերաբերում է վերը հիշատակված ծեծի գործին, ապա այն պակաս աղմկահարույց չէ: Սեպտեմբերի 25-ին` վաղ առավոտյան, Սուսեր գյուղի միջնակարգ դպրոցում համատեղության կարգով ուսուցչությամբ զբաղվող գյուղապետ Գուրգեն Զաքարյանի և դպրոցի տնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանի միջև թեժ վիճաբանությունն ավարտվել էր ծեծկռտուքով և փոխադարձ վիրավորանքներով:

Ինչպես նախաքննական և դատաքննական ցուցմունքներում նշել է Գուրգեն Զաքարյանը, նա դպրոցի տնօրենին ծեծել է, քանի որ վերջինս իրեն անպարկեշտ է պահել ուսուցչուհիների ներկայությամբ: Պարզվում է` ուսուցչանոց մտած գյուղապետը տնօրենին նկատել է «փռված ձևով նստած» եւ իր պարտքն է համարել տնօրենին հորդորել փոխել նստելաձևը: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ տնօրենն էլ պատասխանել է, թե «դու չէ, որ պիտի ասես` ոնց նստեմ»: Այս արտահայտությունն էլ ծեծկռտուքի պատճառ է հանդիսացել:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալ ուսուցիչներին մեղավոր է ճանաչել և տուգանել 100 հազարական դրամի չափով:

Նշված փաստերի և մի շարք այլ հարցերի շուրջ Armlur.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Սուսերի համայնքապետ Գուրգեն Զաքարյանից և գյուղի միջնակարգ դպրոցի` արդեն նախկին տնօրեն Ալբերտ Ստեփանյանից:

Գուրգեն Զաքարյան

Պարո´ն Զաքարյան, ընդունե՞լ եք յուրացումներ կատարելու մասով Ձեզ առաջադրված մեղադրանքը:

-Չգիտեմ ու չեմ էլ կարողանում հասկանալ` ակտերից մեկն ուր կարող էր կորչել, ինչի հետևանքով էլ ինձ վրա պակասորդ մնաց:

Ի՞նչ ակտերի մասին է խոսքը, կմանրամասնե՞ք:

-Իրավապահները գյուղի բողոքների հիման վրա 2006-2012 թվականներին գյուղապետարանում ստուգումներ են իրականացրել: Դե, անձնական հարցերով բողոքներ են եղել մի քանիսից: Եվ գյուղապետարանի ողջ հաշվապահություը ստուգվել է: Այդ գործը դիզելային վառելիքի հետ է կապված, որով 2010 թվականին աղբահանություն են իրականացվել: Ու այդ աղբահանության համար մենք ժողովրդից ոչ մի լումա չենք գանձել: Դիզվառելիքը գյուղում պտտվող տրակտորի մեջ ենք լցրել: Տրակտորն էլ աղբահանում էր կիլոմետրուկես հեռավորության վրա, աղբը տանում-դատարկում էր: Ու հենց այդ դիզելային վառելիքի մասով ակտ է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով այդքան թղթերի մեջ այդ մի ակտը ստուգողները չգտան: Այսինքն` ինձ վրա պակասորդ մնաց: Տղաս էլ սահմանին ծառայում է, պիտի այնպես ապրեմ, որ կյանքիս վրա սև բիծ չլինի: Ու ես կուշտ մարդ եմ, ոչ մեկի պաշտոնի վրա աչք չունեմ:

Փաստաթղթերն ինչպե՞ս կարող էին անհետանալ:

-Չգիտեմ: Որոշ ժամանակ առաջ մարզպետարանի ֆինանսների բաժնից էին ստուգում կատարել, այնուհետև քննչականն ուղարկեց հաշվապահական ստուգումների: Բայց մինչ այդ ակտն արդեն չկար: Մենք դուրս գրման ակտը չենք ունեցել:

Ասացիք, որ գյուղացիներից աղբահանության դիմաց գումար չի գանձվել, իսկ ստուգումներն իրականացվել են նրանց բողոքների հիման վրա: Ստացվում է, որ բնակիչները «ջո՞ւրն էն գցել» Ձեր լավությունը:

-Դե, գյուղացիները չեն բողոքել: Մի «հոգավոր» կա, անձնական խնդիրներ է ունեցել ինձ հետ: Նրան, ում տվել-սատկացրել էի, այդ նույն անձնավորությունն է նման բան արել:

Խոսքը գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Ալբերտ Ստեփանյանի՞ մասին է:

-Այո´: Նրան դաստիարակչական ծեծ էի տվել:

Պարո´ն Զաքարյան, Դուք 1992 թվականից գյուղապետ եք: Միգուցե մարդիկ փոփոխության կարի՞ք ունեն:

-Թող ուրիշները թեկնածություն դնեն, ունենան: Ես հո չեմ հարձակվել ինչ-որ մեկի վրա, որ թեկնածություն չդնի: Ես ո´չ մեկին չեմ վախեցրել, ո´չ մեկի վրա չեմ ազդել: Ժամանակին մարդիկ թեկնածություն են դրել, չեն անցել: Ես բոլոր տարիներին էլ 100 տոկոսով ձայներ եմ հավաքել: Վերջին ընտրություններին թեկնածությունն առաջադրեց նաև նախկին տնօրենի փեսան, չանցավ: Հո իմ վրա գրած չի՞, որ ամեն տարի պիտի գյուղապետը ես լինեմ:

Ի՞նչ է նշանակում Ձեզ վրա «գրված չէ»: Ձեզ ա՞յլ մարդ կամ մարդիկ են հորդորում թեկնածությունն առաջադրել, թե՞ ինքնակամ եք առաջադրում:

-Այ ցավդ տանեմ, ինչի ես կարո՞ղ է պատահի դուդուկների տակ պարող տղա եմ: Ուրեմն ես այնքամ չկամ, որ ինձ պետք է ասե՞ն` դնեմ կամ չդնեմ: Ժամանակ է եղել` 6 ամիս թեկնածությունս չեմ դրել: Ու ոչ մեկ չէր դրել, ու նորից ես եմ դրել:

Ստիպվա՞ծ եք դրել:

-Ոչ, մեծ սիրով:

Գյուղում միայն Դո՞ւք եք ՀՀԿական:

-Այո´: Հանրապետական կուսակցությունն իմ թեկնածությունն է դրել: Մի ուրիշ հանրապետական էլ եկավ, իր թեկնածությունն ինքնակամ դրեց: Բայց ես անցա:

Մյուս ընտրությունների՞ն էլ կառաջադրվեք:

-(Ծիծաղում է) Ի՞նչ ասեմ…. եղբայրս ինձ Մոսկվա է կանչում: Ես դեռ չեմ որոշել: Չգիտեմ` ինչպես կլինի: Տա Աստված մինչև այդ օրն ապրենք:

Արտագաղթելո՞ւ եք, պարո´ն Զաքարյան:

-Բացառված է` ես արտագաղթեմ: Այս գյուղն իմ պապերն են ստեղծել, պապս ու իր եղբայրները: Այնպես չէ, որ ես քիչ բան եմ արել գյուղի համար: Բնականաբար, ես էլ իմ ինքնասիրությունն ունեմ, աշխատելու իմ սկզբունքները: Եթե չզարգացնեմ գյուղը, վատ վիճակի մեջ էլ չեմ գցի:

Անդրադառնանք գյուղի դպրոցին: Կասե՞ք` ի՞նչ խմորումներ են տեղի ունենում դպրոցի ներսում: Հնարավո՞ր է ղեկավար կազմի վերանայում լինի:

-Միանշանակ, պետք է առաջանա վերանայման հարց: Քանի որ դպրոցի խորհրդի անդամները դարձել են փայտամշակման տեխնիկումն ավարտած կնանիք, ովքեր նախկին տնօրենի բարեկամներն են: Իսկ դրանք այսօր հարցեր լուծել չեն կարող: Ճիշտ է` ես չեմ խառնվում դպրոցի գործերին, քանի որ կինս այլևս տնօրեն չէ, ու խիղճս ավելի հանգիստ է: Կինս միայն իր ժամերն է պարապում:

Դուք դեռ դասավանդո՞ւմ եք:

-Ո´չ: Այդ տղային ծեծելու համար ինձ էլ, նրան էլ հեռացրին դպրոցից: Հիմա մի կնոջ են նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարություն է արվել, բայց թեկնածուներ չկան:

Ասացիք, որ Ձեր կինն էր նախկինում տնօրենը: Ինչո՞ւ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

-Ծեծի դեպքից հետո մարզպետը որոշեց ազատել նրան: Երևի, մտածեցին` ես ինչ-որ ազդեցություններ կունենամ:

Ալբերտ Ստեփանյան

Պարո´ն Ստեփանյան, համայնքապետն իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նաև Ձեր անունն է տալիս: Դուք նախկինում նրա հետ ընդհարումնե՞ր եք ունեցել:

-Ընդհարումներն անցել-գնացել են: Այս նոր պատմություններն ինձ հետ ընդհանրապես կապ չունեն:

Ինչպե՞ս եք վերաբերվում գյուղապետի այն խոսքին, որ Դուք եք կազմակերպել դիզվառելիքի հետ կապված գործը:

-Ասացի` կապ չունեմ: Առանց այդ էլ իմ քարը ծանր է: Պետք չի, որ ես ինչ-որ բան ասեմ:

 

Տաթև Հարությունյան




Լրահոս