“Հրապարակը” գրում է, որ նախագահական ընտրությունների մասին Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո առերեւույթ սառը թվացող ԲՀԿ-իշխանություն հարաբերությունները բավականին ջերմ ու ստաբիլ են դարձել` բոլոր ուղղություններով:
Հայտարարության հենց հաջորդ օրը ԲՀԿ գործարարները` Բելաջիոյի Գրիշը, Շիշ Մելոն, Բրլյանտի Արշակը, նույնիսկ Ռուստամ Գասպարյանը, “ներկայացել” են երկրի գերագույն գլխավոր հրամանատարին եւ իրենց պատրաստակամությունը հայտնել վերջինիս նախընտրական կամպանիային ակտիվորեն մասնակցելու մասին, ինչն էլ տեւական ժամանակ է` արդեն իրականացնում են: Ռուստամ Գասպարյանի պարագան ԲՀԿ-ականները բացատրում են վերջինիս՝ “Երկրապահի” քաղխորհրդի անդամ լինելու եւ գեներալ Մանվելի հանգամանքով:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա ԲՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի Կոտայքի մարզի պատասխանատուն ամենեւին էլ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չէ, նա ընդամենը ծխածածկույթ է. իրական պատասխանատվությունը դրված է Գագիկ Կոլյայիչի վրա, եւ կա երկաթյա պայմանավորվածություն, որ նա է մարզում անցկացնելու ընտրությունները եւ լավ ձայներ է բերելու Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, նույն Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը նույնպես ակտիվ մասնակցում էր իշխանությունների ամանորյա ընդունելություններին. Տիգրան Սարգսյանի կողմից կազմակերպված միջոցառմանը Իվետա Տոնոյանի ղեկավարած ծրագրի` “Կենտրոն” ՀԸ-ի լրագրողն արժանացավ պարգեւի: