Ազատության հրապարակում շարունակվում է «Ի պաշտպանության Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության նստացույցը` պահանջելով անհապաղ ազատ արձակել Վոլոդիա Ավետիսյանին և բոլոր քաղբանտարկյալներին: Նստացույցի մասնակից Գագիկ Սարուխանյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նստացույցը առաջին քայլն է այն պայքարի, որն իրենք սկսել են: Սարուխանյանի խոսքով` այսօր Հայաստանում դանակը ոսկորին է հասել և բոլորը դա գիտակցում են: «Բոլորը մոտենում են, ասում են` ամեն ինչի պատրաստ ենք: Իսկ առաջ ասում էին` ինչով օգնենք: Հիմա ամեն ինչ շատ է փոխվել: Պետք է միասնաբար պայքարել»,- նշեց նա:
Գագիկ Սարուխանյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանը ողջունել է իրենց այս քայլը. «Նա ողջունեց և նրա հորդորն էր` մասնակցել բոլոր այն ընդվզումներին, որոնք տեղի են ունենում այսօր: Մեր նստացույցի նպատակներից մեկն էլ կրկին հիշեցնելն է Վոլոդիա Ավետիսյանի մասին, քանի որ վերջին շրջանում կարծես սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով մոռացության էր մատնվել: Մենք նաև մեր մեջ վերադասավորվելու խնդիր ունենք, որը փորձում ենք լուծել»:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները օրվա ընթացքում մոտենում են նստացույցի մասնակիցներին, սատարում և աջակցում: «Այսօր Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման խնդրից էլ ավելի կարևոր է սահմանադրական «չարափոխութունների» կանխումը, որը միտված է իշխանության վերարտադրմանը»,- հավելեց Վոլոդյա Ավետիսյանի ընկեր Գագիկ Սարուխանյանը:
Նշենք` Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի զինակիցը, ունի 6 զավակ, որից 3-ն անչափահաս: Վերջինս դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` խարդախության համար:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում