ՄԵՆՔ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵ՞Ր ՈՒՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռային Երեւանում տեղաշարժվելը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես դժվար է: Խցանված ու դժվարանցանելի փողոցները, սառցապատ մայթերն ու բակերը ոչ միայն տեսնում ենք, այլեւ հաճախ «զգում»՝ «վայրէջք» կատարելով: Նույնը չենք կարող ասել քաղաքային իշխանությունների մասին, որոնք տեսնում եւ զգում են միայն իրենց կատարած աշխատանքները, հիանում դրանցով, իսկ որեւէ բացթողման մասին փաստը պարզապես չեն ուզում ընդունել:
Որքան էլ լրատվամիջոցներով  Տարոն Մարգարյանի ու Երեւանի քաղաքապետարանի գովքն արվի, միեւնույն է, քաղաքացիներից շատերը գերադասում են հավատալ սեփական աչքերին: Իսկ սեփական աչքերը ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, մայրաքաղաքում կան սառույցից չմաքրված ու դժվարանցանելի ճանապարհներ եւ գրեթե անանցանելի բակեր: Նաեւ նույն աչքերը տեսնում են, որ քաղաքում տարբեր ժամերի խցանումներ են լինում՝ ճանապարհների դժվարանցանելիության եւ դրա հետեւանքով առաջացած ավտովթարների պատճառով: Օրինակ՝ հունվարի 13-ին՝ միայն ժամը 17:15-17:30-ի սահմաններում, Աջափնյակի Մարգարյան փողոցում տեղի ունեցավ 2 ավտովթար: Բարեբախտաբար, տուժածներ  չեղան, սակայն այդ վթարները դարձան խցանման պատճառ: Նշենք, որ երկու վթարներն էլ առաջացել էին Մարգարյան փողոցի ամենաերթեւեկելի մի հատվածի սառցապատ լինելու հետեւանքով: Մինչդեռ հունվարի 10-ից հետո տեղումներ չեն եղել, եւ փողոցները մաքրելու համար թաղապետարաններն ու քաղաքապետարանը բավական ժամանակ ունեին: Իհարկե, Աջափնյակ վարչական շրջանը միշտ էլ աչքի է ընկել իր անմխիթար վիճակով, Աջափնյակի թաղապետարանն ու թաղապետերն էլ՝ իրենց անգործությամբ, բայց կարծես թե քաղաքապետարանն էլ մոռանում է, որ Աջափնյակը Երեւանի տարածք է, այլ ոչ թե Չարենցավանի կամ Նոյեմբերյանի:
Ինչ վերաբերում է մայթերին, ապա այս հարցում դժգոհություններ կան բոլոր վարչական շրջաններում, այդ թվում եւ` քաղաքի կենտրոնական մասում, անգամ Հյուսիսային պողոտայում, որի մի հատվածը սառցակալած է, իսկ մյուս հատվածն էլ` ձնակույտերի տակ:
Անմխիթար է նաեւ բազմաթիվ բակերի վիճակը թե՛ հետիոտնի, թե՛ մեքենաների համար:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցրեց, թե ինչու մայրաքաղաքի փողոցները, մայթերը եւ բակերը չեն մաքրվում ձնից եւ սառցաշերտերից: Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց, որ նման բան չկա, բոլոր փողոցներն ու մայթերն էլ մաքրվում են, իսկ բակերը ձնից ու սառույցից մաքրելու հարցում ոչ միայն քաղաքապետարանը պետք է շահագրգռված լինի, այլեւ բնակիչները: Նա նաեւ հավելեց, որ որոշ վարչական շրջաններում բնակիչները կատարել են մաքրման աշխատանքներ, իսկ չմաքրված փողոցների եւ մայթերի գոյության փաստը չընդունեց: Փաստորեն, մեր բազմաթիվ քաղաքացիներ տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն…
Դժվարանցանելի կամ անանցանելի են նաեւ միջքաղաքային մի շարք ճանապարհներ: Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի տեղեկացմամբ` փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի մի հատվածը, Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի ավտոճանապարհներ, նաեւ դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Սրա վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանի հետ: Նա նշեց, որ Սելիմի լեռնանցքում մաքրման աշխատանքներ արվել են, ճանապարհն անցանելի է, պարզապես քամու պատճառով վատ է տեսանելիությունը: Բերդ-Ճամբարակ ճանապարհի մոտ 22 կմ հատվածը (մինչեւ Նավուրի խաչմերուկ), ըստ Քոչինյանի, մաքրված է եւ անցանելի, իսկ դրան հաջորդող մոտ 20 կմ-ն անանցանելի է, եւ այստեղ աշխատանքներ տանելն անիմաստ է: Հենրիկ Քոչինյանը դա բացատրեց նրանով, որ ճանապարհն անցնում է թեք լանջով, եւ քամին ձորի կողմից անընդհատ ձյուն է բերում եւ կրկին ծածկում ճանապարհը: Ըստ եղանակային կանխատեսումների՝ հունվարի 15-ից քամին կդադարի, եւ կմաքրվի նաեւ այդ հատվածը:
Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզի միջհամայնքային ճանապարհներին, Հ. Քոչինյանը նշեց, որ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը պատասխանատու է միայն միջպետական եւ միջքաղաքային ճանապարհների համար, իսկ մարզերի միջհամայնքային ճանապարհների համար պատասխանատու են մարզային կառույցները:
Հիշեցնենք, որ միայն ոստիկանության եւ ԱԻՆ կայքերում հրապարակված տվյալների համաձայն՝ հունվարի 10-ից 14-ը հանրապետության միջքաղաքային եւ միջհամայնքային ճանապարհներին, նաեւ մայրաքաղաքում տեղի են ունեցել տասնյակ ավտովթարներ, մեքենաների՝ ձյան մեջ արգելափակումներ, խցանումներ, եղել են տուժածներ:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս