«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, թե կուսակցության պետական գրանցումը մերժում են: Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարությունն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե ընդամենը տեխնիկական խնդիր է եղել: Իսկ կուսակցության ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե մի իշխանական կուսակցություն պետք լիներ գրանցել, ապա ՀՀ արդարադատության նախարարությունը դա կաներ մի քանի րոպեի ընթացքում:
«Ս.թ. մայիսի 16-ին հազարից ավել ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հիմնադրվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Ընդամենը երկու ամիս անց այդ մարդկանց թիվը կրկնապատկվեց: Անընդհատ բացվում են կուսակցության տարածքային գրասենյակներ ՀՀ տարբեր մարզերում ու քաղաքներում: Կուսակցության վարչության եւ հանձնաժողովների ակտիվ աշխատանքն օրեցօր ընդլայնում են կուսակցության ճանաչումն ու ժողովրդականությունը: Կուսակցության քաղաքական կուրսը եւ երկրում իրականացվող անարդյունավետ կառավարման ու դրանում պատասխանատուների նկատմամբ խիստ քննադատությունն ու պահանջատիրությունը, բնականաբար, պետք է առաջացներ որոշակի հակազդեցություն «Ալյանս»-ի նկատմամբ»,-ասված էր հաղորդագրությունում:
Կուսակցությունը նշել էր, որ հենց այդ տեսանկյունից են գնահատում իշխանությունների կողմից` ՀՀ արդարադատության նախարարության «ձեռքերով», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պետական գրանցման մերժումը. «Մենք ընդունում ենք մեզ ուղղված մարտահրավերը. սա միայն քառապատկելու է մեր ներուժը: Հարկադրված, կուսակցությունը առաջիկա օրերին կանցկացնի նոր համագումար եւ կպարտադրի իր իսկ գրանցումը` գործող օրենքի շրջանակներում»:
Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը պատասխանեց «Ալյանս» կուսակցության տարածած հաղորդագրությանը: «Հայտնում եմ, որ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում 24.06.2015թ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի թիվ 211-Մ-98 որոշմամբ մերժվել է կուսակցության պետական գրանցումը` ներկայացված փաստաթղթերի եւ կանոնադրության` ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու հիմքերով»:
Ղուլյանի ներկայացմամբ` կուսակցության նախագահի եւ լիազորված անձի անձնագրերի պատճենները վավերացված չեն եղել. «Եւ չեն բովանդակել գործադիր մարմնի ղեկավարի կողմից այն վավերացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հիմնադիր համագումարի արձանագրության էջերը համարակալված չեն եղել: Ներկայացված հիմնադիր համագումարի կողմից որոշում է կայացվել կուսակցության տարածքային ստորաբաժանումների ստեղծման մասին, սակայն արձանագրությունից պարզ չի եղել, թե արդյոք տարածքային ստորաբաժանումներից ընտրված պատվիրակները մասնակցել են կուսակցության հիմնադիր համագումարի կողմից ընդունված որոշումներին»:
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականը հավելել է, թե հունիսի 25-ին կուսակցությունը կրկին փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ պետական ռեգիստր` կուսակցության պետական գրանցման խնդրանքով, սակայն հուլիսի 20-ին կուսակցության լիազորված անձի կողմից դիմում է ներկայացվել փաստաթղթերում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացված փաստաթղթերը հետ վերադարձնելու եւ հունիսի 15-ի ներկայացված դիմումն առանց քննության թողնելու մասին: Վերջինս նշել է, որ հուլիսի 21-ին դիմումը բավարարվել է, եւ փաստաթղթերը հետ են վերադարձվել դիմումատուին:
Երեկ քննարկվում էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կուսակցությունը չգրանցելն ուղղակի «շոու» է, որի նպատակը նորաստեղծ կուսակցությանը «հալածյալի» իմիջ հաղորդելն է: Նշվում էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չի կարող խնդիր առաջացնել գրանցման հարցում, քանի որ ՀՀ իշխանությունները որեւէ վտանգ չեն տեսնում այդ կուսակցությունից:
«Ժողովուրդ»-ը փորձել է այս ամենի շուրջ պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի տեսակետը:
-Պարո՛ն Ուրիխանյան, ինչո՞ւ է Ձեր նորաստեղծ կուսակցությունը համարում, որ իշխանությունը ՀՀ արդարադատության նախարարության «ձեռքերով» է փորձում մերժել «Ալյանս»-ի պետական գրանցումը: Դուք միտո՞ւմ եք տեսնում այդ ամենում:
-Դուք հիշո՞ւմ եք՝ ես միառժամանակ առաջ մի նախագիծ էի ներկայացրել հենց կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ անելու համար, հենց միտքը դրանում էր, որ տեխնիկական, անբովանդակային, ոչ էական փոփոխությունների պարագայում կուսակցությունը ստիպված չլինի նորից համագումար անել: Բայց ինչպես տեղյակ եք՝ ՀՀ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց, եւ, այդուհանդերձ, պետք է տեսնենք, թե այն խորհրդարանում ինչպես կքննարկվի: Իսկ մնացած հարցերը կարող եք ստանալ մեր հայտարարությունից, մեր հայտարարությունում ամեն ինչ ասված է:
-ՀՀ արդարադատության նախարարությունը նշում է, որ խնդիրը տեխնիկական է, ու որեւէ միտում չկա, «մեղքը» Ձեր կուսակցությանն է:
-Եթե որեւէ իշխանական կուսակցություն գրանցման ներկայացներ փաստաթղթեր, քանի՞ րոպեում կգրանցվեր չհամարակալված էջերով: Իսկ արդյոք արդարադատության նախարարության պնդումները հիմնավոր են, թե ոչ, եզրակացությունը թողնում եմ հանրությանը:
-Տեսակետ կա, որ այս ամենը «շոու» է՝ Ձեր ղեկավարած կուսակցության ճանաչման, ինչպես նաեւ «զոհի» կարգավիճակում ներկայացնելու համար:
-Ինչ են ասում, ինչ չեն ասում, ինձ առանձնապես չի հետաքրքրում: Մեր հայտարարությունում ամեն ինչ ասված է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ