Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են, թե նախագիծը «հրաշալի» է: Չնայած ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ Սահմանադրության նախագիծը գրվել է ՀՀԿ-ի «հագով», նժդեհականները վստահեցնում են, թե նման բան չկա: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից, պարզել, թե նոր Սահմանադրությունում կոնկրետ որ հատվածն է իր «սրտով»:
Մովսիսյանը նախ պատրաստակամություն հայտնեց մեր հարցերին պատասխանել, այնուհետեւ տեղեկանալով, որ հարցը վերաբերում է նոր Սահմանադարության նախագծին հայտարարեց, թե ինքը հարցերին հեռախոսով չի պատասխանում: «Ես ինտերվյու չեմ տալիս, ինձանից չնեղանաք, ես հանգստյան վայրում եմ, իմ ընկերների հետ, ոչ մեկն իրավունք չունի խանգարել, շնորհակալություն»,- վարժ առոգանությամբ ասաց ՀՀԿ-ական պատգամավորն ու անջատեց հեռախոսը: