ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «դիմադրության լայն ճակատ» ստեղծել Սահմանադրության փոփոխությունների դեմ: Հայտարարությունում մասնավորապես նշված է. «Նախագծի բովանդակությունն ապացուցում է ՀԱԿ-ի եւ ուրիշների այն կանխատեսումը, որ խորհրդարանական համակարգի անցման քողի տակ Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է եւ իր հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրության ապահովումն ու հավերժացումը»:

«Այսպիսով՝ սեփական իշխանության հավերժացման մոլուցքով տարված Սերժ Սարգսյանն ու նրա կլանը չեն խորշում դա անել երկրի կառավարման եւ անվտանգության համակարգերը փլուզելու, Հայաստանը արտաքին վտանգների նկատմամբ թույլ պաշտպանված եւ ներքին անկայունությամբ հղի երկիր դարձնելու գնով…Երկրին սպառնացող վտանգից խուսափելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի եւ, ընդհանրապես, ամբողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումն է: Հայ ազգային կոնգրեսն իր բոլոր ուժերն ու հնարավորությունները կներդնի դիմադրության այդ ճակատը ձեւավորելու համար եւ կոչ է անում քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին, մի կողմ դնելով տարաձայնությունները, միանալ պայքարին»,-նշված է ՀԱԿ հայտարարությունում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ` պարզելու համար, թե ի՞նչ է պատրաստվում անել ՀՀԿ-ն` հակազդելու համար սպասվելիք դիմակայությանը:
-Պարո՛ն Սահակյան, արդեն հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը, արդյո՞ք այն ամբողջությամբ ուսումնասիրել եք, այն պատկերացումները, որոնք կային «հայեցակարգում», արդյոք զետեղվել են ներկայացված տարբերակում:
-Նախ մի շատ հետաքրքիր փաստ արձանագրենք, Սահմանադրության նախագիծը, որն արդեն հրապարակվել է, քննարկման նյութ է: Ու երկրի նախագահը, որը նախաձեռնել է այս գործընթացը, նշել է, որ այս նախագիծը քննարկման համար է, ու դրա մասին բարձրաձայնել են նաեւ իմ կուսակիցները: Բազմիցս նշվել է, որ մենք պատրաստ ենք քննարկումների ու Սահմանադրությունն էլ ավել համապատասխանեցնելու այն պատկերացումներին, որոնք ունեն մեր քաղաքական բոլոր ուժերը, այսինքն՝ նրանք, ովքեր կտեղափոխվեն քննարկումների բովանդակային դաշտ: Հետեւաբար պետք է ասեմ նաեւ, որ Սահմանադրության մասին մեր քաղաքական դաշտի գործընկերների քննադատություններն ու տեսակետները, թե պետք է Սահմանադրությունում այս կետը ներառված լիներ եւ այլն, այդ ամենը ամփոփված է նոր Սահմանադրության նախագծում: Օրինակ՝ մշտապես նշել են, որ պետք է անցնել կառավարման խորհրդարանական մոդելին, քանի որ դա ավելի ժողովրդավարական է եւ այլն, եւ այլն, նշվում էր, թե 100 տոկոս համամասնական ընտրակարգի դեպքում ավելի ճիշտ կլինի, գործընթացներն ավելի արդյունավետ կլինեն, իսկ վստահությունն էլ ավելի բարձր կլինի ու նմանատիպ մի շարք հարցադրումներ, որոնք այսօր արտացոլված են նոր Սահմանադրության նախագծի մեջ:
-Բայց այդ նույն ուժերը նոր Սահմանադրության նախագծին դեմ են արտահայտվում, անգամ հայտարարում են, որ դա արվել է միայն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի շահերը պաշտպանելու համար: Եթե չլինի քաղաքական կոնսուլիդացիա, ի՞նչ է պատրաստվում այդ դեպքում անել իշխանությունը:
-Եթե քաղաքական ուժերը պետք է ուղղակի դեմ լինեն դեմ լինելու համար, դա արդեն այլ խնդիր է: Բայց մենք սպասում ենք Սահմանադրական նախագծի բովանդակային քննարկման ու ուզում ենք բովանդակայինի մասին խոսք լսել: Մենք կարծում ենք, որ եթե դեմ են, ապա պետք է հստակեցնեն, պարզաբանեն, թե ինչու են դեմ: Կան քաղաքական ուժեր, որ, այո՛, հայտարարում են, թե Սահմանադրության փոփոխությամբ իշխանությունը վերարտադրության հարց է լուծում, դա դրա համար մշակված ձեւ է, մոդել է, ու մենք իբրեւ թե ժողովրդին հանում ենք առճակատման, եթե առճակատում, սրացում չլինի, իշխանափոխություն չի լինելու: Բոլորս էլ գիտենք, որ իշխանափոխությունը լինում է բացառապես Սահմանադրությամբ սահմանված ընտրակարգով, այն է՝ ընտրությունների միջոցով գալ իշխանության, ձեւավորել կառավարություն եւ այլն: Հետեւաբար, ես կարծում եմ, որ բոլորիս նպատակը դա է՝ ունենալ առավել ժողովրդավարական, ավելի մեր պատկերացումներին հարիր երկիր, իսկ դրա համար պետք է գնալ բացառապես այդ ճանապարհով:
-ՀԱԿ-ում եւս վստահ են, որ սա իշխանությունների վերարտադրման ծրագիր է, ու կոչ են անում դիմադրության լայն ճակատ ստեղծել: Արդյոք Ձեզ համար բավարար չեն քաղաքական ուժերի եւ հանրության մի զգալի մասի բացասական արձագանքները, որպեսզի վերանայեք Ձեր որոշումը:
-Ես նշեցի, որ կան նման տեսակետներ կրողներ, որոնք նման մտքեր են արտահայտում, մեր գերխնդիրը, մեր նպատակն այստեղ այն է, որ մենք բովանդակային քննարկումներ ծավալենք եւ ունենանք բովանդակային տեսակետ: Ովքեր որ մեզ կհամոզեն հակառակի մեջ, մենք էլ մեր դիրքորոշումը կներկայացնենք: Դա է ճիշտ տարբերակը, մենք առաջարկում ենք բովանդակային քննարկում:

 

 

 

 
ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊԱՀՈՒՄ» ԵՆ

Նախօրեին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Նոր Հաճնում կառուցված եկեղեցու օծման արարողությանը ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ողջ կազմով ներկա էր: Նկատենք, որ վերջին ժամանակահատվածում նրանք սկսել են հաճախ «երեւալ» Գագիկ Ծառուկյանի կազմակերպած միջոցառումներին:

Եկեղեցու բացմանը ներկա էին նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարտուն Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանից պարզել, թե ինչու են նրանք կրկին «հավաքվել» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին, ու արդյո՞ք դա նշանակում է, որ Ծառուկյանը նպատակ ունի կրկին քաղաքականություն վերադառնալ:
-Մեր փոխհարաբերությունները նորմալ են, ոչինչ չի փոխվել: Իսկ ինչ վերաբերում է եղեկեցու բացմանը ներկա գտնվելուն, ապա Հայաստանում եկեղեցի է բացվել, ու ինձ հրավիրել են մասնակցել, ներկա գտնվել, ես էլ ընդունել եմ հրավերը, մասնակցել եմ օծման արարողությանը: Ներկա եմ գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կառուցած եկեղեցու օծման արարաղությանը: Այսինքն՝ այստեղ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում իմ մասնակցության մեջ:
-Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը հեռանում է քաղաքականությունից, ինչո՞ւ եք քաղաքականացնում նրա գործունեությունը:
-Եկեղեցու բացման մեջ պետք է քաղաքականությո՞ւն տեսնել, ես այդտեղ քաղաքականություն չեմ տեսնում, այդ քայլն էլ քաղաքական չէ` ո՛չ մասնակցելը եւ ո՛չ էլ հրավերը:
-Իսկ ինչպես եք գնահատում ՀՀ իշխանությունների գործելաոճը. նախ՝ Ծառուկյանին «չարիք» որակեցին, հիմա էլ՝ ամբողջ կազմով մասնակցում են նրա կառուցած եկեղեցու օծմանը:
-Ճիշտն ասած, այդ հարցի հասցեատերը ես չեմ, ուստի ես այդ առումով որեւէ պատասխան չունեմ: Ես կողմնակից եմ, որպեսզի լարվածություն չլինի, որպեսզի բոլորն իրենց ուժերը, իրենց հնարավորությունները ներդնեն հանուն մեր երկրի, հանուն մեր պետության կայացման: Ավելորդ լարվածությունն ու թշնամությունը մեզ լավ տեղի չեն տանելու: Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել հանուն մեր երկրի բարօրության:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՄԻ ԲԱՆ ԿԱՆԵՆ
ՀՀ Կառավարության հուլիսի 16-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ավիացիայի ոլորտը վերահսկող գերատեսչություններին հանձնարարել էր ուսումնասիրել եւ պարզել, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանում ավիատոմսերը այդքան թանկ են: Վարչապետը պահանջել էր որոշ ժամանակ անց իրեն զեկուցել ավիացիայի շուկայում տիրող վիճակի մասին: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց, թե վարչապետի հանձնարարականի կատարումը որ փուլում է գտնվում: «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման ուղղությամբ: Քանի որ հանձնարարականը վերաբերում է ավիափոխադրումների ոլորտին, մասնավորապես, ուղղություններին, գներին, թռիչքների ժամկետներին եւ պայմաններին, ապա ՏՄՊՊՀ-ը դիմել է ավիափոխադրող ընկերություններին վերոնշյալի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջով: Ամբողջական տեղեկատվությունը ստանալուց հետո կկատարվեն համապատասխան ուսումնասիրություններ եւ քննարկումներ»,- պատասխանեց մամլո քարտուղարը:

 

ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է, ինչ երեւանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Հիմնականում վերանորոգում են մանկապարտեզների խոհանոցները: Ենթադրվում է, որ այս գործընթացը պայմանավորված է Հայաստանի մարզային մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերով: Հենց այս պատճառով էլ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են շուտափույթ վերացնել խոհանոցներում առկա թերությունները եւ դրանք համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ պայմաններին: «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ երեւանյան մանկապարտեզներում իրականացվող վերանորոգման աշխատանքները հիմնականում իրականացվում են սաների ծնողների միջոցներով: Այս տեղեկությունը, սակայն, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ մեզ ճշտել չհաջողվեց:

 

ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՐ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից պարզել, թե երբ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում սկսվելու աուդիտը: Հարցը լսելով, սակայն, նախարարն ասաց. «Ձեւակերպե՛ք Ձեր հարցերը, ուղարկե՛ք լրատվության պատասխանատուին, ես դրանց կպատասխանեմ»:




Լրահոս