«Մանկական Նոր ալիք»-ի համար հովանավորներ չեն գտնվում. Մերի Քոչարյանը հույսը չի կորցնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն խոսվել է այն մասին, որ այս տարի «Մանկական նոր ալիք 2015» մրցույթը, որը տեղի կունենա օգոստոսի 11-13-ը, ոչ մի հայկական հեռուստաընկերություն չի հեռարձակի: Եվ եթե նախորդ տարիներին հեռարձակող հեռուստաընկերությունն էր հոգում մասնակցի բոլոր ծախսերը, ապա այս տարի այդ բոլոր խնդիրները պետք է լուծի մասնակիցը:

«Մանկական նոր ալիք»-ի այս տարվա մասնակից Մերի Քոչարյանը, ամեն դեպքում, հույսը չի կորցնում. «Գուցե վերջին պահին խնդիրը լուծվի»,-ասում է նա: «Ժողովուրդ»-ը Մերի Քոչարյանի մայրիկից՝ Սերինե Քոչարյանից, հետաքրքրվեց` արդյոք իրենց հաջողվել է հովանավորներ գտնել, հույս կա՞, որ մրցույթն, այնուամենայնիվ, կհեռարձակվի:

maxresdefault3
Մերի Քոչարյան

Նրա խոսքով` դեռ որեւէ հստակ բան չկա. «Շատ դժվար է, երբ ծախսերի ողջ բեռն ընկնում է ծնողների ուսերին: Մեզ ընդամենն աջակցել է մի հյուրանոց, ուրիշ ոչ մի աջակցություն ո՛չ պետության, ո՛չ անհատների կողմից չենք ստացել»,-ասաց նա` հավելելով, որ հայկական հեռուստաընկերությունները հրաժարվում են հեռարձակել մրցույթը` ֆինանսական խնդիրների պատճառով:

14759

Մեր այն հարցին, թե արդյոք «Ճանապարհ դեպի Նոր ալիք» խորագիրը կրող համերգից որոշակի շահույթ գոյացել է, Ս.Քոչարյանը պատասխանեց` որոշ չափով միայն:
«Փորձել ենք հովանավորներ գտնել, սակայն պատասխան, առհասարակ, չենք ստացել: Գուցե մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը կորել է, կամ ժողովրդի ֆինանսական վիճակը լավ չէ»,-ասաց նա` հավելելով, որ Մերիի հաջող ելույթի մասին մտածելու փոխարեն իրենք ստիպված են մտածել, թե որտեղից կարող են համապատասխան ֆինանսներ հայթայթել:

merii

Ամեն դեպքում, Մերի Քոչարյանը մարտականորեն է տրամադրված. «Պետք է գնամ եւ շատ լավ ելույթ ունենամ, երգերը, որոնք պետք է ներկայացնեմ, լավ եմ պատրաստել, եթե ժյուրին ընտրի հենց մեր ներկայացրած երգերը, կարծում եմ, որ հաջողություն կունենամ»,-մեզ հետ զրույցում վստահեցրեց նա:

Նշենք, որ 12-ամյա երգչուհին այժմ պատրաստվում է մեկնել Ղրիմ` մասնակցելու մանկական երաժշտական տոնին: Որպես միջազգային հիթ Մերին պատրաստվում է կատարել Jessie J -ի Mama Knows Best կամ Beyonce-ի Love On Top երգերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս