Առաջին անգամ մասնակցում եմ մրցույթի` հաղթելու նպատակով. Սյուզաննա Մելքոնյանը կմեկնի «Նոր Ալիք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-15-ը Սոչիում կկայանա «Նոր Ալիք 2017» երիտասարդ կատարողների մրցույթը: Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ Հայաստանը կներկայացնեն երկու մասնակիցներ՝ «Հայաստանի Ձայնը» մրցույթի մասնակից Էռնա Միրզոյանը եւ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթից հայտնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իր սպասելիքների, շոու-բիզնեսում լինել-չլինելու եւ այլ թեմաների շուրջ:

-Սյուզաննա, ինչպե՞ս որոշեցիք մասնակցել «Նոր Ալիք»-ին:

-Դեռես 15-16 տարեկանում հետաքրքրված էի մրցույթով, եւ, անկեղծ ասած, մասնակցելու ցանկությունս մեծ էր: Այնպես որ, որոշումս տարիների խմորումների արդյունք է: Առհասարակ, միշտ էլ երազել եմ մասնակցել միջազգային որեւէ մրցույթի: Այս տարի արդեն որոշումս հստակ էր եւ վերջնական:

-Մրցույթից ակնկալում եք հաղթանա՞կ, թե՞ դա Ձեզ համար պարզապես փորձ ձեռք բերելու հարթակ է:

-Բնականաբար, 16 տարվա պատմություն ունեցող մրցույթին մասնակցելը, երեք շաբաթ բարձրակարգ երաժիշտների հետ շփումը մեծ դպրոց կլինի, բայց պետք է խոստովանեմ՝ առաջին անգամն է, որ մասնակցում եմ որեւէ մրցույթի՝ հաղթելու նպատակով: Այլ պարագաներում երբեք ի սկզբանե այդ մասին չեմ մտածել, կարծում եմ՝ այդ պատճառով էլ չեմ հաղթել: Բայց այս անգամ ուզում եմ զգալ հաղթանակի բերկրանքը:

-«Դեպի Եվրատեսիլ»-ից հետո շատերը ճանաչեցին Ձեզ: Մտավախություն չունե՞ք, որ եթե ակտիվություն չցուցաբերեք, կարող եք մոռացվել հանդիսատեսի եւ հեռուստադիտողի կողմից:

-Աշխատում եմ երեւանյան ժամանցի լավագույն վայրերում, ունեմ իմ բենդը, եւ ինձ համար գերխնդիր չէ իրար հետեւից տեսահոլովակներ թողարկելը. հայկական իրականության այդ աժիոտաժը, անկեղծ ասած, չեմ սիրում: Թող իմ գործունեությունն ընթանա դանդաղ, հանգիստ, բայց լինի պրոֆեսիոնալ եւ գեղեցիկ: Հատկապես այս շրջանում զբաղված եմ «Նոր Ալիք»-ի նախապատրաստական աշխատանքներով, այնպես որ, չեմ կարող խոստանալ, թե առաջիկայում կհասցնեմ նկարահանել տեսահոլովակ:

-Դուք Ձեզ երաժշտական ո՞ր ժանրում եք տեսնում:

-Ես բազմաժանր երգչուհի եմ եւ չեմ սիրում սահմանափակվել մեկ ժանրով: Լավ իմաստով խառնաշփոթի սիրահար եմ: Բայց կարող եմ թվարկել մի քանի ժանր, որոնցով հաստատ հանդես կգամ՝ փոփ-ռոք, սոուլ եւ բլյուզ:

Որքանով հասկացա՝ Դուք նախընտրում եք ոչ թե մուտք գործել շոու-բիզնես, այլ հետք թողնել երգարվեստում, ճի՞շտ է:

-Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը: Փորձում եմ համատեղել: Սուտ կլինի, եթե ասեմ, որ չեմ ուզում մուտք գործել շոու-բիզնես, ավելին՝ ես ինձ ինչ-որ առումով համարում եմ շոու-բիզնեսի մի մասնիկ՝ սկսնակ արտիստ: Ինչ խոսք, հաճելի է լինել սիրված եւ ճանաչված:

-Իսկ Դուք գտե՞լ եք Ձեր պրոդյուսերին:

-Ես չունեմ պաշտոնական պրոդյուսեր. ինքս եմ իմ պրոդյուսերը եւ կարծում եմ՝ այսպես ավելի լավ եմ հաղթահարում այն դժվարությունները, որոնք հանդիպում են յուրաքանչյուր արտիստի: Ինձ համար կարեւորն այն է, թե ով եմ ես եւ ինչպես եմ կարողանում ինքս ինձ մատուցել: Իսկ պրոդյուսերական դպրոցի ձեւավորման համար, կարծում եմ, Հայաստանին ժամանակ է հարկավոր:

-Իսկ հիմնականում ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում:

-Անշուշտ, շատ դժվարություններ կան: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ երբեք չդավաճանեմ սկզբունքներիս եւ չդառնամ կոմերցիոն երգչուհի: Երեւի սա գլխավոր խնդիրն է, որի շուրջ ես պարբերաբար մտածում եմ, եւ, փառք Աստծո, դեռեւս ստացվում է հաղթահարել հանդիպող խոչընդոտները: Հավատացեք՝ եթե մարդ գիտի՝ ինչ է ուզում, ինչպես եւ ինչու, իր համար արդեն հաղթահարելի են բոլոր խնդիրները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս