ԸՆԿԵՐ ԱԼՎԱՐԴԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 1970-ականների սկզբներին Ալվարդ Պետրոսյանը գրական ասպարեզ եկավ` շատերը նրա մեջ տեսան ու գնահատեցին շնորհալի արձակագրին, ում «Երկրի պապերը» գիրքն ավետում էր գրական մի նոր մտածողության ծնունդ: Գրողի «Ես մի ծառ եմ ծիրանի» եւ «Ապրելու ժամանակը» գրքերն էլ խոստումնալից եղան: Թվում էր, թե ազգային գրականությունը մի նոր անվամբ պիտի հարստանար, արձակում նաեւ Ալվարդ Պետրոսյանի ժամանակը պիտի սկսվեր, բայց այդ «ժամանակ» բառը շրջափոխությունների ենթարկվեց ու գրողին տարավ եւ տեղավորեց Հայաստանում նոր-նոր բնավորվող Հայ Յեղափոխական կուսակցության շարքերում: Դաշնակցությունն ընկեր Ալվարդի համար դարձավ գաղափար, փիլիսոփայություն եւ նաեւ` բարեկեցության հրաշալի միջոց: ՀՀՇ-ական կառավարման շրջանում ընկեր Ալվարդի խմբագրած թերթը, որն Հայաստանում կանանց համար լույս տեսնող առաջին թերթն էր, ենթարկվեց կտտանքների, այդ թերթն էլ փակվեց` մի շրջան Ալվարդ Պետրոսյանին զրկելով թերթ հրատարակելու հնարավորությունից: Բայց անցած լինելով սովետական դպրոցով եւ լավ յուրացրած Դաշնակցության կարեւոր սկզբունքներից մեկը` ընկեր Ալվարդը կարողացավ հրաշալիորեն համակցել «զոհի» ու «յուրայինի» դիրքավորումները: Հանդիսանալով ընդդիմության ներկայացուցիչ եւ դեմ լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի վարած քաղաքականությանը` նա մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց ԱԺ պատգամավորության թեկնածու, իր նախընտրական շտաբը տեղավորեց Սունդուկյանի անվան թատրոնում, ինչը բացառիկ բան էր ընտրությունների պատմության մեջ: Նա իր ընտրարշավին հրավիրեց խոսք ասելու Տեր-Պետրոսյանի մերձավորագույն բարեկամին ու զինակցին, իր գաղափարական հակառակորդին` Վազգեն Սարգսյանին: Այդ ընտրություններն ընկեր Ալվարդի քաղաքական վերելքի առաջին աստիճաններն էին: Նա արդեն հասցրել էր դառնալ ՀՕՖ-ի ատենապետուհի, մի շարք ծրագրեր ղեկավարել, սակայն նրան հատկապես պատգամավորական մանդատ էր պետք, որպեսզի հայրենի կուսակցության խորհրդարանական նոր ձեւավորվող խմբակցությունը հզորանա: Եւ նա խորհրդարան եկավ ՀՅԴ համամասնական ցուցակով` հետայսու պատգամավորական գործունեությունը նպատակաուղղելով «ազգափրկիչ» ծրագրերի իրականացմանն ու օրենսդրական նախաձեռնություններին:ԱԺ պատգամավոր դարձած Ալվարդ Պետրոսյանի առաջին ու կարեւոր ազգային գործը եղավ այն, որ ամուսնուն` Լոռենց Առուշանյանին դարձրեց անկախ Հայաստանի առաջին ժողովրդական արտիստ: Հետո արդեն մտահոգվեց հարազատ որդու ճակատագրով: Ուսանողական նստարանը հենց նոր թողած որդուն տեղավորեց իր եղբոր գլխավորած` Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարան, որպես ուսուցիչ, ապա մի քանի ամիս անց նրան դարձրեց նույն այդ ուսումնարանի, որը հիմա քոլեջ է, տնօրեն`  աշխատանքից ազատել տալով հարազատ եղբորը: Եթե ընկեր Ալվարդը խորհրդարանում օրենսդրական նախաձեռնություններով եւ ելույթներով աչքի չընկավ, ապա նրա անունը բազմիցս հիշատակվեց անսահման քանակությամբ անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների ցանկում: Ընկեր Ալվարդն, իհարկե, չէր էլ մտածում արդարանալու կամ`  հաջորդ նիստերին մասնակցելու մասին: Անշուշտ, ընկեր Ալվարդի տեսլականը Մշակույթի կամ կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնելն էր, ուստի ժամանակ առ ժամանակ նրա մտերիմ լրագրողներն ու բարեկամները հանրության շրջանում տարածում էին լուրեր, թե ուր-որ է նախագահ Քոչարյանը հրամանագիր է ստորագրելու` նրան նախարար կարգելու մասին, մանավանդ որ Ալվարդ Պետրոսյանը հաճախ էր մաս կազմում Առաջին տիկնոջ «սվիտայի»: Թե ինչու Դաշնակցությունն այդպես էլ ընկեր Ալվարդին չուզեց տեսնել նախարարի պաշտոնում` դժվար է ասել, բայց ի հեճուկս իր չկամ կուսակիցների, որոնք չուզեցին իրենց կուսակցական ընկերուհու մեջ տեսնել մշակույթի ինքնօրինակ առաջնորդին` ընկեր Ալվարդը 2007 թվականին դարձավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:Հիմա ընկեր Ալվարդն իր պատգամավորական գործունեության երրորդ «նստաշրջանն» է ավարտում: Այս տարիների ընթացքում` ոչ մի օրենսդրական նախաձեռնություն, ոչ մի ելույթ որեւէ օրինագծի քննարկման առթիվ. նա անգամ հայտարարությունների եւ հարց ու պատասխանների ժամերին էլ չի հայտնվում խոսափողի մոտ, չի երեւում նաեւ դաշնակցական հրապարակային հավաքների ժամանակ: Ուրեմն` հոգնել է ազգիս խնդիրները լուծելուց: Իսկ այս հոգնությունը նրա վաղվա օրը ոչ թե մշուշոտ, այլ` բավական տեսանելի է դարձնում. նոր խորհրդարանում նա այլեւս չի լինի: Բայց դա հազիվ թե տխրեցնի նրան, քանի որ այս տարիների ընթացքում հասցրեց լիուլի բավարարել իր նյութական պահանջները, ապահովել իր տղայի ապագան, նաեւ` ակնկալել երջանիկ ծերություն: Ի վերջո, նա մի կուսակցության անդամ է, որի գաղափարախոսությունը հենվում է ընկերավարության եւ ընկերականության վրա: Իսկ դա նշանակում է, նախ իմ ընկերային վիճակի բարելավում, ապա` ազգիս, քանի որ «ազգս մեր հոգնության համար մեզի ստակ չի տար»:ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս