Վրաստանի Ախալքալաքի շրջանի հայկական Խանդո գյուղում հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել: Ինքնաձիգից արձակված կրակոցներից սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը: Փաստի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ում քրեական գործ է հարուցվել` ՔՕ 108 հոդվածի հատկանիշներով (կանխամտածված սպանություն):
Ըստ նախնական տեղեկությունների, հարձակվողները դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին, անտառում և ինքնաձիգից կրակ բացել քրեական հեղինակության մեքենայի վրա:
Արդյունքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել առվի մեջ: Որոշ ժամանակ անց տեղի բնակիչներից մեկը հայտնաբերել է մեքենան և սպանվածին ու զանգահարել 112: Գործի շրջանակներում հարցաքննվում են այդ օրը նշված հատվածով անցած ավտոմեքենաների վարորդները:
Armlur.am-ը կատարված շուրջ զրուցեց Խանդո գյուղի ղեկավար Աշոտ Սահարյանի հետ, ով նշեց, որ այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ` ովքեր են եղել սպանության հեղինակները, սակայն շատ հավանական է` դեպքի հանգամանքները բացահայտվեն: Ըստ երևույթին, իրավապահները հետքի վրա են: Ձերբակալվածներ, սակայն, դեռևս չկան:
Աշոտ Սահարյանի փոխանցմամբ` Սարգիս Հակոբյանին ողջ Ջավախքը գիտի` որպես հարգված հեղինակության. «Նա միշտ օգնության ձեռք է մեկնել գյուղացիներին, որպեսզի կարողանան դրսում սկսած բիզնեսները ծաղկեցնել: Սարգիս Հակոբյանը հարգված և սիրված հեղինակություն էր, գյուղում երբեք որևէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել»:
Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ քրեական հեղինակություն համարվող Սարգիս Հակոբյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ` Խանդո գյուղում, և նրա հարազատները ներկա են գտնվել արարողությանը: Աշոտ Սահարյանից տեղեկացանք, որ սպանվածն ամուսնացած էր, 10 տարեկան երեխա ուներ:
Ի դեպ, ըստ Jnews.ge գործակալության, Խանդո գյուղի բնակիչները նշել են, որ Սարգիսն ընտանիքի հետ հաճախ էր այցելում Ախալքալաք: Երբեմն նա ծնողներին իր հետ տանում էր Մոսկվա, բայց այս անգամ ինքն էր 10 օր առաջ ընտանիքի հետ այցելել Խանդո: Հարազատները դեռևս այնտեղ են: Նրանք անորոշության մեջ են և չեն կարողանում հասկանալ` ինչը կարող էր դրդել հանցագործներին սպանելու մարդասեր և անմիջական մարդուն:
Հավելենք, որ Սարգիս Հակոբյանին հասցվել են հրազենային բազմաթիվ վնասվածքներ, որոնցից երկուսը` գլխին: Հոգեհանգիստն անց է կացվել հայկական Սուրբ Խաչ եկեղեցում, իսկ հուղարկավորությանը ներկա է գտնվել ավելի քան հազար մարդ` ռուսական և հայկական պետհամարանիշներով 100-ից ավելի ավտոմեքենաներով: Ս. Հակոբյանի մերձավորներն ասում են, որ նա քրեական հեղինակություն էր Մոսկվայում, իսկ Խանդո գյուղում բարեգործ էր: