Քաղաքական հրապարակումների հետևանքով սպառնալիքներ են եղել, փորձել են խոչընդոտել մեր աշխատանքը. Անի Քոչարը` «ԵՍ» ամսագրի փակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ իսկական արշավ է սկսվել, գաղտնիք չէ. դատական հայցեր, աղբյուր բացահայտելու պարտադրանք… այս շարքին կարելի է դասել «ԵՍ» երիատասարդական ամսագրի հետ տեղի ունեցածը: Երկար տարիներ գործելուց հետո խնդիրների պատճառով այն փոխեց իր անվանումը, իսկ երեկ էլ հայտարարվեց ամսագրի վերջնական փակման մասին: Ստեղծված խնդիրների և ամսագրի վերջնական փակման պատճառների մասին Armlur.am-ը զրուցեց ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Անի Քոչարի հետ:

–  Անի´, մի քանի տարի առաջ հայտնեցիիք, որ առաջացած խնդիրների պատճառով փոխվում է ամսագրի անվանումը, իսկ հիմա էլ հայտարարում եք ամսագրի վերջնական փակման մասին: Կցանկանայի իմանալ` ի սկզբանե ո՞րն  է եղել իրադարձությունների նման զարգացման պատճառը:

– Երկար տարիներ ամսագիրը, այնուհետև, նաև կայքն անխափան գործել են: Համենայնդեպս, մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի ընթերցողին այն տեղ հասնի և ընթերցողը որևէ խնդիր չնկատի: Սակայն ներքին խնդիրներ և հայացքներ խնդիրներ միշտ էլ եղել են տարբեր մարդկանց հետ, ինչը և հաճախ խոչընդոտել է մեր աշխատանքները: Ամսագրի հետ կապված առաջին լուրջ խնդիրը եղավ այն ժամանակ, երբ խնդիրներ ծագեցին «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս»-ի հետ: Այդ ընթացքում շատ արհեստական խնդիրներ ստեղծվեցին մեզ համար, որի հետևանքով մենք կորցրեցինք շատ գովազդատուներ և խնդիրներ առաջացան նաև վաճառքի հետ կապված: Մենք ստիպված էինք դուրս գալ այդ կառույցից և առանձին գործել: Չունենալով ռեսուրս` մենք ևս չորս տարի անխափան աշխատել ենք, սակայն Հայաստանում ֆինանսական, տնտեսական պայմաններից ելնելով մեր լրատվամիջոցը շատ լուրջ խնդիրների առջև կանգնեց և առաջին հերթին` ֆինանսական:

– Հայտնի է, որ «Պանարմենիան Փաբլիշինգ Հաուս» մեդիայի հետ առաջացած խնդիրներից հետո փոխեցիք ամսագրի անվանումը, դրանից հետո ինչ խնդիրների եք բախվել:

– Բնականաբար, «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս»-ի հետ մեր ունեցած խնդիրներից հետո, երբ ստիպված էինք լքել նրանց տարածքը, մենք զրոյից սկսեցինք և չունեինք նույնիսկ համակարգիչ և գրասենյակային գույք: Վերջին չորս տարում իմ անձնական բոլոր խնայողությունները և սեփականությունները վաճառելով մենք կարողացել ենք մեր կազմակերպությունը պահել: Սակայն հասունացավ այն պահը, որ հնարավոր չէ սեփական միջոցներով մեդիա պահելը և ինքնանպատակ է դառնում շարունակ ներդրում անել և 0 դրամ վաստակել: «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս»-ի հետ կապված խնդիրներ կային, կային մարդիկ, ովքեր մասնագիտական նախանձի  և մրցակցությանը չդիմանալու վախի պատճառով դավեր էին նյութում իմ և իմ կառույցի դեմ` ղեկավարության մոտ: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց, բայց պետք է նշեմ, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավար Արմեն Արզումանյանի կողմից եղել է հաշտության առաջարկ և եղել է համաձայնություն` միմյանց չվնասելու: Սակայն մինչ այդ համաձայնությունը, մեզ այնքան վնաս էր եղել «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս»-ի կողմից,  որ տարիներ շարունակ այդ վնասները վերականգներն անհնարին եղավ և այդ իրավիճակն ավելի խորացավ: Մեր ընկերությունն այս ամենից հետո առաջացած խնդիրների պատճառով մի քանի միլիոն դրամի պարտք է կուտակել:

-Նախկինում`  Ձեր հարցազրույցներից մեկում  նշել եք, որ այս ամենը  քաղաքական հետապնդում եք համարում՝ ձեր հայացքների համար: Այժմ էլ եք այդպես կարծո՞ւմ և հատկապես ո՞ւմ կամ ո՞ր օղակի հրահանգն եք համարում:

– Գաղտնիք չէ, որ Հայաստանում, եթե չունես որևէ հովանավորչություն այս կամ այն կուսակցությունից կամ գործող իշխանական գործչից կամ որևէ օլիգարխից, ապա դու միայն ինքդ քեզանով, քո լրատվամիջոցով, չես կարող գոյատևել: Հայաստանում լրատվամիջոցները գործում են այս կամ այն անձանցից գումար վերցնելով կամ պատվիրված նյութեր հրապարակելով: Մենք ոչ առաջինն ենք արել, ոչ էլ վերջինը, ամսագրի դեպքում ապավինել ենք վաճառքին, սակայն Հայաստանում ամեն բան կենտրոնացած է մեկ-երկու, լավագույն դեպքում չորս ընտանիքների ձեռքում և, եթե դու այդ ընտանիքների շահերը սպասարկող լրատվամիջոց չես, ինքնուրույն երկար գոյատևել չես կարող:  Պետք է ասեմ, որ քաղաքական հրապարակումների հետևանքով սպառնալիքներ են եղել, բայց դա երբեք մեզ չի խանգարել մեր գործունեությունում և այդ սպառնալիքները մնացել են խոսքի մակարդակում:  Եթե նույնիսկ ինչ-որ բան արվել է, մենք շարունակել ենք պայքարել: Եթե չլիներ գովազդային վաակումը և ֆինանսավորման բացակայությունը, մենք կշարունակեինք անխափան գործել: Միակ խոչընդոտը եղել է ֆինանսի բացակայությունը, համենայնդեպս ինձ համար մնացած բոլոր խնդիրները հաղթահարելի են եղել և ես երբեք չեմ վախեցել հայացքների բախում ունենալուց:

– Այլ լրատվամիջոցներից, անձանցից կամ «Ժառանգություն» կուսակցությունից այս առնչությամբ օգնության որևէ առաջարկներ ստացե՞լ եք:

– Պետք է ասեմ, որ մոտ մեկ տարի մեզ օգնության ձեռք է մեկնել «Ինթերնեշնլ Մեդիա Հոլդինգ»-ը, որի համար շնորհակալ եմ: Պետք է ասեմ, որ որևէ այլ լրատվամիջոցի, անձանց կամ առավել ևս «Ժառանգություն» կուսակցության կողմից  որևէ աջակցության առաջարկ չի եղել, անգամ որևէ սրտացավ վերաբերմունք և մոտեցում չի եղել, և ես դա ցավով եմ նշում: Ինքս որևէ կուսկացության անդամ չեմ եղել, բայց պատրաստակամ եմ եղել առողջ համագործակցության` առանց գաղափարական և խոսքի ազատության ճնշումների:  Բայց, ցավոք դա Հայաստանում միֆ է և երազանք: Եթե Հայաստանում որևէ կառույց քեզ օգնում է, նա ցանկանում է 100 տոկոս վերահսկողություն, իսկ այդպիսի պայմաններում ես աշխատել չեմ կարող:

Հավելենք, որ «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությունը հանդիսանում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» միավորման անդամ, իսկ վերջինս էլ պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին և վերջինիս մերձավորներին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս