Վենետիկի հանձնաժողովի կարծիքը եւս արհամարհված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իշխանությունն առ այսօր հրապարկել է երկու փաստաթուղթ՝ «Հայեցակարգը» եւ «Նախագիծը»: Մինչ վերջինի՝ հրապարակում հայտնվելը, ստեղծվել էր այն թյուր տպավորությունը, թե իբր նոր Սահմանադրության հիմնական խնդիրը լինելու է մարդու իրավունքի գերակայության ամրագրումը պետական եւ հասարակական կյանքում: Այս դրույթի կարեւորության արձանագրումը կարելի է տեսնել «Հայեցակարգի» բոլոր բաժիններում:

Ասպարեզ նետված տարբերակը, սակայն, նույնիսկ մի շարք հստակ սահմանափակումներով է գանահարում մարդու իրավունքը՝ բառի ուղիղ իմաստով սահմանադրական ավտորիտարիզմի հիմքեր դնելով: Հետաքրքիր է, որ նման վտանգներից անուղղակիորեն զգուշացնում էր իշխանությունների կողմից այդքան չարչրկված Վենետիկի հանձնաժողովը, որի հայտնած կարծիքը «Հայեցակարգի» վերաբերյալ բավականին ուշագրավ է, եւ կարելի է պնդել, որ այն իշխանությունների համար էական նշանակություն չի ունեցել «Նախագծի» կազմման ժամանակ:

Այսպես, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նախ նկատում է, որ «Հայեցակարգը» պետք է միտված լինի երկրում բացառապես ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանը: «Նախագծին» ամենամակերեսային ծանոթությունն անգամ թույլ չի տալիս մտածել ժողովրդավարական սկզբունքների խորացման մասին: Հաշվի առնելով կյանքի ու սեփականության իրավունքների երաշխավորման հարցում արձանագրված խայտառակ նահանջը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի «նորովի» մեկնությունը՝ կարող ենք պնդել, որ Վենետիկի հանձնաժողովի վերոնշյալ հորդորը գրոշի արժեք չի ունեցել: Նույնիսկ իշխանության ամենաջերմեռանդ պաշտպաններն են զուսպ արտահայտվում ժողովրդավարական արժեքների հարցում նոր նախագծի մատուցած հնարավորությունների կապակցությամբ:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ շեշտվում է նաեւ «Հայեցակարգի» նպատակի կարեւորությունը՝ արձանագրելով, որ այն պիտի հանդես գա իբրեւ ԵԽ-ի հիմնարար արժեքների ամբողջական իրականացնող եւ իրենից զգալի փոփոխություն ենթադրելով հանդերձ՝ նոր նախագիծը չի կարող խզում առաջացնել գործող սահմանադրակարգի հետ: Սա չափազանաց կարեւոր դրույթ է, որն ակնհայտորեն արհամարհվել է Սերժ Սարգսյանի ստեղծած հանձնաժողովի կողմից: Նոր նախագծով գործող սահմանադրակարգի ոչ մի էական տարր պահպանված չէ:

Եթե անգամ խնդիրը Սերժ Սարգսյանի անձնական իշխանությունը պահպանելն էր խորհրդարանական կառավարման անցնելու գնով, կարելի էր գոնե չշեղվել դասական խորհրդարանական մոդելից: Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրակարգի օրինակը բերելով՝ տպավորություն է, որ իշխանությունները լոկ փոխառել են ամենաանհեթեթ դրույթները, ինչպես, օրինակ, վարչապետի ու նախարարների երդում տալու նորամուծությունը, իսկ ընտրական համակարգի եւ պետական ինստիտուտների տեսնակյունից նոր, սակայն միանգամայն խարխուլ հեծանիվ են հորինել: Այլ կերպ ասած՝ ջանք չի խնայվում սահմանադրական նորմերով երկրում բռնապետություն հաստատելու ուղղությամբ:

Վենետիկի հանձնաժողովը հատուկ նշում է, որ վերափոխումները պիտի արժանանան լայն աջակցության: Նկատի ունենալով «Հայեցակարգի»՝ իրավական տեսնակյունից իրավիճակի բազմակողմանի վերլուծության պարագան՝ հանձնաժողովն արժանի է համարում շեշտելու, որ ընտրությունը պիտի կատարվի՝ նաեւ հարցի քաղաքական կողմը հաշվի առնելով:

Ըստ այդմ՝ առաջարկվող լուծումները պիտի լայն քննարկումների փուլ անցնեն, եւ ցանկացած պարագայում սահմանադրական փոփոխությունները պիտի անցկացվեն բացառապես հասարակական լայն կոնսենսուսի հիման վրա: Հայաստանի քաղաքական անցուդարձին ծանոթ ցանկացած ոք կվկայի, որ սահմանադրական փոփոխությունների հարցում կոնսենսուսի մասին խոսք լինել չի կարող: Իշխանությունը համառորեն հրաժարվեց ընդդիմության կարծիքը լսել խորհրդարանական կարգի անցման աննպատակահարմարության մասին, ինչը, ի դեպ, 2 տարի առաջ հենց իրենց համոզմունքն էր: Հատկանշական է, որ անգամ խորհրդարանական կարգի կողմնակիցներն են տարակուսած առաջարկվող տարբերակից, քանզի այն իր էությամբ ամենեւին էլ միտված չէ պառլամենտական կառավարման համակարգին:

Ոչնչացնելով քաղաքական կոալիցիայի ինստիտուտը եւ կոճակ սեղմողների մեծամասնության դիկտատուրա հաստատելով՝ ամբողջովին մերժվում են հարցի քաղաքական առանձնահատկությունները: Փաստացիորեն, Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն անտեսված են հրապարակված նոր նախագծում, ինչը, այդուամենայնիվ, իշխանություններին չի կաշկանդելու ամենուրեք շահարկել այս հանձնաժողովի անունը եւ մոլորեցնել քաղաքացիներին վենետիկյան չեղած աջակցության թմբկահարություններով:

Հ.Գ. Իշխանության խոստացած «մարդակենտրոն» Սահմանադրությունը, ինչի մասին խոսվում է համապատասխան հանձնաժողովի ստեղծումից ի վեր, հրապարակված նախագծով հանդես է գալիս որպես «սերժսարգսյանակենտրոն»: Ըստ էության, ջանք չի խնայված երաշխավորելու Սերժ Սարգսյանի ապահովությունը՝ որպես իշխանության իրական առաջնորդի: Այս համակարգը խստագույնս հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանը, երբ կուսակցության գլխավոր քարտուղարի՝ քաղաքականապես աննշանակ պաշտոնը գերադասված էր պետական բոլոր լծակներից: Հանուն արդարության, սակայն, հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդի կարգավիճակում ուժային կառույցներին իրեն ամբողջովին ենթարկել չի կարողանալու, իսկ անկախ Հայասատանի պատմությունը փաստում է, որ ուժայիններին վերահսկողն է լինելու իշխանության իրական տերը՝ աստիճանաբար դուրս բերելով համակարգը թոշակառուի կարգավիճակի հետ չհաշտվող հերթական գործչի տակից:

Այնպես որ, հազիվ թե 2018թ. խուսափենք «Սերժ Սարգսյանի վարչապետությանը այլընտրանք չկա» ՀՀԿ-ական համատարած քարոզչությունից: Միակ դրական հետեւանքը կլինի այն, որ այսպիսի Սահմանադրության պարագայում Հայաստանում այլեւս սահմանադրական կարգը չի խախտվի: Արդ, հղում անելով Սահմանադրությանը՝ արտոնյալների դասը կարող է մարդուն անպատիժ ֆիզիկապես ոչնչացնել, բռնազավթել իշխանությունը եւ վայելել տնտեսական մենաշնորհները:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս