Ինձ ոչ ոք չի ստիպել ու երբեք չեն ստիպում. Խաշթառակի գյուղապետը` վարչապետի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես «Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի գյուղապետ Հայկ Քամալյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` ՌԴ մեկնելու նպատակով: Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե տեղեկություններ ունի, որ Հայկ Քամալյանին ստիպել են հրաժարական տալ:

Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց Խաշաթակ գյուղի գյուղապետի հետ ՝ նրանից մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Վերջինս տեղյակ չէր Հովիկ Աբրահամյանի ՝ կառավարության նիստի ժամանակ հնչած խոսքերի մասին:  «Ես չեմ լսել, ճիշտն ասած, չեմ նայել: Այսօր մեր գյուղում հոսանք չի եղել, հովհարային անջատում է եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը` Քամալյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Բայց հաստատ ասում եմ՝ ինձ ոչ ոք չի ստիպել ու երբեք ինձ չեն ստիպում ոչ մի դեպքում: Ինքս իմ կամքով, իմ առողջական վիճակից ելնելով խնդրել եմ, որ մարզպետն իմ հրաժարականն ընդունի»:

Այնուհետև հավելեց. «Ինչպե՞ս եք դուք կարծում, եթե ինձ ստիպել են հրաժարական ներկայացնեմ, ապա ինչն է պատճառը, որ ես մայիսի 29-ին եմ խնդրել, որ իմ հրաժարականն ընդունեն, իսկ այսօր հուլիսի 30-ն է և դեռ չեն հաստատել: Դա աբսուրդ է, այդպիսի բան չի կարող լինել: Ես 7 տարի է գյուղապետ եմ աշխատում, երբեք ոչ մի կառույցից ոչ մի ստիպողական խոսք չի եղել: Ես իրոք վատառողջ եմ»:




Լրահոս