«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, թե կուսակցության պետական գրանցումը մերժում են: Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարությունն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե ընդամենը տեխնիկական խնդիր է եղել: Իսկ կուսակցության ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե մի իշխանական կուսակցություն պետք լիներ գրանցել, ապա ՀՀ արդարադատության նախարարությունը դա կաներ մի քանի րոպեի ընթացքում:
«Ս.թ. մայիսի 16-ին հազարից ավել ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ հիմնադրվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Ընդամենը երկու ամիս անց այդ մարդկանց թիվը կրկնապատկվեց: Անընդհատ բացվում են կուսակցության տարածքային գրասենյակներ ՀՀ տարբեր մարզերում ու քաղաքներում: Կուսակցության վարչության եւ հանձնաժողովների ակտիվ աշխատանքն օրեցօր ընդլայնում են կուսակցության ճանաչումն ու ժողովրդականությունը: Կուսակցության քաղաքական կուրսը եւ երկրում իրականացվող անարդյունավետ կառավարման ու դրանում պատասխանատուների նկատմամբ խիստ քննադատությունն ու պահանջատիրությունը, բնականաբար, պետք է առաջացներ որոշակի հակազդեցություն «Ալյանս»-ի նկատմամբ»,-ասված էր հաղորդագրությունում:
Կուսակցությունը նշել էր, որ հենց այդ տեսանկյունից են գնահատում իշխանությունների կողմից` ՀՀ արդարադատության նախարարության «ձեռքերով», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության պետական գրանցման մերժումը. «Մենք ընդունում ենք մեզ ուղղված մարտահրավերը. սա միայն քառապատկելու է մեր ներուժը: Հարկադրված, կուսակցությունը առաջիկա օրերին կանցկացնի նոր համագումար եւ կպարտադրի իր իսկ գրանցումը` գործող օրենքի շրջանակներում»:
Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը պատասխանեց «Ալյանս» կուսակցության տարածած հաղորդագրությանը: «Հայտնում եմ, որ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում 24.06.2015թ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի թիվ 211-Մ-98 որոշմամբ մերժվել է կուսակցության պետական գրանցումը` ներկայացված փաստաթղթերի եւ կանոնադրության` ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու հիմքերով»:
Ղուլյանի ներկայացմամբ` կուսակցության նախագահի եւ լիազորված անձի անձնագրերի պատճենները վավերացված չեն եղել. «Եւ չեն բովանդակել գործադիր մարմնի ղեկավարի կողմից այն վավերացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հիմնադիր համագումարի արձանագրության էջերը համարակալված չեն եղել: Ներկայացված հիմնադիր համագումարի կողմից որոշում է կայացվել կուսակցության տարածքային ստորաբաժանումների ստեղծման մասին, սակայն արձանագրությունից պարզ չի եղել, թե արդյոք տարածքային ստորաբաժանումներից ընտրված պատվիրակները մասնակցել են կուսակցության հիմնադիր համագումարի կողմից ընդունված որոշումներին»:
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականը հավելել է, թե հունիսի 25-ին կուսակցությունը կրկին փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ պետական ռեգիստր` կուսակցության պետական գրանցման խնդրանքով, սակայն հուլիսի 20-ին կուսակցության լիազորված անձի կողմից դիմում է ներկայացվել փաստաթղթերում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացված փաստաթղթերը հետ վերադարձնելու եւ հունիսի 15-ի ներկայացված դիմումն առանց քննության թողնելու մասին: Վերջինս նշել է, որ հուլիսի 21-ին դիմումը բավարարվել է, եւ փաստաթղթերը հետ են վերադարձվել դիմումատուին:
Երեկ քննարկվում էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կուսակցությունը չգրանցելն ուղղակի «շոու» է, որի նպատակը նորաստեղծ կուսակցությանը «հալածյալի» իմիջ հաղորդելն է: Նշվում էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չի կարող խնդիր առաջացնել գրանցման հարցում, քանի որ ՀՀ իշխանությունները որեւէ վտանգ չեն տեսնում այդ կուսակցությունից:
«Ժողովուրդ»-ը փորձել է այս ամենի շուրջ պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի տեսակետը:
-Պարո՛ն Ուրիխանյան, ինչո՞ւ է Ձեր նորաստեղծ կուսակցությունը համարում, որ իշխանությունը ՀՀ արդարադատության նախարարության «ձեռքերով» է փորձում մերժել «Ալյանս»-ի պետական գրանցումը: Դուք միտո՞ւմ եք տեսնում այդ ամենում:
-Դուք հիշո՞ւմ եք՝ ես միառժամանակ առաջ մի նախագիծ էի ներկայացրել հենց կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ անելու համար, հենց միտքը դրանում էր, որ տեխնիկական, անբովանդակային, ոչ էական փոփոխությունների պարագայում կուսակցությունը ստիպված չլինի նորից համագումար անել: Բայց ինչպես տեղյակ եք՝ ՀՀ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց, եւ, այդուհանդերձ, պետք է տեսնենք, թե այն խորհրդարանում ինչպես կքննարկվի: Իսկ մնացած հարցերը կարող եք ստանալ մեր հայտարարությունից, մեր հայտարարությունում ամեն ինչ ասված է:
-ՀՀ արդարադատության նախարարությունը նշում է, որ խնդիրը տեխնիկական է, ու որեւէ միտում չկա, «մեղքը» Ձեր կուսակցությանն է:
-Եթե որեւէ իշխանական կուսակցություն գրանցման ներկայացներ փաստաթղթեր, քանի՞ րոպեում կգրանցվեր չհամարակալված էջերով: Իսկ արդյոք արդարադատության նախարարության պնդումները հիմնավոր են, թե ոչ, եզրակացությունը թողնում եմ հանրությանը:
-Տեսակետ կա, որ այս ամենը «շոու» է՝ Ձեր ղեկավարած կուսակցության ճանաչման, ինչպես նաեւ «զոհի» կարգավիճակում ներկայացնելու համար:
-Ինչ են ասում, ինչ չեն ասում, ինձ առանձնապես չի հետաքրքրում: Մեր հայտարարությունում ամեն ինչ ասված է:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի նկատմամբ: Ադրբեջանի Նասմինյան շրջանի դատարանը գործարարին ձերբակալելու որոշում է կայացրել:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել «Ստերլիգովի եւ այլոց նկատմամբ՝ առանց համապատասխան փաստաթղթերի պետական սահմանը ապօրինի հատելու, պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» փաստերով: Ստերլիգովին կալանավորելու գործում ներգրավվել է Ինտերպոլի ադրբեջանական բյուրոն, որն իրականացնում է անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Հիշեցնենք, որ ռուս միլիարդատեր, քաղաքական ու հասարակական գործիչ, Գերման Ստերլիգովը հուլիսի 4-ին իր ընտանիքի անդամների հետ հեռացել է Ռուսաստանից ու բնակության նպատակով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ռուսական մամուլի հրապարակումների համաձայն` Ստերլիգովը ԼՂՀ-ում պատրաստվում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրւթյամբ զբաղվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե Ղարաբաղում ինչպես են վերաբերվում Ստերլիգովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու` Ադրբեջանի իշխանությունների որոշմանը:
-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի նկատմամբ: Ինչպե՞ս են այս հարցին վերաբերվում ԼՂՀ իշխանությունները:
-Ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, որը այցելել է Արցախի Հանրապետություն որպես զբոսաշրջիկ, հիմա մարդը եթե որոշել է, որ ցանկանում է մնալ այստեղ, մենք ազատ երկիր ենք, ու որեւէ խոչընդոտներ չկան: Իր կողմից որեւէ հայց՝ իր քաղաքացիությունը փոխելու կամ ինչ-որ կարգավիճակի հետ կապված, մենք չունենք:
-Կարծես թե այդ խոչընդոտը փորձում են ստեղծել ադրբեջանական իշխանությունները, ինչ-որ աջակցությո՞ւն ցուցաբերելու եք Ստերլիգովին:
-Ադրբեջանը շատ բաներ է հայտարարում, իրենք հայտարարում են, թե իրենց դրոշն են դնելու Արցախում, Շուշիում, մենք էլ ասում ենք՝ սիրով կընդունենք Ձեր դեսպանատան վրա մեր դրոշը, երբ որ լինի ճանաչում, թող գան ու այստեղ ճանաչեն ԼՂՀ-ն, դեսպանատան շենք կտանք, դրոշը թող տեղադրեն այնտեղ: Ինչ վերաբերում է գործի հարուցմանը, ապա անհասկանալի է, թե ինչի հիման վրա են դա արել: Պարզ է, որ սա քաղաքական գործ է, բայց ուղղակի անլուրջ է: Նրանք շարունակում են իրենց քաղաքական կատակերգությունը, ուրիշ որեւէ ձեւով չի կարելի մեկնաբանել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ
«Ժողովուրդ»-ի խմբագրությունը չի դադարում ահազանգեր ստանալ այն մասին, որ հանգստանալու նպատակով Հայաստանից արտերկիր մեկնողները ստիպված են հարեւան Վրաստանից իրականացվող չվերթներից օգտվել, քանի որ այդ դեպքում ավիատոմսերը կրկնակի, եռակի էժան են: Թբիլիսի օդանավակայանի ավտոկայանատեղին հիշեցնում է «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղին. այստեղ գերակշռում են բացառապես հայկական համարանիշներով ավտոմեքենաները: Հայաստանցիներն իրենց ավտոմեքենաներով գնում են Թբիլիսի, մեքենան թողնում օդանավակայանի ավտոկայանատեղում եւ մեկնում արտերկիր, այնուհետեւ վերադառնալով Թբիլիսի՝ իրենց ավտոմեքենայով գալիս են Հայաստան: Ինչն է ավիատոմսերի սակագների նման կտրուկ տարբերության պատճառ, այս հարցի պատասխանը դեռ ոչ ոք չի տալիս:
ԿԳԱ, ԿՆՇԱՆԱԿԻ
Արդեն 15 օր է, ինչ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ, ուստի մինչեւ նրա վերադարձը նախարարի նշանակումը հաստատ չի լինի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը արդարադատության նախարարի թեկնածուի հարցում դեռ չի կողմնորոշվել: Տեղեկացնենք, որ այս ընթացքում որպես նախարարի հնարավոր թեկնածուներ շրջանառվում են ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի անունները: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի եւ Արթուր Օսիկյանի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են եղել:
ԿՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր այսօրվա նիստում պատրաստվում է խիստ նախազգուշացում հայտնել «Արտավան ՀԷԿ» ՍՊԸ-ին: Բանն այն է, որ այս տարվա մայիսի 22-ին տեղի է ունեցել նշված ընկերության բաժնետերերի փոփոխություն: Բաժնետերերից Հասմիկ Մելքոնյանն ու Ռազմիկ Հովհաննիսյանն իրենց 27,5 տոկոս բաժնեմասերը վաճառել են համապատասխանաբար Արթուր Գարեգինյանին եւ Հայրապետ Ավենյանին: Բացի այդ՝ ընկերությունը վարկ ստանալու համար «Արտավան ՓՀԷԿ-1» եւ «Արտավան ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական միջոցները գրավադրել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: Սակայն երկու գործարքների մասին էլ ընկերությունը ՀԾԿՀ-ի չի տեղեկացրել: Ինչի համար էլ ՀԾԿՀ-ն մտադիր է «Արտավան ՀԷԿ»-ին նախազգուշացնել:
ԴԱՏԱԽԱԶԻՑ ՓԱՍՏԱԲԱՆ
ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը, ով մեկ անգամ արդեն «կտրվել» էր ՀՀ փաստաբանների դպրոցի որակավորման քննությունից, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ի վերջո կարողացել է քննությունները հանձնել եւ դառնալ փաստաբանական պալատի անդամ: Այսպիսով՝ թոշակառու դատախազն այլեւս իրավունք կունենա փաստաբանական գործունեություն ծավալել: