Գյումրեցի ակտիվիստների համառ պայքարը տվե՞ց իր արդյունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստ Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է:

Armlur.am-ի հետ զրույցում Կարեն Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ այս պահին քրեական գործի կարճման որոշումը հաստատող ծանուցմանն են սպասում. «Քանի որ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ առանց մեղադրյալ քրեական գործ չի կարող լինել, ուստի վստահ ենք, որ քրեական գործը կկարճվի»:

Ակտիվիստի կարծիքով, վարույթն իրականացնող մարմնի նման որոշումն իրենց համառ պայքարի արդյունքն է. «Մեր պայքարը երեք վեկտորներց էր բաղկացած` իրավական, բարոյական և քաղաքացիական: Եվ ահա այս երեքի համադրության արդյունքում նման բան տեղի ունեցավ»:

Վերջում Կարեն Պետրոսյանը հավելեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման որոշում կայացնելը նախադեպը չունեցող դեպք է, քանի որ ակնհայտ է, որ մտավորականության ներկայացուցչի նկատմամբ շինծու գործ էր հարուցվել:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Գյումրիում բողոքի ալիք բարձրացրած խաղաղ նստացույցի մասնակիցներն ավելի վաղ հայտարարել էին, որ եթե քրեական գործը չկարճվի, իրենք քաղաքացիական անհնազանդություն կդրսևորեն:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանի նկատմամբ հունիսի 23-ին Գյումրիում, հոսանքի թանկացման դեմ տեղի ունեցած ցույցից հետո, քրեական գործ էր հարուցվել և խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվել:




Լրահոս