Եթե շինծու քրեական գործը չկարճվի, կստացվի` քաղաքական որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի մակարդակով. Կարեն Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե քրեական գործը չկարճվի, ապա կստացվի, որ այս քաղաքական որոշումը կայացվել է նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանը, ում նկատմամբ հունիսի 23-ին Գյումրիում հոսանքի թանկացման դեմ տեղի ունեցած ցույցից հետո քրեական գործ է հարուցվել և խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվել:

Կարեն Պետրոսյանը, սակայն, շեշտեց` չի կարծում, թե այս որոշումը կայացվել է նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով. «Բայց կայացվել է և նման պարագայում իրեն եմ դիմում` թող կարճի այս գործը, քանի որ նա բոլոր քաղաքացիների իրավունքների վերջնական երաշխավորն է: Ինքը մանկավարժի, գիտնականի, բժիշկի, բանվորի, գործազուրկի իրավունքի վերջնական երաշխավորն է: Մենք չենք քաղաքականացնելու այս պրոցեսը, ինչքան էլ ցանկանան: Իսկ երկրի նախագահին էլ դիմում եմ այն ակնկալիքով, որ երաշխավորի իմ իրավունքը և քաղաքական այս հետապնդումը դադարեցնի: Եթե չի լինի դա, ապա ես իմ համար կֆիքսեմ` այս երկրում իրավունքի վերջնական երաշխավոր գոյություն ունի, թե ոչ: Խնդրում եմ` նախագահին փոխանցվի, որ այսպիսի գործ է բացվել Գյումրիում, և մենք մինչև վերջ գնալու ենք: Հիմա մինչև այդ քայլերն անելը, կուզենանք, որ երկրի նախագահը քայլ աներ և այս ամեն ինչին լուծում տար»:

Ակտիվիստը մեկ անգամ ևս շեշտեց, որ սա քաղաքական պատվեր է և քրեական գործը շինծու, կեղծ գործ է: «Դա քաղաքական հետապնդում է: Ենթադրենք պահի տակ որոշում են կայացրել քրեական գործ հարուցել, թող հիմա ողջամիտ լինեն և կարճեն, իրենք էլ կպրծնեն իրենց սխալներից: Կամ եթե ոչ, ուրեմն կգնան ոչ ողջախոհ ճանապարհով և, գիտնականի վրա քրեական շինծու գործ հարուցելով, երկրի համար ծաղրանքի առիթ կստեղծեն: Մի քանի իշխանավոր մեր երկրի համար կստեղծեն ծաղրանքի հիմքեր, որը ես չէի ուզենա»,- ավելացրեց Կարեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերվում է գյումրեցի ակտիվիստների` իշխանություններին տված վերջնաժամկետին, որն այսօր ավարտվում է, Պետրոսյանը նշեց. «Հավանաբար ակտիվիստները կսպասեն մինչև օրվա վերջ, եթե նորություն չլինի, համապատասխան հայտարարությամբ հանդես կգան»:

Հիշեցնենք` Կարեն Պետրոսյանը  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ու նստացույց հայտարարած գյումրեցի ակտիվիստներից է, ում հունիսի 23-ին բերման էին ենթարկել ոստիկանական Կումայրիի բաժին, ապա մեղադրանք առաջադրել՝ խուլիգանության հատկանիշներով:

Լուսանկարը` GalaTv-ի:




Լրահոս