Երգիչները` Հայաստանում ժողովրդական երգի պահանջարկի, դահլիճներ լցնելու և հովանավորների պակասի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում վերջին տարիներին ավելի ու ավելի քիչ են մեծածավալ համերգներ կազմակերպվում: Դա իր բացասական հետեւանքն է ունենում բոլոր ժանրերի, այդ թվում եւ ազգային-ժողովրդական երգեր կատարողների համար: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է ժողովրդական երգիչներից` որքանով է նրանց մատուցած երաժշտությունն այսօր Հայաստանում պահանջված:

ruben

Ժողովրդական երգեր կատարող Ռուբեն Սասունցին մեզ հետ զրույցում թեեւ խոստովանեց, որ այսօր ժողովրդի մի ստվար զանգված գերադասում է ռաբիսը, սակայն ժողովորդական երգն էլ ունի իր պահանջարկը. «Կարող եմ վստահաբար ասել, որ 8-9 տարի առաջ շատ չէին հնչում ազգային-ժողովրդական երգեր, սակայն այսօր արդեն երիտասարդ սերունդը հակված է նման երգեր լսելուն, կատարելուն»,-նկատեց նա:
Երգչի խոսքով` այսօր ինքն իր ընտանիքը պահում է ժողովրդական երգ կատարելու միջոցով միայն. կողմնակի եկամտի աղբյուր չունի:

Ռուբենը նաեւ նշեց, որ ժողովրդական երգիչներին համերգների հնարավորություն տրվում է Հայաստանից դուրս. «Բնական է, որ սփյուռքում համերգները շատ են, ժողովուրդը` կարոտած, սակայն, միեւնույն ժամանակ, կարող եմ վստահաբար ասել, որ եթե այսօր Հայաստանում մեզ համերգով հանդես գալու հնարավորություն ընձեռվի, տոմսերը կսպառվեն, դահլիճները կլցվեն, միայն թե հովանավորներ են պետք»,-եզրափակեց նա:

gohar-hovhannisyan

Ժողովրդական երգեր կատարող Գոհար Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ազգային-ժողովրդական երգեր կատարողները հիմնականում գումար վաստակում են կոորպորատիվ միջոցառումների ընթացքում, քանի որ վեջին շրջանում Հայաստանում համերգներ շատ քիչ են կազմակերպվում: Ամեն դեպքում, Գոհարը չի դժգոհում` հավաստիացնելով, որ ազգային-ժողովրդական երգեր երգելով` Հայաստանում հնարավոր է նորմալ վաստակել:

Նրա համոզմամբ` շատ կարեւոր է, որ կատարողն ինքը հանդիսատեսի շրջանում հետաքրքրություն առաջացնի ազգային-ժողովրդական երգի նկատմամբ. «Տարիներ առաջ, երբ ես ռեստորանում էի աշխատում, գալիս, խնդրում էին, որ «Իմ հիվանդ մայրը» երգեմ, բայց ես նրանց առաջարկում էի, օրինակ, «Քանքարավոր ընկերը», եւ ժողովուրդը հաճույքով լսում էր դա: Այնպես որ, մենք պետք է լինենք ճաշակ թելադրողները»,-ասաց Գոհարը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս