ՁՄԵՌ ՊԱՊԻՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն ակտիվ էր ամանորյա օրերին՝ կուսակցության երիտասարդական թեւի ձմեռ պապերի ու ձյունանուշների տեսքով հանրապետության տարբեր քաղաքներում շրջելով ու մարդկանց նվերներ բաժանելով: Իսկ ահա քաղաքական դաշտում ԲՀԿ-ն դեռեւս չի շտապում հրապարակային ակտիվություն ցուցաբերել:
Իհարկե, ԲՀԿ-ն հայտարարել է նախագահի ընտրություններում թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին: Մինչդեռ շատերին ու առաջին հերթին ԲՀԿ-ին քվեարկած 500 000 քաղաքացիներին այսօր հետաքրքրում է՝ ինչով է զբաղված խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը:
Եթե նախագահի ընտրություններին թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին որոշման արդյունքում ՀԱԿ-ի ներսում խմորումներ են սկսվել, ապա ԲՀԿ նույնաբովանդակ որոշումից հետո այդ կուսակցությունում պարզապես հարկադիր պարապուրդ է. այնտեղ ինչ-որ տեղ ինքնահոս ու բարձիթողի վիճակ է: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԲՀԿ-ում, բացի ,հին ու նոր Ամանորըե նշելուց, որեւէ այլ քաղաքական միջոցառում չի իրականացվում: Խոսակցություններ կան, որ կուսակցության ղեկավար անդամներից շատերն օրերով նույնիսկ չեն կարող հանդիպել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին. լավագույն դեպքում նրա մոտ “թափանցում է” ընտրյալների շատ փոքր խումբը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, սակայն, հերքեց այդ լուրերը՝ վստահեցնելով, որ Ծառուկյանն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ պարբերաբար հանդիպում է ինչպես առանձին-առանձին, այնպես էլ թիմով: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն այս օրերին էլ ակտիվ աշխատում է, մասնավորապես, ունենալով ԱԺ-ում մեծ խմբակցություն, զբաղված են խորհրդարանական գործունեության նախապատրաստությամբ, ու առաջիկայում էլ քաղաքացիներն ականատես կլինեն իրենց քայլերին: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե այժմ ԲՀԿ-ն զբաղված է ներկուսակցական կազմակերպչական խնդիրներով:
Իսկ “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝օրերս տեղի է ունեցել ԲՀԿ կանանց խորհրդի նիստ, որի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը հրաժարական է տվել խորհրդի ղեկավարի պաշտոնից՝ մնալով, սակայն, խորհրդի կազմում: Առայժմ այդ պաշտոնը թափուր է մնացել, ու ԲՀԿ-ում թեկնածուի ակտիվ փնտրտուքներ են ընթանում: Այդ կապակցությամբ Ենոքյանը “168 ժամ”-ին պարզաբանել է. “Ես հրաժարվել եմ միայն նախագահի պաշտոնից: Էստաֆետը հանձնել եմ երիտասարդներին եւ գտնում եմ, որ դա շատ ճիշտ է: Ես բավական մեծ տարիք ունեմ եւ հազիվ եմ հասցնում զբաղվել իմ բիզնեսով”: Նա նաեւ նշել է. “Ես էս պալատից էն պալատը չեմ թռնում: Ես մինչեւ իմ կյանքի վերջը մնալու եմ ԲՀԿ-ական: Ուրիշ կերպ չի կարող լինել”:
Բացի այդ, ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ է դարձել կուսակցության ղեկավարի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը: “Քաղաքական խորհրդի մասնագիտացված հանձնաժողովներն են շատ ակտիվ աշխատում: Նաեւ ակտիվորեն պատրաստվում ենք խորհրդարանի արձակուրդի ավարտին: Կուսակցական կազմակերպչական աշխատանքները ոչ թե զուտ աշխատանքներ են, այլ խորհրդարանում 36-հոգանոց խմբակցության կազմակերպչական աշխատանքներ”,-շեշտեց Տիգրան Ուրիխանյանը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն ակտիվ էր ամանորյա տոներին ձմեռ պապիկների ու ձյունանուշների տեսքով, այլ ոչ թե քաղաքականապես, Ուրիխանյանը նշեց. “Ամանորին, բնականաբար, պետք է լիներ ամանորյա նախաձեռնություն, բայց ԲՀԿ երիտասարդական միության միջոցով, “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ”:
Ուրիխանյանին նաեւ հարցրինք՝ արդյոք ընտրություններին ոչ մի ձեւաչափով չմասնակցելու ԲՀԿ-ի որոշումը բացասաբար չի ազդել կուսակցության վարկանիշի վրա եւ չի նվազեցրել համակիրների բանակը: Պարզվեց՝ իրենց համակիրների կարծիքը պայմանավորված չէ ,այսրոպեական ցանկությամբ ու կարճաժամկետ հեռանկարներովե: “Բոլորին հասկանալի է, որ այդ վստահությունը ձեռք է բերվել առանց սեթեւեթանքի, ձեւականության, այլոց չեզոքացնելու գործունեություն իրականացնելու: Եվ դա շարունակվելու է: Բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե մարդիկ կարող են այլեւս հույսեր չկապել ԲՀԿ-ի հետ, թող իմանան՝ ինչպես ձեռք է բերվել այդ վստահությունը, հիմա դրան կրկնակի ու եռակի ջանքեր ենք գործադրելու, եւ կրկնակի ու եռակի մարդիկ են կանգնելու մեր կողքին”,-վստահեցրեց Տ. Ուրիխանյանը: Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ նախագահի ընտրություններին մասնակցելուց ամենաուժեղ քաղաքական ուժերի հրաժարվելը չի տանի այդ կուսակցությունների դուրսմղմանը դաշտից: “Ես նման վտանգ չեմ տեսնում: Ամեն ինչ նորմալ է: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում քաղաքական դաշտը պետք է ընդհանրապես դատարկվեր, քանի որ ամենաուժեղ քաղաքական ուժերը չեն մասնակցում ընտրություններին: Բայց դա ամենեւին էլ այդպես չէ”,-նշեց նա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս