Լողափնյա նորաձևության գաղտնիքները` ըստ դիզայների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւն ու ամառը գրեթե անհնար է պատկերացնել առանց ծովի: Ծովափնյա հանգստի սիրահարները, սակայն, չպետք է մոռանան, որ անգամ լողափում հարկավոր է լինել նորաձեւ, տեղյակ լինել ամառային թրենդներից: Դիզայներ Դիանա Շատվերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է լողափնյա հանգստի անբաժան մասը կազմող լողազգեստների, խալաթների, գլխարկների ու ակնոցների ընտրությանը:

Նրա խոսքով` թեեւ լողափնյա նորաձեւությունը միշտ դրսեւորվել է վառ եւ երփներանգ գույներով, այս ամառ նորաձեւ են նաեւ սեւ եւ սպիտակ գույների համադրությամբ, մետաղական աքսեսուարներով լողազգեստները: Այս ամառ ակտուալ են նաեւ ռետրո ոճի բարձր գոտկատեղով լողազգեստները: Եթե ուզում եք արեւայրուք ունենալ, անպայման պետք է ընտրեք բիկինի տեսակի լողազգեստ, իսկ եթե, օրինակ, մտադիր եք մասնակցել որեւէ փարթիի, նախընտրելի են իրանն ու կոնքերի հատվածն ամբողջությամբ ընդգրկող լողազգեստները. «Այդ դեպքում լողազգեստի հետ կարող եք կրել տարբեր աքսեսուարներ, օրինակ` օղեր, թեւնոցներ, մատանիներ, թույլատրելի է նաեւ բարձրակրունկ կոշիկների համադրությունը»,-նշեց Դ. Շատվերյանը:

Լողափնյա նորաձեւության մաս են կազմում նաեւ թեթեւ, թափանցիկ խալաթները, որոնք կրում են լողազգեստի կամ տաբատի վրայից: Դրանք կարող են լինել երկար, կարճ, լայն ու նեղ թեւերով, հիմնականում շիֆոնից: Երկար խալաթ ընտրել, թե կարճ` կախված է նաեւ մարմնի կառուցվածքից. օրինակ` գեր կանանց երկար, մինչեւ հատակը հասնող տարբերակներն են սազում:

Ինչ վերաբերում է գլխարկներին, ապա, թեեւ դրանք կարող են հասնել ահռելի մեծության, հարկավոր է ընտրել այն տարբերակը, որը կհամապատասխանի ձեր մարմնի կազմվածքին եւ դեմքի կառուցվածքին: «Նիհար աղջիկներին, օրինակ, գրեթե բոլոր տեսակի գլխարկները սազում են, այս պարագայում պետք է առաջնորդվել դեմքի կառուցվածքի յուրահատկություններով՝ մազերի գույնը հաշի առնելով, իսկ, օրինակ, գեր կանանց խոշոր գլխարկներ խորհուրդ չէի տա կրել»,-ասաց Դ. Շատվերյանը` հավելելով, որ լողափնյա հանգստի մեկնելիս հարկավոր է մոռանալ թանկարժեք ակնոցների մասին, քանի որ, օրինակ, ջուրն ու ավազը կարող են դրանք վնասել, ուստի նախընտրելի են պլաստմասե, «քեժլ» ոճի ակնոցները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս