Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում վարորդների համար նախատեսված օրենքները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ենթարկվում են փոփոխության: Ինչի արդյունքում, բնականաբար, տուժում են վարորդները, քանի որ չեն հասցնում նորամուծություններին ժամանակին ծանոթանալ: «Ժողովուրդ»-ի խմբագրությունը չի դադարում ապահովագրական ընկերությունների գործելաոճի մասով վարորդներից դժգոհություններ ստանալ:
Այս անգամ էլ «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին՝ Դավիթ Վանեսյանը, պատմեց, որ իր մեքենան պատշաճ կարգով պարտադիր ապահովագրել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, սակայն այսօր հայտնվել է ապահովագրական ընկերության կողմից «ստեղծած ծուղակում»:
«Հուլիսի 29-ին ավտոճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ դարձա: Ինչպես որ կարգն է՝ զանգահարեցի «Ինգո Արմենիա» ընկերություն, որտեղից հեռախոսով տեղյակ պահեցին, որ իրենց գալու դեպքում, եթե ճանապարհային ոստիկանությունը չի արձանագրելու տվյալ պատահարը, ապա իրենք փոխհատուցում չեն կարող տալ: Այնուհետեւ տեղյակ պահեցին, որ եթե ՃՈ-ն արձանագրի, ես մեղավոր կողմ եմ, ստիպված պետք է առնվազն 30 հազար դրամ վարչական տուգանք վճարեմ»,- ներկայացրեց Վանեսյանը:
Մեր զրուցակցի պատմելով՝ ԱՊՊԱ գործակալը մոտեցել է դեպքի վայր եւ նույն պատճառաբանությունն է ներկայացրել. «Տվյալ պահին ես կողմնորոշվելու այլ տարբերակ չունեի: Թեեւ ԱՊՊԱ էի արել իմ մեքենան, մյուս՝ տուժած մեքենայի վերանորոգման ծախսերն էլ վերցրեցի իմ վրա, քանի որ ՃՈ-ի կողմից սահմանված վարչական տուգանք վճարելու դեպքում անգամ անհայտ էր՝ «Ինգո Արմենիան» ինձ կփոխհատուցի՞, թե՞ ոչ: Ես մտածեցի, որ նման կերպ խուսափում եմ կրկնակի ծախսից: Իսկ հիմա անհասկանալի է՝ ինչո՞ւ եմ ապահովագրել իմ մեքենան, եթե այդ նույն «Ինգո Արմենիա»-ն ծուղակ է սարքել եւ ՃՈ-ի վարչական տուգանքի փաստը մատնանշելով՝ հրաժարվում է փոխհատուցում տալուց»:
Պարզվում է՝ ՃՈ-ն ունի նման կարգ, որով քաղաքացուն պարտադրում է վարչական տուգանք մուծել, եթե իր մեղքով է եղել ավտովթարը: «Օրենքով ընթացակարգ կա՝ ճանապարհային ոստիկանությունը դեպքը ֆիքսելուց հետո մեղավոր կողմին տուգանելու է»,- «Ժողովուրդ»-ին հայտնեց ՃՈ պետ Արմեն Հակոբյանը:
Իսկ, ահա, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հատուցումների բաժնի ներկայացուցիչ Հայկ Մանգոյանը բացատրեց. «Եթե պատահարի կողմերի միջեւ մեղավորության վերաբերյալ համաձայնություն կա, ապա նրանք իրավունք ունեն հրաժարվել ոստիկանության կողմից վարչական վարույթ իրականացնելուց: Ինչով եւ կխուսափեն արդեն տուգանք մուծելուց: Եթե տվյալ քաղաքացին հրաժարվեց ճանապարհային ոստիկանություն կանչելուց, այդ դեպքում նրան ապահովագրական ընկերության կողմից չի կարող հատուցում տրամադրվել: Սա օրինական է եւ ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյով հաստատված»:
Այնպես որ, մեքենա վարելուց առաջ պետք է առավել ուշադիր լինել՝ մեղավոր կողմում չհայտնվելու համար, թե չէ տուգանքներ վճարելն անխուսափելի կլինի: Իսկ ինչ վերաբերում է ապահովագրական ընկերություններին, ապա նրանք ուղղակի քերթում են վարորդների կաշին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ