Կվերադառնանք սահմանադրական բարեփոխումներից հետո. Կարեն Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թատրոն 32»-ի պրոդյուսեր, գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր, նախկին «32 ատամ» հումորային ակումբի հիմնադիր-անդամ Կարեն Բաբաջանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է այսօրվա հեռուստատեսային հումորի որակին` նկատելով, որ դաշտում գործողները ստեղծագործական առումով ծերացել են: Նա խոսել է նաեւ երբեւէ հեռուստատեսություն վերադառնալու, «Վիտամին» ակումբի տղաների հետ ունեցած հարաբերությունների մասին` չբացառելով իրենց հնարավոր համագործակցությունը:

-Կարե՛ն, «Թատրոն 32»-ի բեմում հանդիսատեսին ի՞նչ նորություններ են սպասվում: Ներկայացումներում նոր դեմքերի պակաս չե՞ք տեսնում:

-Ամառային հանգստի մեկնելուց առաջ երկու նոր ներկայացում բեմադրեցինք` մեկը կատակերգություն, մյուսը մանկական ներկայացում: Սեպտեմբերին կսկսենք նոր թատերաշրջանը, մինչեւ տարեվերջ հավանաբար կունենաք եւս երկու նոր ներկայացում: Ինչ վերաբերում է նոր դեմքերին, ապա ամեն նոր ներկայացման շրջանակներում նոր մարդկանց հետ ենք համագործակցում: Մեր սկզբունքներից մեկը նոր, երբեմն անհայտ կադրերին հարթակ տրամադրելն է:

-Մի ժամանակ հայաստանյան հումորային դաշտի հիմնական դեմքերից էիք, իսկ հիմա այդ ոլորտին մեծ մասամբ նայում եք կողքից: Ինչպիսի՞ն է այն Ձեր աչքին:

-Երբ դաշտում տեղի չունեցավ սերնդափոխություն, ունեցանք այն, ինչ ունեցանք: Այդ սահուն սերնդափոխությունը, որը պետք է լիներ, երկար տարիներ չիրականացավ, ուստի հեռուստատեսային հումորային դաշտն ինչ-որ առումով լճացավ, սակայն նույնը չեմ կարող ասել ոչ հեռուստատեսային, հենց թեկուզ մեր թատրոնի ներկայացրած հումորի մասին: Էկրաններին երեւացող մարդիկ սպառվում են. դա նորմալ երեւույթ է: Մի ծառը կարո՞ղ է 40 տարի պտուղ տալ…Պետք է նոր շիվեր ծլեն:

-Ինչո՞ւ այդ շիվերը չեն ծլում:

-Հիմնական պատճառն այն է, որ եկավ մի շրջան, երբ արագ տեմպով դաշտը լցվեց մեծաքանակ կադրերով, հետո այդ քանակությունը թույլ չտվեց, որ ուրիշ մեկը ասպարեզ գա: Այդ մեծ քանակության մաս կազմողները հետագայում հոգնեցին, մեծացան, ստեղծագործական առումով ծերացան, եւ նրանց հետեւից չեկան նորերը: Ես դեռ մի քանի տարի առաջ էի կանխատեսել, որ դաշտում վակուում է սպասվում, մարդկային ռեսուրսի կրիզիս:

-Բայց այդ հնարավորությունը, ամեն դեպքում, կա, հատկապես, երբ ինքներդ եք նշում, որ դաշտը զբաղեցնողները ստեղծագործական առումով ծերացել են: Ուրեմն ո՞րն է ելքը:

-Պետք է գտնվեն մարդիկ, որոնք իրենց սեփական շահը մի կողմ կդնեն (ինչը շատ դժվար է), կվերցնեն պոտենցիալ ունեցող մի տասը հոգու, մի քանի տարի «կմեծացնեն» ու պատրաստ կլինեն անգամ սկզբնական շրջանում արդյունքի չհասնելու: Բայց այդպիսի մարդ որտեղի՞ց գտնես, առնվազն պետք է ֆանատ լինի: Կամ էլ պետք է հատուկ մասնագետի կանչել, ասել` դու կարեւոր հարց ես լուծում, շահդ դի՛ր մի կողմ, մենք քեզ հետո վարձահատույց կլինենք, բայց ինչպե՞ս է դա հնարավոր իրականացնել` մշակույթի նախարարի՞, թե՞ վարչապետի հրամանով…

-Իսկ հնարավո՞ր է Ձեզ կրկին տեսնենք հումորային հեռուստահաղորդման շրջանակներում: Հրավերներ չկա՞ն, թե՞ Դուք եք հապաղում:

-Կվերադառնանք սահմանադրական բարեփոխումներից հետո (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ` հնարավոր է, բայց, ճիշտն ասած, ես հիմա այլ նպատակներ ունեմ, թեեւ հումորը մեզ հետ կլինի միշտ` անկախ այն հանգամանքից` կմատուցվի դա էկրանից, թե բեմից: Բոլոր հեռուստաընկերություններն այսօր շատ վատ ֆինանսական վիճակում են հայտնվել: Մենք էլ իրենց համար «էժան պրոդուկտ» չենք, փող չունեն. իրենց էլ օբյեկտիվորեն կարելի է հասկանալ: Այս պայմաններում, երբ մարդիկ երկրից գնում են, ո՞նց կարող է որեւէ բան զարգանալ, կլինի դա գիտություն, արվեստ, թե ուրիշ մի բան:

-Բազմիցս խոսվել է Ձեր ու Վահագնի եւ «Վիտամին» ակումբի տղաների հարաբերությունների մասին: Ի վերջո, դրանք Դուք ինչպե՞ս կորակեք:

-Նորմալ, բավարար:

-Իսկ հնարավո՞ր է երբեւէ համագործակցեք:

-Միշտ հնարավոր է…

Աննա Բաբաջանյան




Լրահոս