Հրապարակ. ՀԱԿ-ում ընթացող խմորումները չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է. “ՀԱԿ-ում ընթացող խմորումները չեն դադարում: Մի կողմից ուզում են ՀԱԿ-ը վերածել կուսակցության, մյուս կողմից` ընդդիմադիր կենտրոնը դեպի իրենց տեղափոխել ցանկացողներն էլ քիչ չեն, ովքեր ամեն ինչ անում են, որ անհնազանդները դուրս գան ՀԱԿ-ից, տակը մնացածներով ստեղծեն կուսակցություն, որից հետո արդեն  կյանքի կկոչվի ռուսաստանաբնակ Սմբատ Կարախանյանի պրոյեկտը, ըստ որի` կմիանան ՀԱԿ եւ ԲՀԿ արմատական բեկորները:
Սակայն մյուս կողմից էլ ոչ Պետրոս Մակեյանը, ոչ Սոս Գիմիշյանը, ոչ Հրանտ Բագրատյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը չեն ցանկանում առայժմ դուրս գալ ՀԱԿ-ից եւ ՀԱԿ-ի գործը հեշտացնել: ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը Կոնգրեսի քաղխորհրդում քննարկվել է դեռ 1 տարի առաջ ու  հավանության չի արժանացել: Խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ էմիսարները փորձել են համոզել “անհնազանդներին”` համաձայնել այդ տարբերակին: Դավիթ Մաթեւոսյանը խոսել է Պետրոս Մակեյանի հետ, վերջինս չի համաձայնել՝ ասելով, փաստորեն, ինչ չհաջողվեց Վանոյին, փորձում եք դուք իրականացնել:
Հիշեցնենք, որ 98-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած ՀՀՇ համագումարում Վանոն առաջարկեց փոխել ՀՀՇ-ի անունը, որովհետեւ այն դրական ասոցիացիաներ չէր առաջացնում: ՀԱԿ էմիսարները փորձել են նաեւ Հրանտ Բագրատյանին համոզել՝ լուծարելու իր կուսակցությունը, ինչպես Դավիթ Շահնազարյանը լուծարեց իր “21-րդ դարե կուսակցությունն ու մտավ ՀՀՇ, բայց Բագրատյանը չի համաձայնել: Ինչով կավարտվեն զարգացումները, առայժմ անհայտ է”:




Լրահոս