Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը վրդովվում է, երբ երիտասարդ սերնդի որոշ ներկայացուցիչներ քննադատում են ավագ սերնդի կատարած աշխատանքը` համարելով, որ նրանք արդեն «հին են»: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է հին ու նոր սերունդների խնդիրներից, անդրադարձել կոմերցիոն ֆիլմերում հանդես գալու թեմային` նշելով, որ եթե լավ վճարեն ու լավ դեր առաջարկեն, ինքն էլի կնկարահանվի:
-Պարո՛ն Մարության, «Որբերի ընտանիք»-ից հետո հանդիսատեսն ակնկալում է տեսնել Ձեզ նոր դերում, սակայն, եթե հաշվի առնենք, որ մայր թատրոնում վերանորոգման աշխատանքները երկար կտեւեն, թերեւս նոր դերն ուշանա…
-Տեսնենք` նոր գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ինչ ներկայացմամբ նպատակահարմար կգտնի բացել նոր դահլիճը: Այդ հարցի շուրջ դեռ ծրագրեր են կազմվում, որոշ պլաններ կան, բայց վերջնական չեն:
-Դուք հնարավորություն եք ունեցել աշխատելու Ձեզնից ավագ սերնդի հայտնի դերասանների եւ ռեժիսորների հետ: Երիտասարդ սերնդի մասնագետների մասին ի՞նչ կարծիք ունեք: Հետեւո՞ւմ եք նրանց գործունեությանը: Նրանք երբեմն քննադատում են թատերական ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներից ոմանց` նշելով, որ մեր թատրոններում նոր շնչի, մտածելակերպի եւ նոր մատուցման պակաս է զգացվում:
-Օրերս լսում էի, օրինակ, Սուրեն Շահվերդյանին, ասում էր, թե մենք հին ենք, ինքը նոր է: Չեմ հասկանում` էդ ի՞նչ է ասում էդ երեխան… Բարձր արվեստ, բարձր արվեստ ասելով հո նկատի չունե՞նք ձախ ոտքով աջ ականջի հետեւը քորելը: Ասեմ, որ այն, ինչ ուզում են անել մեր որոշ երիտասարդներ, այդ ավանգարդիզմը եղել է դեռ 1960-ականներին, իրենց արածները վաղուց արդեն իրականացված բաներ են. նոր բան չեն անում: Թող որոնեն մաքուր, ճշմարիտ արվեստը, որով Սուրենի հայրը` Վահե Շահվերդյանն է զբաղվում: Թե չէ ասել` սրանք հին են, սրանց փոխենք, ո՞նց կլինի… Ինքն էլ է արդեն հնացել, 40 տարեկան էլ ինքն է: Կամ լսում եմ, ասում է` այս քաղաքում մի 4-5 լավ ռեժիսոր կա. էդ ո՞նց են հաշվել: Բա լուրջ ռեժիսորը կընկնի՞ սրա-նրա տները, պղնձի մեջ կնայի՞, տեսնի` ինչ ճաշ են եփել… (Նկատի ունի «Քաղցած չէին սպասում» հաղորդումը, հեղինակ եւ վարող` Սուրեն Շահվերդյան-Ա.Բ.): Ինչ վերաբերում է նոր շնչին, թող հստակեցնեն` ինչ նկատի ունեն նոր շունչ ասելով: Երիտասարդ կա, որ նայում ես, ծերությունը վրայից թափվում է, տարիքով դերասան էլ կա` նայում ես, քեֆդ բերում է:
-Թերեւս նկատի ունեն արվեստի մեջ նոր մոտեցումները, դասական ստեղծագործությունները նորովի մատուցելը, նոր սերնդին հետաքրքրելը…
-Երիտասարդների ազատ սերունդ է մեծանում, թող անեն, ստեղծեն, թող «նոր ձեւով շնչեն», ինչ ասեմ… Թող Փարաջանովի պես նորույթ մտցնեն արվեստում, աշխարհը տեսնի` զարմանա. դա էլ կլինի նոր շունչը, ո՞վ է իրենց խանգարում: Բայց այն, ինչ իրենք անում են, կրկնում եմ` վաղուց արված բաներ են… Դուք խոսում եք նոր մոտեցումներից, հիշեք` ինչ իրարանցում առաջացրեց մեր թատրոնի ներկայացրած «Ջոն արքա»-ն Լոնդոնում, ամբողջ Լոնդոնն ապուշացել էր, մեր կոնցեպցիան էլ գողացան, մեզ պես «Համլետ» են խաղում, 50-60 հոգանոց ներկայացումը խաղացինք 10 հոգով, մեզ հետ տարած ճամպրուկները դարձրինք դեկոր, երաժշտությունը մենք էինք նվագում, պարերը մենք էինք պարում. էլ նոր գույնն ու նոր ոճը ո՞նց է լինում: Բա ինչո՞ւ չեն ավագ ընկերների արածները տեսնում… Մենք մեր գործով ենք զբաղվում, իրենք էլ թող իրենցով զբաղվեն…
-Նոր, հետաքրքիր գաղափարներ ունեցող ստեղծագործ դեմքերի, բացահայտմանը փորձում են նպաստել նաեւ մշկութային միջոցառումների միջոցով, ինպես օրինակ` «Ոսկե ծիրան»-ի դեպքում: Ըստ Ձեզ՝ ստացվո՞ւմ է:
-Շատ հետաքրքիր բան են անում: Մի բան հիշեցի… Էս թուրքերը, դե, գիտեք` թատրոն չունեն, այսինքն` թատերական արվեստն իրենց մոտ շատ թույլ է զարգացած: Մի անգամ մի թուրք մասնագետի ասացի` ո՛չ թատրոն ունեք, ո՛չ ռեժիսոր, բայց աշխարհի լավագույն փառատոններն եք անում, ասաց` բա անում ենք, որ թատրոն ունենանք: Հիմա մերն է: Պետք է նման փառատոններ անենք, որ մենք էլ կինո ունենանք, երիտասարդները շահագրգռվեն:
-Դուք խաղացել եք նաեւ կոմերցիոն ֆիլմերում, սերիալներում: Ի՞նչ սկզբունքով եք նման նախագծերի շրջանակներում աշխատում, ո՞ր դեպքում կհամաձայնեք էլի նկարահանվել:
-Եթե լավ փող տան, էլի կաշխատեմ, բայց դրանց շրջանակներում էլ պետք է նամուսով աշխատես, խալտուրայով չպետք է զբաղվես… Որ լավ դեր լինի, կնկարահանվեմ: Տեսնենք` ինչպես կստացվի:
ԼՈՂԱՓՆՅԱ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐՆ` ԸՍՏ ԴԻԶԱՅՆԵՐԻ
Արեւն ու ամառը գրեթե անհնար է պատկերացնել առանց ծովի: Ծովափնյա հանգստի սիրահարները, սակայն, չպետք է մոռանան, որ անգամ լողափում հարկավոր է լինել նորաձեւ, տեղյակ լինել ամառային թրենդներից: Դիզայներ Դիանա Շատվերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է լողափնյա հանգստի անբաժան մասը կազմող լողազգեստների, խալաթների, գլխարկների ու ակնոցների ընտրությանը:
Նրա խոսքով` թեեւ լողափնյա նորաձեւությունը միշտ դրսեւորվել է վառ եւ երփներանգ գույներով, այս ամառ նորաձեւ են նաեւ սեւ եւ սպիտակ գույների համադրությամբ, մետաղական աքսեսուարներով լողազգեստները: Այս ամառ ակտուալ են նաեւ ռետրո ոճի բարձր գոտկատեղով լողազգեստները: Եթե ուզում եք արեւայրուք ունենալ, անպայման պետք է ընտրեք բիկինի տեսակի լողազգեստ, իսկ եթե, օրինակ, մտադիր եք մասնակցել որեւէ փարթիի, նախընտրելի են իրանն ու կոնքերի հատվածն ամբողջությամբ ընդգրկող լողազգեստները. «Այդ դեպքում լողազգեստի հետ կարող եք կրել տարբեր աքսեսուարներ, օրինակ` օղեր, թեւնոցներ, մատանիներ, թույլատրելի է նաեւ բարձրակրունկ կոշիկների համադրությունը»,-նշեց Դ. Շատվերյանը:
Լողափնյա նորաձեւության մաս են կազմում նաեւ թեթեւ, թափանցիկ խալաթները, որոնք կրում են լողազգեստի կամ տաբատի վրայից: Դրանք կարող են լինել երկար, կարճ, լայն ու նեղ թեւերով, հիմնականում շիֆոնից: Երկար խալաթ ընտրել, թե կարճ` կախված է նաեւ մարմնի կառուցվածքից. օրինակ` գեր կանանց երկար, մինչեւ հատակը հասնող տարբերակներն են սազում:
Ինչ վերաբերում է գլխարկներին, ապա, թեեւ դրանք կարող են հասնել ահռելի մեծության, հարկավոր է ընտրել այն տարբերակը, որը կհամապատասխանի ձեր մարմնի կազմվածքին եւ դեմքի կառուցվածքին: «Նիհար աղջիկներին, օրինակ, գրեթե բոլոր տեսակի գլխարկները սազում են, այս պարագայում պետք է առաջնորդվել դեմքի կառուցվածքի յուրահատկություններով՝ մազերի գույնը հաշվի առնելով, իսկ, օրինակ, գեր կանանց խոշոր գլխարկներ խորհուրդ չէի տա կրել»,-ասաց Դ. Շատվերյանը` հավելելով, որ լողափնյա հանգստի մեկնելիս հարկավոր է մոռանալ թանկարժեք ակնոցների մասին, քանի որ, օրինակ, ջուրն ու ավազը կարող են դրանք վնասել, ուստի նախընտրելի են պլաստմասե, «քեժլ» ոճի ակնոցները:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԲԸՐԲԱՆՔՈՒՄ
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում գործունեություն իրականացնող մի քանի տասնյակ հայ երիտասարդ արվեստագետների աշխատանքները կներկայացվեն մեկ հարկի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը, վկայակոչելով «Asbarez»¬ը, օգոստոսի 8¬ին Բըրբանքի Հայ երիտասարդների ասոցիացիայի մշակութային կենտրոնում կկայանա ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ամերիկահայ արվեստագետների ստեղծագործությունները` գեղանկարներ, լուսանկարներ, քանդակագործություն: Սա նմանատիպ երրորդ ցուցահանդեսն է, որը կազմակերպել է Բըրբանքի Հայ երիտասարդների ասոցիացիան: Նախորդ տարի ցուցահանդեսին ներկայացվել էր ավելի քան 100 ստեղծագործություն:
ՆՈՐ ՀԱԿԱՌԵԿՈՐԴ
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Կողոպուտ ամերիկյան ձեւով» ֆիլմը վատագույն մեկնարկն է գրանցել ամերիկյան վարձույթի պատմության մեջ՝ առաջին հանգստյան օրերին հավաքելով ընդամենը 254 դոլար: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով kinodata.pro-ն:
Նախորդ հակառեկորդը սահմանել է ՖԻՖԱ-ի պատմության մասին «Երազանքի լիգա» ֆիլմը, որը հունիսին կարողացել է վարձույթի մեկնարկին հավաքել 918 դոլար:
Եթե «Երազանքի լիգան» ցուցադրվել է 10 ամերիկյան կինոթատրոններում, ապա «Կողոպուտ ամերիկյան ձեւով» ֆիլմը՝ ընդամենը երկու էկրաններին: Ռուսական ֆինանսավորմամբ ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում: Այն ռուսական վարձույթ է դուրս եկել փետրվարին՝ հավաքելով 2,2 միլիոն դոլար:
ՌՈՒՐԿԸ ՌԻՆԳԿՎԵՐԱԴԱՌՆԱ
Հոլիվուդյան դերասան Միկի Ռուրկը մտադիր է աշնանը ռինգ վերադառնալ: Այս մասին հայտնել է նրա մենեջեր Վադիմ Կորնիլովը:
«Մարտը նախատեսվում է աշնանը։ Դա կլինի 6 ռաունդով մենամարտ։ Միկին արդեն 1.5 ամիս է, ինչ մարզվում է»,- ասել է Կորնիլովը։
Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերին Ռուրկը պրոֆեսիոնալ ռինգ էր վերադարձել 20-ամյա ընդմիջումից հետո։ Մոսկվայում 62-ամյա դերասանը նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Էլիոթ Սեյմուրին։
Ռուրկը բռնցքամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից։ Պրոֆեսիոնալ ռինգում նա ունեցել է 9 մարտ՝ 7 հաղթանակ եւ 2 ոչ ոքի։