«ՀԱՅ ՏՂԱՅԻ ՆԱՄԱԿԸ ԿԱՐԴԱՑԻ, ԵՐԿՈՒ ՕՐ ԼԱՑ ԷԻ ԼԻՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի սկզբից ադրբեջանի սանձազերծած փաստացի պատերազմի արդյունքում երկու կողմերն էլ ունեցան բազմաթիվ զոհեր: Եվ չնայած ապրիլի 5-ին կողմերի միջեւ ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին համաձայնություն, դրանից հետո էլ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով նոր զոհեր ենք ունենում: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ ներկայացրել է թեմայի շուրջ մի շարք արվեստագետների կարծիքներ: Այս անգամ զրուցել ենք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի հետ:

-Պարո՛ն Մարության, վերջին օրերին որոշ արվեստագետներ եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ մեկնել են Արցախ` ի զորակցություն հայ զինվորի եւ տեղի ժողովրդի: Դուք ի՞նչ եք կարծում` այս պահին տեղին կլինի՞ նրանց միանալ:
-Եթե իմաստ ունենա իմ այնտեղ գնալը, ես կգնամ. տարիքս նշանակություն չունի, մի պատրիոտն էլ ես եմ, բայց այստեղ էլ ահագին գործեր կան: Եթե յուրաքանչյուրը իր տեղում իր աշխատանքը լավ անի, ինձ թվում է` շատ կօգնի: Մենք թատրոնով գումար ենք հավաքել, որ ուղարկենք սահման, բայց որ գնանք, նստենք այնտեղ, իբր` տեսեք, մենք էլ ենք եկել, ինձ թվում է` դրանից շատ բան չի փոխվի:
-Ձեզ թատրոնում հաճախ են թուրքի դերեր բաժին ընկնում: Հոգեբանորեն դժվար չէ՞ այդ կերպարները մարմնավորել:
-Այդ առումով իմ բախտը ինձ հետ է: Օրինակ` Թալեաթ փաշա եմ խաղացել, մի քանի օրից էլ «100 տարի անց» ներկայացման շրջանակում պետք է Հասան Ջեմալի կերպարը կերտեմ: Չնայած Թուրքիայում էլ կան մարդիկ, որոնք անարդարությանը դեմ են: Իմ այս վերջին կերպարն էլ քիչ թե շատ այդպիսին է, ուստի ավելի հեշտ եմ խաղում:
-Ի՞նչ եք կարծում` ժամանակը չէ՞, որ մեր արդի դրամատուրգներն իրենց գործերում արծարծեն արցախյան թեման, գուցե նաեւ նոր շեշտադրումներով:
-Այո՛, ժամանակն է, որ ինչպես երգարվեստում է այդ թեման ներկայացվում, այնպես էլ դրամատուրգիան դրան անդրադառնա: Վերջերս կարդացի 11-ամյա հայ տղայի նամակը` օրեր առաջ զոհված հայրիկին: Երկու օր լաց էի լինում: Ոնց որ արվեստի գործ լիներ էդ երեխու գրածը: Դա արդեն իսկ մի սցենար էր, մի կինո, մի ներկայացում: Չնայած սա այնպիսի ազգ է, որ համախմբվելու համար ներկայացում պետք չէ. որ դանակը ոսկորին է հասնում, մի մարդ են դառնում: Նայում եմ մեր երիտասարդներին, խելքս գնում է, ես նրանց ցավը տանեմ. էդ ի՞նչ արյուն է նրանց երակներով հոսում: Ինձ թվում էր` ամեն ինչ կորած է, բայց պարզվեց` մեր ջահելների շնորհիվ ամեն ինչ փրկված է: Սա մի ապշելու ժողովուրդ է… Տեսա՞ք` ոնց զարթոնք ապրեց, ոնց 1988 թիվը կրկնվեց: Հակառակորդի լավ զենք ունենալը նշանակություն չունի. դա իրենց առավելություն չի տալիս:
-Վերջերս շատերն են կես կատակ-կես լուրջ ասում, թե Հայաստանն այն միակ երկիրն է, որտեղից խաղաղ ժամանակ արտագաղթում են, իսկ պատերազմի ժամանակ ներգաղթում:
-Բա ի՞նչ անեն. գալիս են, որ իրենց երկիրը պահեն: Նրանց համար կարեւոր է հայրենիք ունենալը: Աչքերս թացանում են, սիրտս մղկտում է մեր զոհված երեխեքի համար. նրանք չեն մահացել, վերածնված հերոսներ են ու ավելի երկար կապրեն, քան ես: Նրանց բոլորի ընտանիքներին ինչով հնարավոր է` պետք է օգնել: Եթե դերասանները, բժիշկները, ուսուցիչները կարողանում են գումարներ հավաքել, ապա ես պատկերացնում եմ` մեր օլիգարխ-մեծահարուստները ինչեր կարող են անել: Այն, ինչ Արցախում քանդվել է, պետք է արագ վերականգնել, որ թուրքը զարմանա, ապշի, թե էս ինչ ժողովուրդ են սրանք, փյունիկի պես կարողանում են մոխրից վերածնվել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ ԻՐ ԱՊԻԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների հետեւանքով մեր զոհված զինծառայողների եւ վիրավորների ընտանիքների համար կառավարությունը պետք է նշանակի բավական բարձր թոշակ: Նման կարծիք հայտնեց ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:

«Տարբեր անհատներ, կազմակերպություններ եւ նախաձեռնություններ ամեն ինչ անում են, որ օգնեն այդ ընտանիքներին, սակայն պետք է սթափ դատենք եւ հասկանանք, որ մեկ անգամ, երկու անգամ օգնելուց հետո բոլորս կվերադառնանք մեր առօրյա հոգսերին եւ, հնարավոր է, հետեւողական չլինենք: Շատ լավ է, որ բոլորը ցանկանում են ինչ-որ կերպ աջակցել նրանց, սակայն այդ գործընթացը պետք է լինի ստաբիլ»,-ասաց նա:
Լուսինեն պատմեց, որ «Ռադիո Վան»-ը զոհված զինվորների մի մասի ընտանիքների շրջանում լրագրողական հետազոտություն է անցկացրել եւ պարզել, որ նրանք ապրում են սոցիալական ծանր պայմաններում. «Արդյունքը մեզ համար շոկային էր: Մենք ընտրեցինք ծայրահեղ ծանր վիճակում ապրող ընտանիքների, որոնց համար հայրենակիցների աջակցությամբ անհրաժեշտ պարագաներ ենք հավաքել եւ պատրաստվում ենք հանձնել նրանց»,-տեղեկացրեց հաղորդավարուհին:
Նա, անդրադառնալով հանրության շրջանում եւ հատկապես սոցցանցերում քաղաքական թեմաներով քննարկումներին, կոչ արեց քաղաքացիներին առավել զուսպ լինել այս օրերին. «Քաղաքականությունը նուրբ ոլորտ է, ամեն բան չէ, որ մենք գիտենք: Մենք վաղ հասակից ինչ-որ տրամադրվածություններ ունենք, այստեղից-այնտեղից ինչ-որ բաներ ենք լսել, մեզնից ամեն մեկը մի քաղաքական գործչի է նախապատվություն տալիս, բայց պետք չէ կարծել, թե բոլորս քաղաքագետ ենք ծնվել: Կարծում եմ` մեր կառավարությունը հասկացավ իր ապիկարությունը, իշխանությունը հասկացավ, որ ամպագոռգոռ խոսքերով ժողովրդին չես պահի, ուստի պետք է լուրջ, հաշվարկված գործեն, մենք էլ նրանց օգնենք»,-եզրափակեց հաղորդավարուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԳԱՆՁԱԳՈՂԻ ՇՆՈՐՀԻՎ
Օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողի գործունեության հետեւանքով հայտնաբերվել են ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ: Այս մասին հայտնել է մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն, հնագետ, արվեստաբան Հակոբ Սիմոնյանը ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է երկու հարյուր օրինակ գտածո, այդ թվում` մարտական սակրեր եւ արվեստի գործեր: Գանձագողը փորձել է վաճառել գտածոն, սակայն Սյունիքի քննչական բաժինը, հայտնաբերելով այն, դիմել է մշակույթի նախարարութանը: Այժմ գտածոն պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում է: Հ. Սիմոնյանի խոսքով` գանձագողի պրպտումների արդյունքում զարմանալի, բացառիկ հայտնագործություն է կատարվել: «Եթե չլիներ այս գանձագողությունը, մենք, հնարավոր է, այդ արժեքների մասին հարյուրամյակներ շարունակ չիմանայինք»,- խոստովանել է նա: Հնագետը նույնիսկ հավելել է, որ գանձագողը յուրահատուկ «հոտառություն» ունի, եւ ինքը լրջորեն մտածում է նրան արշավախմբերի մասնակից դարձնելու մասին:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Shanghai Spring միջազգային երաժշտական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նվագախումբը ղեկավարելու է աշխարհահռչակ օպերային երգիչ եւ դիրիժոր Խոսե Կուրան:
Նշենք, որ Shanghai Spring International Music Festival¬ն անցկացվում է Չինաստանում: Այն հիմնադրվել է 1959¬ին: Փառատոնը սովորաբար մեկնարկում է ապրիլի 28¬ին եւ ավարտվում մայիսի 18¬ին: 3 շաբաթվա ընթացքում այն դառնում է իսկական տոն` Շանհայի բնակիչներին եւ հյուրերին առաջարկելով մշակութային բազմազանություն:

 

 

ՄՈՒՏՔԸ` ԱՆՎՃԱՐ
Ապրիլի 18¬ը ՅՈՒՆԵՍԿՕ¬ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային օր: Այս առիթով «Պատմամշակութային արգելոց¬թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ապրիլի 30¬ի «Գառնի» եւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց¬թանգարանների, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց¬թանգարանի անվճար այցելության օրը տեղափոխվել է ապրիլի 18¬ին (յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ¬ի մասնաճյուղ արգելոցներում եւ արգելոց¬թանգարաններում մուտքն անվճար է. հայտարարված է բաց դռների օր): Այդ օրը «Գառնի» պատմամշակութային արգելոց¬թանգարանում «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո հայկական ավանդական ժողովրդական մարզական խաղերի ցուցադրական ելույթ¬մրցախաղեր կանցկացվեն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում էլ կբացվի «Նուռը եւ խաղողը հայ ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդեսը, նախանշված է նաեւ ռազմահայրենասիրական ոգով համերգ¬միջոցառում: Կատարումներով հանդես կգան «Տարոն» գեղագիտական կենտրոնի «Շիրխանի» պարային համույթը, վաստակավոր արտիստներ Մադլեն Ասրյանը եւ Արուս Գուլանյանը, ինչպես նաեւ այլ համույթներ եւ երգիչ¬կատարողներ:




Լրահոս