Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Վերնիսաժի» գործով դատական քննությունը:
Կողմերը դատաքննությունը լրացնելու միջնորդությամբ հանդես չեկան և, այսպիսով դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազը ճառին պատրաստվելու համար 12 օր ժամանակ խնդրեց, և դատարանը հետաձգեց նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին:
Նիստի սկզբին դատարանը ներկայացրեց ամբաստանյալ Գոռ Առաքելյանի դատահոգեբանական և դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների արդյունքները: Ըստ եզրակացության, Գոռ Առաքելյանը երբևէ հոգեկան հիվանդ չի եղել և այս պահին էլ հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նա համարվում է մեղսունակ:
Եզրակացության համաձայն, նա դեպքի պահին եղել է բարձր հուզական ակտիվության ազդեցդության տակ, ինչը կարող էր այդ պայմաններում էական ազդեցություն ունենալ Առաքելյանի վարքի վրա:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 17-ին Վերնիսաշ տոնավաճառի հարևանությամբ կրակոցներ էին արձակվել , ինչի հետևանքով տուժել էիկն շարքային քաղաքացիներ և այս պահին ամբաստանյալի աթոռին են հայտնվել Ներսես Մելքոնյանը, Վալերիկ Հովհաննիսյանը և պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա` Գոռ Առաքելյանը: