ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳՈՎ Է ՄԵԾԱՑՆՈՒՄ ՈՐԴՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժողովրդական երգերի կատարող ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ բալիկի ծնունդից հետո չի դադարել աշխատել, համերգներ է ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ դրսում:
Ձեզ հիշում ենք “4 տարբերակ” խմբից, ինչո՞ւ որոշեցիք անհատական կարիերա սկսել:
-Ես ի սկզբանե անհատ կատարող եմ եղել, մենք որոշել էինք, որ երկար չենք երգելու խմբով:  Աղջիկներով սկզբում որոշեցինք մի երգով հանդես գալ, հետո նախագիծն ավելի ծավալուն եղավ: Կարելի է ասել՝ մենք մի ալբոմի չափով երգեր ունեցանք միասին, բայց էրեխեքը հենց սկզբից էլ գիտեին, որ ես ուշ թե շուտ պետք է դուրս գամ. իմ ուղղությունն ավելի շատ ժողովրդական ոճի մեջ էր: 
Դուք երգել եք նաեւ Երգի պետական թատրոնում, Արթուր Գրիգորյանի սա՞նն եք եղել:
-Ո՛չ, պարզապես եղավ ,Կանաչ գոտիե նախագիծ, Գրիգորիչը հրավիրում էր դրսից երգիչների եւ ում հավանում էր, ընդունում էր Երգի թատրոնում որպես մենակատար: Այնտեղի ստուդիայում ես չեմ երգել, երգել եմ Ջիվանու դպրոցում, իսկ ջազային էստրադային քոլեջում ինձ Ռուբեն Մաթեւոսյանն է դասավանդել: Հետո մասնակցեցի “Կանաչ գոտուն”, այնուհետեւ Մրոն ստեղծեց ,Հայ երգասաններե խումբը, որտեղ ինձ էլ ներգրավեց: 
-Տարածված կարծիք կա, որ եթե, օրինակ, Գրիգորիչի կամ Նադեժդա Սարգսյանի սանն ես, ուրեմն դռներն ավելի հեշտ են բացվում քո առաջ: Ձեզ ո՞վ է օգնել կարիերայի հարցում:
-Ես ինքնուրույն եմ արել ամեն ինչ, ամեն դժվարություն ինքս եմ հաղթահարել, բայց եղել են գնահատող մարդիկ, նույն Գրիգորիչը լսել է իմ երգը, իր բեմադրած ներկայացումների ու համերգների մեջ ներառել: Ոչ թե օգնողներ, այլ ավելի շատ գնահատողներ են եղել:
-Դո՞ւք էլ այն կարծիքին եք, որ առանց աջակցի դժվար է առաջ գնալ:
-Իհարկե, պետք է ունենաս օգնող, բայց մի քիչ էլ մարդու տեսակից է գալիս: Եթե ինքը նպատակասլաց է ու աշխատասեր, ինձ չեմ գովազդում, բայց ես այդպիսին եմ, եթե մի բան մտքովս անցնում է, պետք է ձգտեմ ու հասնեմ: Մարդու աշխատասիրությունից շատ բան է կախված, պետք է չհուսահատվես, չհիասթափվես: Դու գիտես՝ քո կողքին կան մարդիկ, որ քեզ ուժ են տալիս: Մինչ ամուսնանալս մայրիկս էր կողքիս, հուսահատության պահերին աջակցում էր, հիմա էլ ունեմ հիանալի ընտանիք, ամուսինս է իմ կողքին:
-Եթե չեմ սխալվում, Ձեր ամուսինը երաժիշտ է:
-Այո՛, դհոլահար է, մանկական “Արմեններ” խմբի ղեկավարն է, Նորքի հայորդաց տանն է դասավանդում, նաեւ մանկավարժ է: Նա միշտ իմ կողքին է, ինձ թեւեր է տալիս: Ու հիմա իմ գործը փոքր-ինչ թեթեւացրել է. եթե նախկինում ես էի պայմանավորվում համերգների համար, հիմա այդ ամենն ինքն է անում: 
-Ինչո՞ւ հաճախակի նորություններ չեք ներկայացնում: 
-Ես շատ երգեր ունեմ, որոնք կյանքի կոչելու համար գումար է պետք, բայց քանի որ ես սկզբունքային երգում եմ ոչ թե գումար աշխատելու նպատակով, ստացվում է այնպես, որ մի քիչ ուշ-ուշ են լինում նորությունները: Եթե լավ նայենք, այսօրվա երկունոտայանոց երգերով ավելի շատ գումար են վաստակում, քան ժողովրդական երգով: Բայց ես ամենեւին էլ չեմ դժգոհում, իմ առաջին նպատակն այն էր, որ ես գործ ներկայացնեմ, ոչ թե մի երգ, որը 1-2 ամսվա կյանք կունենա:
-Խնջույքներին հանդես գալի՞ս եք:
-Անշուշտ, դա էլ միջոցառում է, այնտեղ էլ կա հանդիսատես, ինչո՞ւ չէ: Յուրաքանչյուր երգիչ էլ պարտավոր է մասնակցել եւ ուրախացնել ժողովրդին:
-Ասում են` յուրաքանչյուր երգիչ ունի իր սահմանված գինը, որից ներքեւ չի իջնում:
-Այդպիսի բան ես չեմ ընդունում, ճիշտ է, դու սահմանված գումար ունես, բայց մարդը զանգում, խնդրում է, որ իր տան արարողությանը դու անպայման ներկա լինես, ու եթե այդ մարդը հնարավորություն չունի, լինում են դեպքեր, երբ դու ընդառաջում ես, երգում ես նաեւ առանց գումարի:
-Միայն ծանոթների՞ համար:
-Ո՛չ, լինում է, երբ անծանոթ մարդ էլ ասում է՝ խնդրում եմ, իմ տղայի հարսանիքն է, ես ունեմ այսքան գումար, սիմվոլիկ, բայց շատ եմ ուզում, որ Դուք ներկա լինեք, դա մեր երազանքն է: Այդ դեպքում դու չես կարող մերժել: Բայց դեպքեր էլ են լինում, երբ ցանկացած գումար պատրաստ են վճարել, ուղղակի դու չես ցանկանում գնալ: Ամեն ինչ մարդու տեսակից է, մոտեցումից է, թե ինչպես երգչին կմոտենան: Մարդիկ կան, որ մտածում են, թե գումարով կարող են ամեն ինչ գնել: 
-Ձեր բալիկն ինչպե՞ս է:
-Որդի ունեմ, 1 տարեկան 4 ամսական է, շատ սիրում է մեր ժողովրդական երգերը: Ես նրան այդ երգերի տակ եմ քնեցնում: Նա ինձ անընդհատ ստիպում է, որ ես կենդանի երգեմ իր համար: Մեծացել է, պահանջկոտ է դարձել: Ինչ այս օրենքը մտավ Հայաստան, երեխան ֆոնոգրամմա չի ընդունում (ծիծաղում է-Ե. Ռ.):   
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս