19-ամյա տղան ծեծել է 55-ամյա կնոջը եվ փորձել շնչահեղձ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 21-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արբաթ գյուղի դաշտերում ծեծի են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Ն.-ին, որը “գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վնասվածքներ” ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկանուշ Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Մասիսի բաժնի և “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկանուշ Ն.-ին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել է 1993 թ. ծնված Թովմաս Վ.-ն: Նա հունվարի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ազատաշեն-Արբաթ ճանապարհի դաշտում ուրագով հարվածներ է հասցրել Հայկանուշ Ն.-ի գլխին, փորձել ձեռքերով շնչահեղձ անել նրան, սակայն վերջինս ուշագնաց է եղել և Թովմաս Վ.-ն, մտածելով, որ Հայկանուշ Ն.-ն մահացել է, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և նրան թողնելով` հեռացել է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Թովմաս Վ.-ն ունի առողջական խնդիրներ, ունենում է հոգեկան ցնցումներ, ներկայումս գտնվելով հոգեմետ դեղորայքի ազդեցության տակ, ի վիճակի չի քննչական գործողություններին մասնակցելու և Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ուղեգրով` տեղափոխվել է “Նուբարաշեն” հոգեբուժական հիվանդանոց: Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:




Լրահոս