ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որքա՞ն է կազմում անվանափոխության, ՔԿԱԳ-ում ուղղումների, լրացումների կամ փոփոխությունների կատարման գումարի եւ պետտուրքի չափը:

Հայկուհի Պողոսյան (38 տարեկան, քիմիկոս)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Անվանափոխության մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը 1 ամսով, իսկ ՀՀ ԱՆ-ն` առավելագույնը 2 ամսով: Անվան, հայրանվան, ազգանվան փոփոխման համար գանձվում է պետտուրք` 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ ԱՆ անվան, հայրանվան, ազգանվան փոփոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 50 000 դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 30 000 դրամ, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 000 դրամ: ՔԿԱԳ-ում ուղղումների, լրացումների կամ փոփոխությունների կատարման, քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման վերաբերյալ դիմումը ՔԿԱԳ մարմինը պետք է քննարկի դրա ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը 1 ամսով, իսկ ՀՀ ԱՆ-ն՝ առավելագույնը 2 ամսով: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի վերականգնման վերաբերյալ կամ դրա գրառումներում ուղղումների, լրացումների կամ փոփոխությունների եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում` 30 000 դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 000 դրամ, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 10 000 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պետական տուրքից բացի, ՔԿԱԳ-ի վարիչին կամ աշխատողին սովորաբար ցուցաբերվում է նաեւ «վերաբերմունք», ասենք՝ 2000 դրամի տեսքով:




Լրահոս