ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աղջիկս 12 տարեկան է եւ պետք է անձնագիր ձեռք բերի: Խնդրում եմ ասել, թե անչափահասներին ինչ կարգով է անձնագիր տրամադրվում:

Անժելա Բաղդասարյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. 16 տարին չլրացած քաղաքացիներին անձնագրավորելու համար ոստիկանության տարածքային բաժնի անձնագրային ծառայություն է ներկայանում քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը եւ ներկայացնում.
ա. դիմում՝ ոստիկանության տարածքային բաժնի պետի անունով,
բ. ծննդյան վկայական կամ մինչեւ 16 տարին լրանալը ստացած ՀՀ քաղաքացու անձնագիր,
գ. 35×45 մմ չափի գունավոր 3 լուսանկար,
դ. ծնողների ամուսնության վկայականը կամ ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականը, կամ ամուսնության մեջ չգտնվելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, հայրության ճանաչման դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը,
ե. օրինական ներկայացուցիչ հանդիսանալու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հաստատող փաստաթուղթ,
զ. ծնողների անձնագրերի 2-5-րդ էջերի պատճենները,
է. ծնողներից մեկի օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում ծնողների համաձայնությունը, որը նրանց կողմից ստորագրվում է այն հանձնելիս: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Անձնագիրը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն ինչ ճիշտ է, միայն պետք է ավելացնել, որ նման գործընթացները սովորաբար ուղեկցվում են «կիլոմետրանոց» հերթերով եւ ժամանակի կորուստ պատճառում:




Լրահոս