ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՉԶԶՎԵՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության՝ երեկ ընդունած որոշման համաձայն՝ տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կտրուկ կսահմանափակվեն: Այսինքն՝ ստուգումներ կիրականացվեն միայն բարձր ռիսկային գոտում գտնվող տնտեսվարողների մոտ: Իբրեւ բարձր ռիսկայնության գոտում գտնվող ընկերություն ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը գործադիրի հաստատման է ներկայացրել համապատասխան նախագիծը, մատնանշել է գազալցակայանները:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ասել է. «Այս որոշման ընդունումը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին խստագույնս հետեւել օրենքի տառին եւ այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ Կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կարգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից: Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, կարեւորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսեւորող հարկ վճարողների նկատմամբ»: Այսինքն՝ ստացվում է, որ մինչ այս տեսչությունները, տեղին-անտեղին ստուգումներ են իրականացրել եւ տնտեսվարողների «զահլեն տարել են»: Իսկ երբ արդեն բանը բանից անցել է, եւ տնտեսվարողների շրջանում կամաց-կամաց սկսել են «ապստամբության» ծիլերը հասունանալ, իշխանությունները որոշել են իրենց ստուգողներին ետ կանչել` տնտեսվարողներին հնարավորություն տալով մի փոքր շունչ քաշել:
Հովիկ Աբրահամյանը հարկային ստուգումներին անդրադառնալով եւ դրանք եւս պակասեցնելու հանձնարարական տալով՝ փաստացի ընդունել է, որ դրանք եւս շատ դեպքերում անտեղի են իրականացվում: Խոսքը «հանձնարարականներով» ստուգումների մասին է: Բանն այն է, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. «Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են …»: Այսինքն՝ հարկային ստուգումը չի կարող իրականացվել «հանձնարարականի» հիման վրա, պետք է լինի հանձնարարագիր, կամ ինչպես ընդունված է ասել՝ հարկային ծառայությունում «կարմիր հանձնարարագիր»: Այս փաստաթղթի մասին զեկուցվում է մինչեւ ամենաբարձր ատյաններ՝ որպես օրինական գործընթացի: Մինչդեռ տնտեսվարողները տարիներ շարունակ ինչ-որ «հանձնարարական»-ներով (տես լուսանկարը) ստուգումների մասին են պատմում: Որպես կանոն, այդ տնտեսվարողները «լեզու են գտնում» հարկային տեսուչների հետ, որպեսզի ստուգումը չանցկացվի, իսկ «հանձնարարականն» էլ պատռվում եւ դեն է նետվում: Այս երեւույթի մասին տնտեսվարողները աշխատում են չբարձրաձայնել, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ եթե անգամ իրենք պնդեն օրենքով իրենց տրված իրավունքները, ապա դրա արդյունքում հաստատ ոչինչ չեն շահի, որովհետեւ հարկային տեսչության «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո իրենք պարբերաբար «օրինական» գնդակոծման կենթարկվեն, մինչեւ, ի վերջո, ստիպված կլինեն իրենց բիզնեսը փակել եւ արտագաղթել Հայաստանից: Այսինքն՝ գործարարները բոլորից լավ գիտեն, որ միակ տարբերակը «լեզու գտնելն է», այլ լուծում գոյություն չունի:
Իսկ միգուցե Հովիկ Աբրահամյանը հենց ա՞յս երեւույթի մասին էր երեկ ակնարկում, որպեսզի առաջիկայում այլեւս ստուգման «հանձնարական»-ներ «տակից» չգրվեն, եւ տնտեսվարողները հնարավորություն ունենան մի քանի ամիս շունչ քաշել:
Տեսնենք, թե ինչ արդյունք կլինի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՔԱՆԻ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ
Երեկ ՀՀ Կառավարությունը որոշեց ի սկզբանե սահմանել սեպտեմբերի ոչ աշխատանքային մեռելոցի օրը: Եւ այսպես՝ սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի տոնը, այդ օրվան հաջորդող երկուշաբթին` սեպտեմբերի 14-ը, որոշվեց դարձնել ոչ աշխատանքային օր, իսկ դրա փոխարեն աշխատանքային օր հայտարարվեց սեպտեմբերի 19-ը, որը շաբաթ օր է: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մարդիկ ավանդույթի ուժով ամեն տարի տոնի հաջորդող երկուշաբթին գնում են գերեզմանոց ու մասնակցում հոգեհանգստի արարողություններին, ինչի համար էլ երկուշաբթին հայտարարում են ոչ աշխատանքային: Սակայն ուշագրավ է, որ եկեղեցական մեկ այլ տաղավար տոնի` Աստվածածնի տոնին՝ Խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին այս տարի կլինի աշխատանքային օր: Խաղողօրհնեքն այս տարի նշվելու է օգոստոսի 16-ին: Հիշեցնենք, որ այս տարի Կառավարությունը քիչ էր մնում մոռանար Վարդավառի տոնին հաջորդող մեռելոցը ոչ աշխատանքային հայտարարել: Կառավարությունը վերջին պահին` տոնից մեկ օր առաջ` շաբաթ օրով, արտահերթ նիստ հրավիրեց եւ մեռելոցը ոչ աշխատանքային օր հայտարարեց: Այժմ արդեն նման «չեպեներից» խուսափելու համար որոշել են՝ քանի հիշում են, միանգանից սահմանեն ոչ աշխատանքային մեռելոցները:

 

ԱՆՈՐՈՇ ՎԻՃԱԿ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլնեթ» լրատվական կայքը վերջին շրջանում ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել: Օրերս մի քանի աշխատակիցներ կրճատվել են, կայքը հանձնել է նախկինում վարձակալած տարածքը եւ տեղափոխվել այլ, անհամեմատ ավելի փոքր եւ էժան վայր: Կայքում անորոշ վիճակ է, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու հետագան: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել լրատվամիջոցի պատասխանատուներից: «Սիվիլնեթ» կայքի խմբագիր Կարեն Հարությունյանը հայտարարեց. «Կրճատվել են, բայց նաեւ նոր մարդիկ են եկել, օպտիմալացում է եղել, դա ընթացիկ պրոցես է, մեր տարածքից տեղափոխվել ենք նոր տարածք, նպատակահարմար ենք համարել ավելի փոքր տարածքում կազմակերպել մեր գործունեությունը»,- պարզաբանեց Հարությունյանը:

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՈՎ
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Տիտալ Ջնդոյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 45 հազար դոլար: Ջնդոյանի աշխատավարձը ամսական կազմել է մոտ 530 հազար դրամ: Բացի աշխատավարձից՝ ազգությամբ եզդի Ջնդոյանը ստանում է նաեւ կենսաթոշակ` ամսական 450 հազար դրամի չափով: Նրա բարձր թոշակը պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել դատախազության համակարգում: Նա եղել է Երեւանի դատախազի տեղակալը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՑՆԵԼ
«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամները շարունակում են իրենց բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում: Նրանք երեկ ներխուժել են հրապարակի կենտրոնական հատվածը, որտեղից, սակայն, ոստիկանները նրանց դուրս են բերել: Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց համար սկզբունքային է մնում կենտրոնական հատվածում նստացույց անելը: «Մեր նպատակներից մեկն այստեղ լարվածությունն ավելացնելն է, որի արդյունքում ոստիկաններն իրենց վերադասներին կխնդրեն մեզ թույլ տալ այդ «գորգի» վրա նստացույց անել, այդ ժամանակ էլ մեր կարգախոսները կփոխվեն հոսանքի թանկացման դեմ պայքարի կարգախոսներով»:

 

ԾԵԾՎԱԾ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ Ադրբեջանին կոչ է արել «խելքը գլուխը հավաքել» եւ չտրվել սպառազինությունների մրցավազքին: «Ադրբեջանն ավելի խելամիտ ձեւ չի գտել, քան մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, որն անհեռանկարային է: Վերջիվերջո, այսօրվա հարաբերակցությունը շատ ավելի բարենպաստ է հայկական կողմերի համար՝ ի տարբերություն 90-ականների սկզբների, այն ժամանակ, երբ Ադրբեջանն ամեն անգամ փորձում էր հարձակում ձեռնարկել եւ կրում նորանոր պարտություններ»,¬ ասել է Քոչարյանը:

 

ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳՈՎ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի` սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի երեկվա ակցիան, ինչպես եւ վերջին շրջանում նրա կազմակերպած բոլոր միջոցառումները, խիստ սակավամարդ է եղել: Հայրիկյանը հայտարարել է, թե նախատեսված երթը դեպի Սահմանադրական դատարան տեղի չի ունենա, քանի որ իրենք սահմանադրական հանձնաժողովի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել վաղը՝ ժամը 11:00-ին, հանդիպել եւ քննարկում իրականացնել:

 

ԿՍՏՈՒԳԵՆ ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ
Կառավարության նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է վարչապետի` տեսչական ստուգումները կրճատելու մասին հանձնարարականին եւ նշել, որ ստուգումներ կանցկացնեն միայն հարկային եւ մաքսային մարմինները: Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ թեեւ կարեւոր է պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, սակայն ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքում: «Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին վերանայել ռիսկայնության չափանիշները` նպատակ հետապնդելով նվազեցնել ստուգումների քանակը», – հայտարարել է վարչապետը:

 

ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Հուլիսի 29-ին եւ լույս 30-ի գիշերը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 միլիմետրանոց ականանետերից (60 արկ) եւ ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց:




Լրահոս