ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է «ԱՎՏՈՊԻԼՈՏ» ՌԵԺԻՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսական տարբեր ոլորտներ դոմինոյի էֆեկտով մեկը մյուսի հետեւից ոչնչանում են: Եւ այսօր կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանի հռչակած «բաց երկնքի քաղաքականություն»-ը պարզապես փլուզեց մեր երկրի քաղավիացիայի ոլորտը, եւ ՀՀ քաղաքացիների մեծ մասը ստիպված են այսօր օգտվել այլ երկրում՝ մասնավորապես Վրաստանում մատուցվող ծառայություններից:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ եւ կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի եւ ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում հռչակվեց բաց երկնքի քաղաքականություն: Արդեն դեկտեմբերին Տիգրան Սարգսյանը որոշեց ՀՀ Կառավարության եւ օտարերկրյա պետությունների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ նշված ոլորտների նոր միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցությունների վարումը, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցումն իրականացնելու էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ ներգրավելով ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ավիացիայի բնագավառում պետական քաղաքականությունը, ավիացիոն ծառայությունների եւ ՀՀ-ում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահսկողությունը:
Իսկ ի՞նչ իրավիճակ է այսօր քաղավիացիայի ոլորտում, եւ ինչո՞վ են զբաղված նշված կառույցները:
Երբ Հայաստանում գործող «Արմավիա» միակ ազգային ավիափոխադրողը հեռացավ ոլորտից, եւ հայտարարվեց բաց երկնքի քաղաքականություն, մի շարք ավիաընկերություններ մեկը մյուսի հետեւից լքեցին մեր երկիրը: Փորձ արվեց «Արմավիային» փոխարինող հայկական ընկերությանը դաշտ մղել, դա էլ չստացվեց, «Էյր Արմենիան» եւս չդիմացավ մրցակցությանը ու իր չվերթները անորոշ ժամանակով հետաձգել է ու չի կարողանում գործունեությունը վերսկսել: Եւ այսօր Հայաստանում չկա հայկական գոնե կես ավիափոխադրող ընկերություն, իսկ եղածներն էլ թելադրում են իրենց կանոնները՝ խելքից դուրս գներ սահմանելով ավիատոմսերի համար: Օրինակ՝ Երեւան-Բարսելոնա-Երեւան ավիատոմսի գինը տատանվում է 800-1000 եվրոյի սահմաններում, իսկ նույն ուղղությունը Թբիլիսիից եռակի անգամ ցածր գին ունի՝ 350-400 եվրո:
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում չկա պետական որեւէ մարմին, որն իրավասու է կագավորել ոլորտում առկա խայտառակ պատկերը: Եւ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում էժան ավիատոմսեր ձեռք բերել Վրաստանից ու կտրել շուրջ 250 կմ ճանապարհ՝ հարեւան Թբիլիսիի օդանավակայան հասնելու, էժան չվերթով մեկնելու համար: Գաղտնիք չէ, որ ամառային շոգ օրերին մեր հայրենակիցների զգալի մասը փորձում է իր հանգիստը կազմակերպել արտերկրում, եւ ավելի քան երբեւէ հենց այս սեզոնին են մարդիկ ավիատոմսեր գնելու անհրաժեշտություն ունենում:
Իսկ ինչո՞վ են զբաղված ոլորտի պատասխանատուները. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը իր լրատվական ծառայության միջոցով մեզ փոխանցեց, որ համագործակցելով ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ ակտիվ աշխատանքներ է սկսել: Ավիաընկերությունների հետ սկսվել են համապատասխան քննարկումներ` վերջիններիս դիրքորոշումը պարզելու նպատակով: Կատարվում է ավիաընկերությունների կողմից առաջարկվող սակագների գնագոյացման ուսումնասիրություն հայկական շուկայի առանձնահատկությունների եւ տնտեսական մի շարք գործոնների համատեքստում:
Թե ինչքան ժամանակ կտեւեն այդ ուսումնասիրությունները, պարզ չէ, բայց հասկանալի է, որ ժամանակն աշխատում է ընդդեմ ՀՀ քաղաքացու:
Փորձեցինք պարզել, թե ինչով է զբաղված ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ ի դեմս պետ Արտյոմ Մովսիսյանի: Ըստ պաշտոնական տեղեկության՝ նա հուլիսի 21-ին կազմակերպել է բանակցություններ Իսրայելի Կառավարության պատվիրակության հետ՝ ուղղված քաղաքացիական ավիացիայի ոլորտում անվտանգության ապահովման երկկողմանի հատուկ միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Իսրայելի միջեւ ուղեւորահոսքի ավելացմանը: Այսինքն՝ ավիատոմսերի շուկայում առկա այս մեծ «բարդակի» պայմաններում Արտյոմ Մովսիսյանը մտահոգված է բացառապես շաբաթը մեկ անգամ Թելավիվի ուղղութամբ իրականացվող ավիափոխադրումներով: Այլ խնդիր նրա տեսադաշտում ու օրակարգում չկա:
Նկատենք, որ Մովսիսյանը նախորդ ամսվա 10-ին էլ «Ավիաբուժ» բժշկական կենտրոնի գործունեությունն է դասակարգել որպես միջազգային չափորոշիչներին համապատասխանող եւ վերջ: Ասել է թե՝ Արտյոմ Մովսիսյանն իր աշխատառեժիմը դրել է «ավտոպիլոտ» ծրագրի վրա եւ իներցիայով գնում է առաջ՝ չզգալով ու տեսնելով ոլորտին պատուհասած խնդիրները:
Թե այս պայմաններում ինչպես պետք է քաղավիացիայի ոլորտում առկա խնդիրները կարգավորվեն, այդպես էլ անհասկանալի է մնում: Գլխավորն այն է, որ Արտյոմ Մովսիսյանի բիզնես գործերն առաջ են գնում: Բայց այդ մասին՝ հաջորդիվ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 
ԻՄԱՍՏ ՈՒՆԻ՞ ՄԵՔԵՆԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ, ԹԵ՞ ՈՉ

Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում վարորդների համար նախատեսված օրենքները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ենթարկվում են փոփոխության: Ինչի արդյունքում, բնականաբար, տուժում են վարորդները, քանի որ չեն հասցնում նորամուծություններին ժամանակին ծանոթանալ: «Ժողովուրդ»-ի խմբագրությունը չի դադարում ապահովագրական ընկերությունների գործելաոճի մասով վարորդներից դժգոհություններ ստանալ:

Այս անգամ էլ «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին՝ Դավիթ Վանեսյանը, պատմեց, որ իր մեքենան պատշաճ կարգով պարտադիր ապահովագրել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, սակայն այսօր հայտնվել է ապահովագրական ընկերության կողմից «ստեղծած ծուղակում»: «Հուլիսի 29-ին ավտոճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր կողմ դարձա: Ինչպես որ կարգն է՝ զանգահարեցի «Ինգո Արմենիա» ընկերություն, որտեղից հեռախոսով տեղյակ պահեցին, որ իրենց գալու դեպքում, եթե ճանապարհային ոստիկանությունը չի արձանագրելու տվյալ պատահարը, ապա իրենք փոխհատուցում չեն կարող տալ: Այնուհետեւ տեղյակ պահեցին, որ եթե ՃՈ-ն արձանագրի, ես մեղավոր կողմ եմ, ստիպված պետք է առնվազն 30 հազար դրամ վարչական տուգանք վճարեմ»,- ներկայացրեց Վանեսյանը:
Մեր զրուցակցի պատմելով՝ ԱՊՊԱ գործակալը մոտեցել է դեպքի վայր եւ նույն պատճառաբանությունն է ներկայացրել. «Տվյալ պահին ես կողմնորոշվելու այլ տարբերակ չունեի: Թեեւ ԱՊՊԱ էի արել իմ մեքենան, մյուս՝ տուժած մեքենայի վերանորոգման ծախսերն էլ վերցրեցի իմ վրա, քանի որ ՃՈ-ի կողմից սահմանված վարչական տուգանք վճարելու դեպքում անգամ անհայտ էր՝ «Ինգո Արմենիան» ինձ կփոխհատուցի՞, թե՞ ոչ: Ես մտածեցի, որ նման կերպ խուսափում եմ կրկնակի ծախսից: Իսկ հիմա անհասկանալի է՝ ինչո՞ւ եմ ապահովագրել իմ մեքենան, եթե այդ նույն «Ինգո Արմենիա»-ն ծուղակ է սարքել եւ ՃՈ-ի վարչական տուգանքի փաստը մատնանշելով՝ հրաժարվում է փոխհատուցում տալուց»:
Պարզվում է՝ ՃՈ-ն ունի նման կարգ, որով քաղաքացուն պարտադրում է վարչական տուգանք մուծել, եթե իր մեղքով է եղել ավտովթարը: «Օրենքով ընթացակարգ կա՝ ճանապարհային ոստիկանությունը դեպքը ֆիքսելուց հետո մեղավոր կողմին տուգանելու է»,- «Ժողովուրդ»-ին հայտնեց ՃՈ պետ Արմեն Հակոբյանը:
Իսկ, ահա, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հատուցումների բաժնի ներկայացուցիչ Հայկ Մանգոյանը բացատրեց. «Եթե պատահարի կողմերի միջեւ մեղավորության վերաբերյալ համաձայնություն կա, ապա նրանք իրավունք ունեն հրաժարվել ոստիկանության կողմից վարչական վարույթ իրականացնելուց: Ինչով եւ կխուսափեն արդեն տուգանք մուծելուց: Եթե տվյալ քաղաքացին հրաժարվեց ճանապարհային ոստիկանություն կանչելուց, այդ դեպքում նրան ապահովագրական ընկերության կողմից չի կարող հատուցում տրամադրվել: Սա օրինական է եւ ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյով հաստատված»:
Այնպես որ, մեքենա վարելուց առաջ պետք է առավել ուշադիր լինել՝ մեղավոր կողմում չհայտնվելու համար, թե չէ տուգանքներ վճարելն անխուսափելի կլինի: Իսկ ինչ վերաբերում է ապահովագրական ընկերություններին, ապա նրանք ուղղակի քերթում են վարորդների կաշին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԱՄՍԱԳԻՐԸ ՓԱԿՎԵՑ
Այն, որ վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ իսկական արշավ է սկսվել, գաղտնիք չէ. դատական հայցեր, աղբյուր բացահայտելու պարտադրանք… այս շարքին կարելի է դասել նաեւ «ԵՍ» երիտասարդական ամսագրի հետ տեղի ունեցածը: Երկար տարիներ գործելուց հետո խնդիրների պատճառով այն փոխեց իր անվանումը, իսկ երեկ էլ հայտարարվեց ամսագրի վերջնական փակման մասին: Կատարվածի պատճառների մասին Armlur.am-ը զրուցել է ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Անի Քոչարի հետ:
«Ամսագրի հետ կապված առաջին լուրջ խնդիրը եղավ այն ժամանակ, երբ խնդիրներ ծագեցին «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս»-ի հետ: Այդ ընթացքում մենք կորցրեցինք շատ գովազդատուների, եւ խնդիրներ առաջացան նաեւ վաճառքի հետ կապված: Մենք ստիպված էինք դուրս գալ այդ կառույցից եւ առանձին գործել: Չունենալով ռեսուրս` մենք եւս չորս տարի անխափան աշխատել ենք, սակայն Հայաստանում ֆինանսական, տնտեսական պայմաններից ելնելով՝ մեր լրատվամիջոցը շատ լուրջ խնդիրների առջեւ կանգնեց: Վերջին չորս տարում իմ անձնական բոլոր խնայողությունները եւ սեփականությունները վաճառելով՝ մենք կարողացել ենք մեր կազմակերպությունը պահել: Սակայն հասունացավ այն պահը, որ հնարավոր չէր սեփական միջոցներով մեդիա պահելը, եւ ինքնանպատակ է դառնում շարունակ ներդրում անելը եւ 0 դրամ վաստակելը: Պետք է նշեմ, որ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավար Արմեն Արզումանյանի կողմից եղել է հաշտության առաջարկ եւ եղել է համաձայնություն` միմյանց չվնասելու: Սակայն մինչ այդ համաձայնությունը, մեզ այնքան վնաս էր եղել «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս»-ի կողմից, որ տարիներ շարունակ այդ վնասները վերականգնելն անհնարին եղավ: Մեր ընկերությունն այս ամենից հետո առաջացած խնդիրների պատճառով մի քանի միլիոն դրամի պարտք է կուտակել:
-Այլ լրատվամիջոցներից, անձանցից կամ «Ժառանգություն» կուսակցությունից այս ընթացքում օգնության որեւէ առաջարկ ստացե՞լ եք:
-Պետք է ասեմ, որ մոտ մեկ տարի մեզ օգնության ձեռք է մեկնել «Ինթերնեշնլ Մեդիա Հոլդինգ»-ը, որի համար շնորհակալ եմ: Իսկ որեւէ այլ լրատվամիջոցի, անձանց կամ առավել եւս «Ժառանգություն» կուսակցության կողմից որեւէ աջակցության առաջարկ չի եղել, անգամ որեւէ սրտացավ վերաբերմունք եւ մոտեցում չի եղել, եւ ես դա ցավով եմ նշում: Ինքս որեւէ կուսկացության անդամ չեմ եղել, բայց պատրաստակամ եմ եղել առողջ համագործակցության` առանց գաղափարական եւ խոսքի ազատության ճնշումների: Բայց, ցավոք, դա Հայաստանում միֆ է եւ երազանք: Եթե Հայաստանում որեւէ կառույց քեզ օգնում է, նա ցանկանում է 100 տոկոս վերահսկողություն, իսկ այդպիսի պայմաններում ես աշխատել չեմ կարող:
Հ. Գ. «ՊանԱրմենիան Փաբլիշինգ Հաուս» հրատարակչությունը հանդիսանում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» միավորման անդամ, իսկ վերջինս էլ պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին եւ նրա մերձավորներին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս