ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ 2015 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 19-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցման կետերից անձնական օգտագործման համար խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի ներմուծումը:
Որոշումը պայմանավորված է ներկրվող մսեղիքի նկատմամբ հսկողությունը խստացնելու և սիբիրախտ հիվանդության հնարավոր ներթափանցումը կանխելու հանքամանքով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին օգոստոսի 4-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում քաղաքացու մոտ ախտորոշվել է սիբիրախտ: ՍԱՊԾ մասնագետները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վարակի աղբյուրը մեր հանրապետությունում չէ, և որ հիվանդության պատճառն անձնական օգտագործման նպատակով ներկրված մսեղիքն է: Ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում չեն գրանցվել կենդանիների սիբիրախտ հիվանդության դեպքեր:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին անգամ հորդորում է սպառողներին չգնել չստուգված և սառնարանային պայմաններում չպահվող մսեղիք: