ԼՈՒՍՆԻՑ ԻՋԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված ծավալուն հարցազրույցում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցրի, անդրադարձել է աշխատատեղերի  եւ արտագաղթի խնդիրներին: Նա մասնավորապես ասել է. «Հիմնականում գնում են բարձր աշխատավարձի հետեւից: …Այսօր ես կարող եմ հայտարարել, որ Հայաստանում աշխատանքի խնդիր չկա, Հայաստանում կա բարձր վարձատրվող աշխատանքի խնդիր: Երեւանում կան ժամանակակից գործարաններ, որոնք աշխատողների կարիք ունեն»:  Հետաքրքիր է, այդ ի՞նչ գերգաղտնի «ժամանակակից գործարաններ» են Երեւանում, որոնց մասին հանրությունը ոչինչ չգիտի: Որեւէ մեկը կարո՞ղ է հիշել, թե վերջին 10  տարվա, էլ չասած` Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 5 տարրիների ընթացքում, Երեւանում ինչ  նոր գործարան է բացվել: Որքան մտածում ենք, Երեւանում գործող նշանակալի թվով աշխատատեղեր ունեցող գործարաններից միայն «Նաիրիտ»-ն ենք հիշում, եթե իհարկե, կարելի է գործող համարել մի գործարան, որը ամիսներով պարապուրդի է մատնվում, եւ որի հարյուրավոր աշխատակիցներ  տարին մեկ անգամ են աշխատավարձ ստանում` այն էլ նախագահականի առջեւ ցույց անելուց հետո: Ինչեւէ: Զարգացնելով աշխատողների կարիք ունեցող ինչ-որ անհայտ «ժամանակակից գործարանների» մասին,  ըստ ամենայնի` Տիգրան Սարգսյանի կողմից ներշնչված  թեզը`  Սերժ Սարգսյանն անում է հաջորդ ցնցող հայտարարությունը.   «Այսօր այլեւս Հայաստանում որեւէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել: Դա մի կողմից  ուրախացնում է, որ մարդկանց  պահանջը մեծանում է, մի կողմից  ուրախացնում է, որ ամենածայրահեղ  դեպքում, եթե մարդն այլ ելք  չունի, կգնա եւ 130,  140 հազար դրամով կաշխատի»: Հավանաբար Սերժ Սարգսյանի գերթանկարժեք փի-առշչիկներն ու  ժելեոտած մազերով, եվրոպաներում կրթված խորհրդականնները մոռացել են    տեղեկացնել, որ  Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 118.400 դրամ,  իսկ նվազագույն աշխատավարձը  կառավարության գործադրած գերմարդկային  ջանքերի արդյունքում անցած տարի  հաջողվեց բարձրացնել ընդամենը 2500 դրամով, եւ այժմ արդեն  «150 հազար դրամից մեկ լումա պակասով չաշխատող»  հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ աշխատում են ամսական 35 000 դրամով: Ու ստացվում է, որ իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ծաղրում է ոչ միայն աղքատության շեմին գոյատեւող այդ մարդկանց, այլեւ բազմահազար ուսուցիչներին, բժիշկներին եւ գիտնականներին, որոնց ստացած աշխատավարձը զգալիորեն ցածր է Սերժ Սարգսյանի նշած 150 հազարից: «Մենք մշտապես շատ զգուշորեն պետք է վարվենք թվերի հետ»,-քիչ անց  ասում է Սերժ Սարգսյանը, որին, դատելով իր իսկ կողմից հնչեցված թվերից, չի խանգարի սեփական խորհրդին հետեւելը:




Լրահոս