«Հայաստանում, 25 տարի է, Սահմանադրության կատարման խնդիր կա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումները երեք հիմնական խնդիր են լուծում: Առաջինը՝ մարդու իրավունքների իրական արտահայտությունն է Սահմանադրության նախագծի մեջ, որի մասին Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել: Երկրորդը կառավարման համակարգի խնդիրն է, որն ուսումնասիրելով երկար տարիներ` մեր սահմանագրագետները հանգել են նրան, որ ճիշտը կառավարման խորհրդարանական համակարգն է: Իսկ երրորդը դատական իշխանության անկախության ավելի բարձրացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Պատգամավորի խոսքով` երբ մեր հասարակության մեջ ինչ-որ բան է հրապարակվում, առանց հիմնավորումների սկսում են բացասական կարծիքներ արտահայտել: Ըստ բանախոսի` այսօր սահմանադրության մեջ ավելացել են շատ մարմիններ, որոնք նախկին սահմանադրությամբ հստակեցված չէին, գործում էին կա´մ օրենքի սահմաններում, կա´մ տարբեր ենթաստորադրական ակտերով:

«Այժմ այդ մարմինները հստակեցված են, դրանց տրվել են կոնկրետ գործառույթներ, և դրանք սահմանդրորեն ամրապնդված ու պաշտպանված են»,-հավելեց պատգամավորը:

Իսկ ասուլիսի մյուս բանախոսը` կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, նշեց, որ մեզ մոտ խնդիրը ոչ թե այն է, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, այլ` իրագործվում է այն, թե` ոչ :

«Խնդիրը Սահմանադրության տեքստը չէ: Հայաստանում, 25 տարի է, Սահմանադրության կատարման խնդիր կա: Կառավարման բոլոր համակարգերը՝ կիսանախագահական, խորհրդարանական, նախագահական, սպառել են իրենց»,-ընդգծեց նա:

Փորձագետը չհամաձայնվեց պատգամավորի նշած երեք կետի հետ, որոնք, ըստ Սուքիասյանի, նոր Սահմանադրությունը լուծելու է. «Նշված երեք կետերն անարդյունավետ են, և կատարվող փոփոխությունը կառավարման անհաջող մի համակարգից անցում է մյուսին»:




Լրահոս