ՃԱԿԱՏԱԳՐՈՎ՝ ՕԵԿ, ՄԱՆԴԱՏՈՎ՝ ԲՀԿ, ՀՈԳՈՎ՝ ՀՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հայտարարել է, որ չի մասնակցում ընտրություններին ու չի սատարում որեւէ ուժի, անհատ գործիչների մակարդակով Սերժ Սարգսյանի օգտին քարոզչություն է անում:
Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ հայտարարել է նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ճակատագրով ՕԵԿ-ական, կուսակցական տոմսով ԲՀԿ-ական, հոգով-սրտով ՀՀԿ-ական Սամվել Բալասանյանի այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ նա դեռեւս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, իսկ ԲՀԿ-ն, ինչպես հայտնի է, հայտարարել է նախագահի ընտրություններում թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին: Բայց դա չի խանգարել Բալասանյանին, որպեսզի հայտարարի, որ Ս. Սարգսյանի կողքին է եղել ու նրան սատարել 2008թ., այդպես է վարվում նաեւ այսօր:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով Բալասանյանի հայտարարությանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե դա ոչ թե ԲՀԿ-ի, այլ Գյումրու քաղաքապետի անձնական որոշումն է: «Կուսակցության սատարելը լինում է կուսակցության նախագահի, ղեկավար մարմնի՝ քաղխորհրդի հայտարարությամբ, իսկ ԲՀԿ-ից որեւէ մեկին սատարելու մասին հայտարարություն չի եղել: ԲՀԿ-ն իր անդամներին թողել է ազատ կողմնորոշվել իրենց ընտրության մեջ»,-ասաց Մարգարյանը:
Ավելի ուշ Սամվել Բալասանյանը պարզաբանել է իր հայտարարությունը՝ ասելով, որ որպես ԲՀԿ-ական՝ հարգում է կուսակցության որոշումը, բայց որպես անհատ՝ կայացրել է իր որոշումը՝ հաշվի առնելով Ս. Սարգսյանի ուշադրությունը Գյումրու հանդեպ: Բալասանյանը նաեւ հայտարարել է, որ իր որոշման մասին նախապես տեղյակ է պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այլ կերպ ասած՝ նա անուղղակի կերպով ուղղակիորեն անհարմար դրության մեջ է դրել Ծառուկյանին:
Ի դեպ, Ս. Սարգսյանին են սատարում նաեւ ԲՀԿ-ական մյուս քաղաքապետերը՝ Աբովյանի համայնքապետ Կարո Գուլոյանը, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը եւ այլք: Ահա թե ինչպես է ԲՀԿ-ականների խոսքը գործ դառնում, իսկ Հայ ազգային կոնգրեսը կարծում էր, թե ԲՀԿ-ն կմտնի ընդդիմադիր դաշտ:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս