ԿՐԹՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԴԻՊԼՈՄ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության մասին առաջին ու միակ ծրագրի ընդունումից անցել է տասը տարի, հիմա երկրում միանգամայն նոր իրավիճակ է, եւ Ազգային ժողովում մեկնարկած հանրային լսումները նպատակ ունեն քննարկումներով հարստացնել նոր ծրագիրը:ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը խոսքի սկզբում փոխանցեց բացակա Հովիկ Աբրահամյանի ողջույնը եւ ներկաներին խնդրեց քննարկել հիմնականում կրթության որակի եւ արդյունավետության հետ կապված հարցեր:Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքը երկար էր, մի քիչ ամպագոռգոռ էր, մի քիչ էլ` մարգարեական ոճով: Նա խոսեց «կրթության առաքելության» մասին եւ հայտնեց, որ Հայաստանի համար կրթությունն ունի 7 առաքելություն: Պարոն նախարարը այնքան համակարգված ու վստահ ներկայացրեց այդ «առաքելությունները», ասես Պյութագորասի երկրորդ թեորեմն էր անգիր ասում:Եւ այսպես, կրթության առաջ ծառացած 7 առաքելություններն են` սոցիալական բարիք, մարդկանց գրպանին ու ճաշակին հարմար սերվիս-ծառայություն, ազգային անվտանգության հենասյուն, չորրորդ` տնտեսական զարգացման նախապայման, հինգերորդ` հասարակական, դաստիարակչական առաքելություն, վեցերորդ` պետության պարտավորության ոլորտ եւ յոթերորդ` անձի կատարելագործմանն ուղղված բնագավառ: Ինչպես եկեղեցին ու մշակույթը:«Որքանո՞վ ենք մենք ազնիվ կրթության համակարգում»,- հռետորական հարց հնչեցրեց նախարարը, եւ փորձեց հիմնավորել կամ համոզել, թե կոռուպցիան «կեղծ ֆետիշիզմի, դպրոցից մինչեւ նախարարություն կառավարման ցածր որակի, աղճատված առաքելությունների հետեւանք է»: Ինչ խոսք, մեր Կրթության նախարարը խոսքի արվեստում մրցակից չունի, բայց, ցավոք, այս խոսքերից կոռուպցիան չի վերանում, այլ կոծկվում է բառերի, բացատրությունների տակ եւ կրկին ի հայտ գալիս առաջիկա  ընդունելության քննություններին` ամենասովորական կաշառակերության ձեւով:Նախարարը ոլորտի թերֆինանսավորումը համարելով խրոնիկ պրոբլեմ` ելքը համարեց կրթության ոլորտում բիզնես էլիտայի ներգրավումը:  Գիտակից ու բարեկիրթ հարուստ հայերին կոչ արեց փող տալ կրթությանը, իբրեւ «սեփական շահի երկարաժամկետ գիտակցում»:Քննարկումներն ակտիվացան, երբ խոսք գնաց մանկավարժական կրթության որակի բարձրացման մասին: Մանկավարժ դարձող դիմորդը հիմնականում «մոտիվացված» չէ, ուղղակի երկրորդ կամ երրորդ հայտով, ձեռքի հետ, ընդունվել է Մանկավարժական: Եւ մի քանի տարի անց, «մի քիչ ուսուցիչ, մի քիչ մաթեմատիկոս» երիտասարդը չուզենալով մտնում է դասարան: Առարկային լիարժեք չտիրապետող ուսուցիչն էլ մի ուրիշ աղետ է դպրոցի ու լավ սովորող աշակերտի համար: Մանկավարժական կադրերի գերարտադրություն կա մեզանում, եւ, բացի բուհերից, երկու տասնյակ միջնակարգ մասնագիտական հաստատություններ ամեն տարի մանկավարժներ են «թողարկում», որոնք հիմնականում աշխատանք չեն գտնում: Մանկավարժական թափուր տեղեր չկան: Ավելին, 28 հազար հաստիքի տեղում  43 հազար ուսուցիչ է աշխատում:Պատգամավոր Անահիտ Բախշյանը դժգոհ էր նոր ծրագրից, քանի որ ապագային միտված փոփոխությունները նշված չեն, դրա «սաղմն էլ չկա»:Փոխարենը, Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին խորհուրդ տվեց կրթության հարցերին փիլիսոփայորեն վերաբերվել: Պարոն նախարարը պատկերավոր օրինակներով ներկայացրեց ասելիքը: Նախ իր չիմացած, բայց մոդա դարձած գյուղատնտեսական ոլորտից օրինակ բերեց. «Կրթությունը պտղատու այգի է, ոչ թե ցորենի արտ: Պետք է խնամել, փայփայել եւ մի քանի տարի անց ստանալ առաջին պտուղները: Այսինքն`  համակարգի փոփոխությունների արդյունքները կտեսնենք տարիներ անց»:Ապա անցավ իր առաջին մասնագիտության` բժշկության լեզվին. «Պատրաստի մոտեցումներ, համադարմաններ չկան: Ես կողմնակից եմ էվոլյուցիոն փոփոխությունների: Բարեփոխումներին պետք է պատրաստվել երկար, անել` հետեւողականորեն»:Ազգային ժողովում կայացած հանրային լսումներին մասնակցում էր նաեւ Երեւանի Մանկավարժական համալսարանի նոր ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Լրագրողները զարմանքով նկատեցին, որ թեեւ քննարկումների հիմնական եւ թեժ թեման մանկավարժական կրթությունն էր` իր բոլոր բացերով ու պրոբլեմներով, սակայն պարոն Միրզախանյանի դեմքի ոչ մի մկան չէր շարժվում: Կարծես իրեն չէր վերաբերվում: Տպավորություն էր ստեղծվում, ասես չէր էլ լսում: Երեւի այդ պատճառով,  երբ լրագրողները խնդրեցին իրենց հարցերին պատասխանել, սկզբում համառորեն հրաժարվում էր: Համաձայնելուց հետո ասաց. «Միանգամայն համաձայն եմ նախարարի հետ, ես էլ եմ կարեւորում ուսուցչի դերը մեր կյանքում: Համաձայն եմ, որ կրթությունը մեզանում պետք է որակական նոր մակարդակի հասցվի: Սակայն սա գլոբալ հարց է: Երկու հարց եմ կարեւորում` ո՞վքեր են դաս տալիս եւ ո՞վքեր են շրջանավարտները: Ես խոստանում եմ, որ երկրի լավագույն կադրերն են մեզանում դասավանդելու»: Հարց է առաջանում` իսկ մինչեւ հիմա ովքե՞ ր էին դասավանդողները:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս