Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ նոր Սահմանադրության նախագիծը սկզբից մինչեւ վերջ գրվել է մեկ նպատակով՝ ՀՀԿ-ի իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար: Փաստացի, նոր Սահմանադրության նախագիծը այնպես է կառուցված, որ իշխանափոխություն հնարավոր լինի միայն մեկ ճանապարհով՝ հեղափոխությամբ: Իսկ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության կամ մնացած բոլոր՝ առանց բախումների իշխանափոխության տարբերակներն այս նախագիծը գործնականում բացառում է:
Իսկ այդ խնդիրը լուծելու համար ՀՀԿ-ն ցանկանում է ոչ միայն գործող Սահմանադրությունը փոխել, այլ նաեւ ներդնել մի համակարգ, որի պայմաններում ցանկացած պահի հնարավոր կլինի Սահմանադրությունում փոփոխություններ կատարել առանց հանրաքվեի: Այս նորամուծության համաձայն՝ նոր Սահմանադրության բոլոր այն գլուխներում, որոնք վերաբերում են կառավարման համակարգին, խորհրդարանը կարող է փոփոխություններ կատարել: Դրա համար անհրաժեշտ կլինի, որպեսզի պատգամավորների մեկ քառորդը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ երկու երրորդն էլ կողմ քվեարկի: Եթե խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը լինի այնպիսին, ինչպես այժմ է, ապա Սահմանադրությունում փոփոխություն կատարելը կդառնա տեխնիկայի խնդիր եւ ԱԺ-ն կդակի, երբ կամենա:
Ի դեպ, նոր Սահմանադրության՝ նախորդ օրը հրապարակված ամբողջական նախագիծը բաղկացած է 15 գլուխներից, որոնցից մինչ այս հրապարակվել էին յոթը: Ութերորդ գլուխը վերաբերում է դատախազությանը եւ քննչական մարմիններին: Այս գլխի՝ դատախազությանը վերաբերող մասը փաստացի գործող Սահմանադրությունից տարբերվում է միայն այն դրույթով, ըստ որի՝ խորհրդարանը կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին պատգամավորների երեք հինգերորդի կողմ քվեարկելու դեպքում: Գործող Սահմանադրությամբ գլխավոր դատախազին խորհրդարանը կարող է պաշտոնանկ անել միայն նախագահի առաջարկությամբ, ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ պատգամավորներն այսուհետ իրենք չեն կարող ինքնուրույն նախաձեռնել գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթացը: Իսկ ինչ վերաբերում է այդ գլխի քննչական մարմիններին վերաբերող հատվածին, այն ընդամենը մեկ հոդվածից է, որը սահմանում է քննչական մարմինների գոյության փաստը որպես նախաքննություն իրականացնող օղակի:
Տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող գլխում տեղ են գտել նաեւ ներկայիս «ՏԻՄ մասին» օրենքի մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են համայնքի ղեկավարների եւ ավագանիների լիազորություններին ու փոխհարաբերություններին: Նորամուծությունն այն է, որ մեկ տարով երկարացվում է համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը՝ չորսից այն դարձնելով հինգ տարի:
Ի տարբերություն գործող Սահմանադրության՝ նոր նախագծով մարդու իրավունքների պաշտպանին հատկացված է առանձին գլուխ: Ընդ որում, ՄԻՊ-ի գլուխը այն եզակիներից է, որում փոփոխություններ կարող են կատարվել միայն հանրաքվեի միջոցով: ՄԻՊ գլխին նման կարեւորություն տալը չի նշանակում, որ նրա բովանդակությունը եւս նույնքան կարեւոր է: Ինչպես գործող Սահմանադրությունում, այնպես էլ այս նորի նախագծով ՄԻՊ-ը մարդու իրավունքների խախտումները վերականգնելու ոչ մի գործնական լծակ չունի: Այդ պաշտոնն ընդամենն օժտված է խորհրդատվական լիազորություններով:
Նոր Սահմանադրության հաջորդ նորամուծությունն այն է, որ առաջարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել Սահմանադրությամբ եւ այդ կառույցին հատկացված է առանձին՝ 11-րդ գլուխը: Գործող Սահմանադրությունում ԿԸՀ-ի մասին ոչ մի տեղ չի հիշատակվում: Նախագծով առաջարկվող ԿԸՀ բաղկացած պետք է լինի յոթ անդամներից, որոնց ընտրելու է խորհրդարանը՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Ի դեպ, ԿԸՀ նախագահին եւս խորհրդարանը պետք է ընտրի:
Նոր Սահմանադրության նախագծում առանձին գլուխներով են ներկայացված նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւ կենտրոնական բանկը: Նորամուծություններից է նաեւ այն, որ անփոփոխելի հոդվածները նախագծով չորսն են՝ առաջին երեքը եւ այդ մասին ազդարարող 202-րդ հոդվածը: Գործող Սահմանադրությունում անփոփոխելի հոդվածներն առաջին երկուսն են եւ այդ հոդվածների անփոփոխելիությունը սահմանող 114-րդ հոդվածը:
Նշենք, որ նոր Սահմանադրության նախագիծն ընդհանուր բաղկացած է 206 հոդվածներից:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ