«Սա կանխամտածված սպանություն է եղել». Անի Մաջնունյանի ընկերուհին մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անիին միայն լուսավոր ու ժպտերես ենք հիշում, նրա մասին երբեք անցյալ ժամանակով չենք խոսի: Armlur.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց երեկ երեկոյան դաժանորեն սպանված էքստրասենս Անի Մաջնունյանին ընկերուհին՝ Մարինե Բունիաթյանը. «Անին որտեղ մտներ, այնտեղ խաղաղություն էր տիրում: Նրա երգերի տակ քնում էի, ասում էի` նվագիր ես քնեմ: Չեմ հասկանում՝ որ մի տմարդին է այսպիսի բան արել: Սպանության հետ կապված որևէ վարկած առաջ քաշել չեմ կարող: Բայց մի բան հաստատ է՝ նա ամեն մարդու առաջ դուռ չէր բացում: Նույնիսկ ես երբ նրանց տուն էի գնում, նախապես զանգահարում, պայմանավորվում, հետո էի գնում: Սակայն չեմ կարող ասել, որ հարազատ մարդու արած բան է: Սա կանխամտածված սպանություն է եղել, բայց թե ինչը կարող էր դրդապատճառ լինել, չեմ կարողանում պատկերացնել»:

Մարինե Բունիաթյանի խոսքով, Անի Մաջնունյանին ճանաչելու ավելի քան 20 տարիների ընթացքում ինքը երբևէ չի տեսել, որ նա որևէ խնդիր ունենար հարևանների, բարեկամների կամ այլ մարդկանց հետ: Նրան բոլորը երգելիս, ժպտալիս և մարդկանց օգնելիս են հիշում:

Անձնական խնդիրներ էլ, սպանվածի ընկերուհու փոխանցմամբ, Անին չուներ. «7 տարի Գաբրիել Փանյանի հետ երջանիկ ապրել են: Ամուսնալուծությունից հետո երբևէ որևէ խնդիր նրանք չեն ունեցել: Ես տարիներ շարունակ նրանց հետ աղուհաց եմ կիսել, տեսել եմ՝ ինչքան երջանիկ ընտանիք էին: Գաբրիելը շատ լավ ամուսին է եղել: Գաբրիելը նրան շատ լավ էր վերաբերվում, միշտ ասում էր՝ իմ փոքրիկ կուկուն: Նրան այդպես էր դիմում: Երբևէ խնդիր չի եղել նրանց միջև: Անին հարուստ էլ չէր, որ գողանալու ինչ-որ բան լիներ նրա բնակարանից: Երբ դեռևս չէր աշխատում, հաղորդմանը չէր մասնակցում, միշտ օգնում էինք իրար, ինչով կարողանում էինք: Իսկ երբ նեղության մեջ էր հայտնվում, Արտաշատ էր գնում՝ մոր մոտ, կամ էլ եղբայրն էր Մոսկվայից գումար ուղարկում»:

Սպանվածի ընկերուհին հայտնեց, որ Անիի ընտանիքում ավանդույթի պես բան էր դարձել այն, որ նրա մայրն ամեն առավոտ 09:00-ին զանգահարում էր դստերը, և Անին որքան էլ զբաղված լիներ, մոր զանգերն անպատասխան չէր թողնում: Եվ ահա, դեպքի օրը մայրը զանգահարել է, իսկ դուստրը չի պատասխանել. «Մոր սիրտ է, զգացել է, որ ինչ-որ բան այն չէ: Սիրտը վկայել է, որ Անին փորձանքի մեջ է ընկել: Եղբոր հետ էլ այսօր եմ խոսել, նա էլ չի կարողանում հասկանալ՝ ով կարող էր նման բան անել: Հիմա բոլորս ենք շոկի մեջ»:

Մեր զրուցակցի կարծիքով, կատարվածն Անի Մաջնունյանի գործունեության հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ, քանի որ հաճախորդներն անգամ ընկերանում էին նրա հետ. «Ինքս միշտ թերահավատորեն են վերաբերվել այդ գուշակություններին և այլն: Միշտ նրան ասում էի՝ ինչիդ է պետք այդ գործը, թող դա, և երբեք նրան չեմ ասել՝ բախտս նայի: Վստահ եմ, որ ամեն ինչ կբացահայտվի»,- եզրափակեց Մարինե Բունիաթյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը զուգորդված է եղել ավազակային հարձակմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Անի Մաջնունյանին հասցվել է դանակի 58 հարված, իսկ հանցագործը դանակի շեղբը թողել է զոհի մարմնում: Էքստրասենսի բնակարանն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։

Հիշեցնենք նաև, որ հարևանները դեպքի պահին որևէ աղմուկ կամ օգնության կանչեր չեն լսել:




Լրահոս