Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում է, որ ավարտվել է օբյեկտիվ քննության նպատակով Հատուկ քննչական ծառայություն ուղարկված՝ խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձի գործով նախաքննությունը:
Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում դեռևս 2007 թվականին տեղի ունեցած սպանությանը: Հիշեցնենք, որ գյուղապետ Կամո Գրիգորյանի եղբորորդին՝ Սմբատ Գրիգորյանը, սպանության մասնակից էր դարձել, ապա փախել երկրից: Գյուղապետն ու եղբայրը տարիներ շարունակ խնամքով թաքցրել էին հանցագործին, սակայն նախորդ տարի ամեն ինչ ջրի երես դուրս եկավ:
Ըստ վարույթն իրականացնող մարմնի պաշտոնական հաղորդագրության, Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ճանապարհին, խուլիգանական դրդումներով, փորձել է երկու և ավելի անձանց՝ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Դեպքի առթիվ 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Սմբատ Գրիգորյանին խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել, ու վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
2014 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Գրիգորյանը հայտնաբերվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Հիշյալ քրեական գործով մեղադրյալի հայտնաբերվելուց հետո, շուրջ 1 տարի նախաքննությունը կատարվում էր ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի քննչական բաժնում:
Այնուհետև գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սմբատ Գրիգորյանը 2007 թ. հունվարի 31-ին` ժամը 20:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով երթևեկելիս՝ նկատել է համագյուղացիներ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին, Վահագն Հակոբյանին: Գառնիկ Սողոմոնյանի կողմից, իբր, իր ուղղությամբ «շեղ հայացք նետելու» պատճառաբանությամբ մեքենան կանգնեցրել է ճամփեզրին, մոտեցել է վերջինիս և որպես պատրվակ օգտագործելով նշված չնչին առիթը՝ վիճաբանության է բռնվել Գառնիկ Սողոմոնյանի հետ:
Վիճաբանության ընթացքում Սմբատ Գրիգորյանը, չբավարարվելով Գառնիկ Սողոմոնյանի և վեճին միջամտած Սերյոժա Գևորգյանի բազմաթիվ պնդումներին, որ իրեն ոչ ոք շեղ չի նայել, նա, ծեծկռտուք հրահրելու և խուլիգանական դրդումներով հիշյալ անձանց սպանելու դիտավորությամբ՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով ապօրինաբար Գառնիկ Սողոմոնյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով հարվածել է նրա կյանքի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դրանից հետո Ս. Գրիգորյանն իր միասնական հանցավոր մտադրության իրականացումն ավարտին հասցնելու միտումով` թիկունքից մոտեցել է Սերյոժա Գևորգյանին և ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նույն գործիքով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:
Սմբատ Գրիգորյանը նույն գործիքով հարվածել է նաև միջադեպը կանխելու փորձ կատարող Վահագն Հակոբյանի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Սմբատ Գևորգյանին չի հաջողվել հանցանքն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սերյոժա Գևորգյանի, Գառնիկ Սողոմոնյանի և Վահագն Հակոբյանի փոխադարձ իրար օգնելուն ուղղված գործողություններով նրանց հաջողվել է խուսափել մահացու հարվածներից և փախուստի դիմել դեպքի վայրից:
Այսպիսով, ՀՔԾ-ում ավարտվել է Սմբատ Գրիգորյանի կողմից խուլիգանական դրդումներով երկուսից ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: