Մահացած անձանց ժառանգների ի հայտ չգալու դեպքում նրանց հատկացված բնակարանները ենթակա են ազատման. Նարեկ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում հավանության է արժանացել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ներկայացրած՝ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և շահառու ճանաչված, սակայն արդեն մահացած միայնակ ծերերի բնակարանների՝ նոտարի կողմից ժառանգություն ճանաչելուց հետո ժառանգներին փոխանցելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախարարը նշել է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում 2012 թվականին կառուցված շենքերից բնակարան ստացած և բնակարան ստանալուց հետո մահացած անձանց հատկացված բնակարանների նկատմամբ իրավահաջորդության հետ կապված հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ: Գույքի տիրապետումը ստանձնած անձանց մահվան դեպքում (եթե բնակարանը ստացել է մեկ անձով, կամ եթե բնակարան ստացած բոլոր անձինք մահացել են) նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրի կնքման նվիրառուի իրավունքը վերապահվում է մահացածի ժառանգությունն ընդունած ժառանգներին՝ ժառանգության իրավունքի վկայականի համաձայն իրենց անցած բաժնեմասին հավասար:

Տեղեկացնենք, որ բնակարանները ժառանգներին են հատկացվելու բնակարանն իրենց հատկացնելու վերաբերյալ քաղաքաշինության նախարարություն ներկայացված դիմումի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու փաստը հաստատող փաստաթղթի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության և նրանց միջև կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա, մահացած անձի կողմից մինչև բնակարանը ստանալը զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը բնակությունից ազատելու և քանդելու պայմանով:

Մահացած անձանց ժառանգների ի հայտ չգալու դեպքում նրանց հատկացված բնակարանները, ենթակա են ազատման (առանց օրինական հիմքերի զբաղեցված լինելու պարագայում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:




Լրահոս