Այսօր Կոնսանտին Ստանիսլավսկիի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի ռեֆորմիստ Կոնստանտին Ստանիսլավսկիի մահվան  օրն է:  Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ ռուսական ընտանիքում։ Ընդունել է Ստանիսլավսկի կեղծանունը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։ Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը՝ Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թվականից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։

1878–81 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1888 թվականին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն (Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլ դերեր։

Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք։ Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։ Ստանիսլավսկին 1898 թվականին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, բեմադրել առաջին ներկայացումն՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։

Մոսկվայի գեղարվեստական թատրոնի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է Անտոն Չեխովի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը՝ Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ՝ բացահայտելու մարդու ներաշխարհը։

Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։ Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։




Լրահոս