Armenian text to speach

Մի կողմից խոսում են կառավարության հանդեպ վերահսկողության մեծացման կարևորության մասին, մյուս կողմից` սահմանափակում այն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս օրերին սահմանադրական փոփոխությունների քարոզչությամբ զբաղված հանրապետականների հիմնական փաստարկներից մեկն այն է, որ խորհրդարանական կառավարման համակարգն անհամեմատ ավելի արդյունավետ է, քանի որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին թույլ է տալիս լիարժեք վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ: Իհարկե, դա այդպես է, համենայնդեպս, դասական խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում:

Եվ այն, որ նոր Սահմանադրության նախագծում առկա որոշ դրույթներ փոքր-ինչ սահմանափակում են այդ հնարավորությունը, թերեւս չպետք է կասկածի տակ դներ ՀՀԿ-ականների հիմնավորումները, եթե չլինեին դրան հակասող օրենսդրական նախաձեռնությունները` նույն ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արփինե Հովհաննիսյանի եւ Խոսրով Հարությունյանի հեղինակած նախագծին, որով առաջարկվում է սահմանափակել պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակը: Կառավարության կողմից երեկ հավանության արժանացած այս նախագծով առաջարկվում է հարցերին պատասխանելու համար տրամադրել մինչեւ 6-ական րոպե, իսկ արձագանքելու համար՝ մինչեւ 2-ական րոպե:

Այսպիսով` ստացվում է, որ մի կողմից վերահսկողության մեծացման կարեւորությունը որպես փաստարկ ներկայացնելով` ՀՀԿ-ականներն առաջարկում են փոխել Սահմանադրությունը, մյուս կողմից փորձում են սահմանափակել այդ վերահսկողության դրսեւորման ամենակարեւոր հրապարակային հնարավորությունը` սահմանելով Կառավարության անդամների պատասխանների առավելագույն տեւողություն: Ինքնին հասկանալի է, որ այս նախագծի կյանքի կոչման դեպքում ցանկացած անցանկալի հարցին ի պատասխան՝ այս կամ այն նախարարը կսկսի նախ մի «հինգ րոպե» ջուր ծեծել, մի կես րոպե «կմկմալ», եւ երբ ստիպված կլինի անցնել բուն պատասխանին, հոպ, ժամանակը կսպառվի:

Առանց այդ էլ այսօրվա դրությամբ Աժ-ում ներկայացված փոքրաթիվ ընդդիմության համար Կառավարության անդամների հետ հարցուպատասխանները հանդիսանում են ազդեցության այն եզակի գործիքներից մեկը, որոնցից գործադիրի ներկայացուցիչները փոքր-ինչ ձգվում են: Ուստի առնվազն համոզիչ չէ նախագծի հեղինակիների ներկայացրած հիմնավորումը. «ԱԺ օրակարգի հագեցվածության» եւ «ժամանակի առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտության» մասին: Թեեւ եթե հաշվի առնենք նույն Խոսրով Հարությունյանի որդու զբաղեցրած պաշտոնը, Արփինե Հովհաննիսյանի եւ Վահրամ Բաղդասարյանի` վարչապետի հետ ունեցած մտերմությունը, ամեն ինչ հասկանալի կդառնա:

Մնում է, որ ՀՀԿ-ականները կարողանան բացատրել, թե ինչու են սահմանափակում պատգամավորների կողմից գործադիրի նկատմամբ հրապարակային վերահսկողության ինստիտուտը` դրան զուգահեռ կոկորդ պատռելով խորհրդարանական համակարգի անցման անհրաժեշտության մասին:




Լրահոս