Սահմանադրական բարեփոխումները տապալելու նպատակով ստեղծված «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը համագործակցություն է սկսել հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ:
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում հնարավոր է ակցիաներ իրականացվեն. «Եթե մի փուլից հասկանանք, որ մեր ուժերը բավարարում են հանրահավաք անցկացնելու համար` կանցկացնենք հանրահավաքներ»:
Armlur.am-ն այս թեմայով զրուցեց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արշակ Մուսախանյանի հետ:
-Արշակ, Ձեր նախաձեռնությունը պայքարում է Սահմանադրական բարեփոխումների դեմ: Մինչ այս ի՞նչ քայլեր են արվել ձեր կողմից:
-Մինչ այս հանդիպումներ ենք ունեցել հասարակական կազմակերպությունների հետ ու հանրային կարծիք ձևավորող անհատների հետ: Հանդիպել ենք Հայ Ազգային Կոնգրեսի հետ, Հիմնադիր խորհրդարանի հետ, վերջերս նաև «Ոչ թալանին» նախաձեռնության հետ և նմանատիպ հանդիպումներ լինելու են: Նաև աշխատել ենք միջազգային կառույցների հետ, կոնսուլտացիաներ ենք անցկացրել:
– Ձեր պայքարը հատկապես, ո՞ր ուղղությամբ եք ծավալում: Համագործակցու՞մ եք «Ոտքի Հայաստան», «Ոչ թալանին» նախաձեռնությունների հետ:
-Մենք կոնսուլտացիաներն անցկացնում ենք հասկանալու համար իրենց դիրքորոշումները: Եթե մենք ընդհանուր համաձայնություններ ենք ունենում, ապա ձևավորում ենք համագործակցություն մի պլատֆորմ, որ հետագայում անցնենք միասնական գործողությունների: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել՝ ում հետ մենք կոնսուլտացիաներ ենք անցկացրել, համարյա բոլորի հետ մեր կարծիքները համընկնում են` պետք է տապալել Սահմանադրական փոփոխությունները: Դա նշանակում է, որ մենք բոլորի հետ համագործակցելու ենք:
-Տեղյակ եմ, որ դուք համագործակցում եք նաև ՀՀ դեսպանատների հետ: Այժմ համագործակցությունն ի՞նչ փուլում է գտնվում:
-Մենք դեսպանատների հետ չենք համագործակցում: Նախատեսվում է միջոցառում, որին պետք է հրավիրված լինեն նաև դիվանագիտական ներկայացուցիչներ և մենք կփորձենք մեր կարծիքը հայտնել նրանց, որպեսզի իմանան ինչու և ինչ միջոցներով ենք փորձում տապալել Սահմանադրական փոփոխությունները: Դա երկխոսություն է, կոնսուլտացիաներ, բայց համագործակցություն բառը մի քիչ տեղին չէ այս կոնտեքստում:
-Հնարավո՞ր կլինի ձևավորել միասնական ճակատ և թույլ չտալ, որ անցկացվեն Սահմանադրական բարեփոխումները:
-Ես համողված եմ, որ հնարավոր կլինի: Իմ տպավորությունն է այդպիսին: Համենայնդեպս ում հետ հանդիպել ենք բոլորը լցված են հույսով, կարդացել են նախագիծը ու հասկացել, որ դա շատ վտանգավոր է Հայաստանի պետականության ու ժողովրդավարության համար: Բոլորը մարտական են տրամադրված և բոլոր ոչ արտահայտողները կարող են միավորվել և մեծ ճակատ կազմել: Ես համողված եմ:
-Սահմանադրական բարեփոխումների հրապարակված յոթ գլուխները արդեն ուսումնասիրե՞լ եք: Ի՞նչ վիճահարույց կետեր եք գտել:
-Իհարկե ուսումնասիրել ենք: Մինչ այդ կանխատեսում էինք, որ Սերժ Սարգսյանը փոփոխությունները նախաձեռնում է իր իշխանությունը վերարտադրելու համար և ՀՀԿ քաղաքական մոնոպոլիայի համար և երբ մենք ուսումնասիրեցինք նախագիծը, կետ առ կետ հստակեցվեց, որ մենք ճիշտ էինք, մեր գուշակությունները ճիշտ էին:
– Գործնական ի՞նչ քայլերի սպասենք «Չեք անցկացնի» նախաձեռնությունից:
-Մենք հիմա այնպիսի փուլում ենք, որ փորձում ենք հասկանալ պայքարի ինչ ռեսուրսներ ունենք: Հասկանալուց հետո մենք կանցնենք խաղաղ հրապարակային գործողությունների: Հնարավոր են ակցիաներ իրականացվեն: Եթե մի փուլից հասկանանք, որ մեր ուժերը բավարարում են հանրահավաք անցկացնելու համար` կանցկացնենք հանրահավաքներ:
Արփինե Թովմասյան